Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. Եվրոպական Միությանն անդամակցելը զարգացման լավագույն հնարավորությունն է

Հոկտեմբեր 18,2012 14:31

Այսօր Հայաստանում Ֆրանսիական համալսարանում Հայաստանում Եվրամիության (ԵՄ) պատվիրակության նախաձեռնությամբ ԵՄ փորձագետ Նիլս Թգրսենը դասախոսություն կարդաց՝ «Եվրոպան և աշխարհը` եվրոպամերձ տարածքների շեշտադրմամբ» թեմայով:

Նշենք, որ ազգությամբ դանիացի փորձագետը ստացել է քաղաքագետի կրթություն, ուսումնասիրել միջազգային իրավունք եւ  դասավանդել եվրոպական մի շարք կառույցներում:

Առաջնահերթ Թգրսենը ուսանողների համար  մեկնաբանեց «Եվրոպա-Եվրամիություն» հասկացությունը. «Եվրամիությունը, որպես կառույց, իր տարածքում գտնվող երկրների միջեւ համագործակցության հիմք է հանդիսանում: ԵՄ-ն, այսպես ասած, որոշել է, որ Եվրոպայի տարածքում այլեւս չպետք է լինեն քայքայիչ պատերազմներ, ինչպես Երկրորդ համաշխարհայինն էր: Ներկայումս մարդիկ մոռացել են այդ արյունալի պատերազմի մասին, որովհետեւ սովոր են ապրել խաղաղության պայմաններում: Դժվար է պատկերացնել, որ Գերմանիան հանկարծ պատերազմ կսկսի Ֆրանսիայի դեմ, կամ Իտալիան՝ Հունաստանի: Պատական չէ, որ վերջերս ԵՄ-ն Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացավ, քանի որ կառույցը հետամուտ է խաղաղության ամրապնդմանը»:

Ինչպես հայտնի է, ԵՄ-ն այժմ ունի 27 անդամ-երկիր. «2013թ.-ին պատրաստվում է անդամակցել նախկին Հարավսլավիայի տարածքում ձեւավորված Խորվաթիան: Այդպիսով՝  ԵՄ-ն բնակչության թիվը կհասցնի 508 միլիոնի: Հարավսլավիայի քայքայումից հետո առաջացած եւս մի քանի պետություն ցանկանում է անդամագրվել, բայց դա տեղի կունենա այն ժամանակ, երբ վերջիններս կգործեն խաղաղության պայմաններում: Բոլորն էլ գիտակցում են, որ ԵՄ անդամ լինելը զարգացման լավագույն հնարավորությունն  է, քանի որ կառույցն ունի ամենամեծ տնտեսական շուկան եւ հանդիսանում է արտահանող ու ներկրող «երկիր»: Համընդհանուր տնտեսության եւ խաղաղության վրա են հիմնվում Եվրոպայի արտաքին հարաբերությունները: ԵՄ-ն պատասխանատու չէ արտաքին քաղաքականության համար, քանի որ դա անդամ-պետության ներքին խնդիրն է: ԵՄ-ի համընդհանուր արտաքին քաղաքականությամբ հանդերձ՝ որոշ երկրներ ունեն իրենց հստակ մոտեցումները»,-ասաց Նիլս Թգրսենը:

Ներկայացնելով ԵՄ-ի որգեդրած քաղաքականությունը՝ նա նշեց, որ մշակվել եւ կնքվել են գործընկերության մի շարք պայմանագրեր. «Միայն «այո» ասելով ոչինչ չի որոշվում, համագործակցել ցանկացող երկրները պետք է փաստացի ստորագրեն պայմանագիրը: Առաջիկայում նախատեսվում է գագաթաժողովներ անցկացնել աշխարհի «խաղացող» երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի հետ՝ համագործակցության եզրեր գտնելու համար: Իսկ համաձայնագիր ստորագրած մի շարք երկրներ՝ Լատվիան, Լիտվան եւ Չեխիան արդեն իրականացնում են բարեփոխումներ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031