Մայրենի լեզուի այսօրուայ տագնապայարոյց վիճակը ստիպում է դիմել յատկապէս Ձեզ՝ բանասիրական կրթութեամբ նախագահիդ, որովհետեւ, ըստ մեր Սահմանադրութեան, Հայաստանի Հանրապետութեան կեանքի բոլոր ոլորտներում իրականացուող գործառոյթները պէտք է կատարուեն հայերէն լեզուով, իսկ Սահմանադրութեան պահանջների կատարման երաշխաւորը նախագահն է: Հետեւաբար, այս հարցում ցայսօր չբացատրուած թերացումները դառնում են հարցապնդումների առարկայ:
Պարոն նախագահ, Դուք բազմիցս անդրադարձել էք երկրի արտաքին ու ներքին քաղաքականութեան հիմնախնդիրներին, իսկ վերջերս առաւել սրութեամբ դնում էք հայրենիքում տիրող բացասական (նեգատիւ) երեւոյթների վերացման հարցերը: Սակայն Ձեր տեսադաշտից դուրս է մնում ազգապահպանման, հայրենապահպանման հիմքը հանդիսացող ամենակարեւոր գործօնը՝ լեզուապահպանման հարցը: Հայերէնի գրական լեզուն ոչ միայն չի կատարելագործւում ու ծաղկում, այլեւ գռեհկանում եւ նահանջում է լեզուագիտական աշխարհում ճանաչուած իր բարձունքներից: Որպէս վերջին օրինակ, նշենք Երեւանի պետական համալսարանում դեկտեմբերի 5-ին սկսուած գիտաժողովը՝ «Կովկաս-Կասպիական էթնիկ ժողովուրդները» թեմայով, ուր արգելուել է այդ միջոցառման ժամանակ որպէս աշխատանքային լեզու գործածել հայերէնը: Մինչդեռ, 1600 տարի շարունակ հայերէնով գրուած (իհարկէ դասական ուղղագրութեամբ) եւ մեզ հասած` համաշխարհային արժէք ներկայացնող գրական, պատմական, փիլիսոփայական, աստղաբաշխական, բժշկական, մաթեմաթիկական եւ այլ գիտական կոթողային աշխատանքները վկայում են հնդեւրոպական լեզուաընտանիքի ամենակատարեալ եւ անաղարտ մնացած հայերէն լեզուաճիւղի կատարելութեան, ճոխութեան եւ անսահման հնարաւորութիւնների մասին, որին «Չի կարող հաւասարուել ոչ մի եւրոպական լեզու» (Անթուան Մեյէ): Մի լեզու, որը «…Լեզուներու մէջ բացառիկ է…նախ՝ որպէս զարմանալի տրամաբանական լեզու, ապա նաեւ՝ իր ճկունութեամբ, նոր բառեր կազմելու դիւրութիւններով» (Ֆրեդերիկ Ֆէյտի): Թէեւ օրուայ հրատապ խնդիր է դարձել մեր մայրենի գրական լեզուի վերակենդանացման (ռեանիմացիայի) հարցը, սակայն ունենք այն տպաւորութիւնը, որ նախագահը, Ազգային ժողովը, կառավարութիւնը փաստօրէն առայժմ չունեն լեզուական քաղաքականութեան մշակուած հայեցակարգ եւ յստակ գործողութիւնների ծրագիր: Իսկ եթէ այդ ծրագիրը օտարալեզու դպրոցներն են, ապա մոռացէք ոչ միայն սփիւռքը հայ պահելու մասին Ձեր հռչակած վարդապետութեան (դոկտրինայի) մասին, այլ նաեւ հայախօս Հայաստանի յետագայ գոյութեան մասին, որովհետեւ այս ընթացքով գնում ենք դէպի օտարախօս (ենթադրենք ռուսախօս կամ անգլախօս) մի պետութեան, որը օտարներին վաճառելով բնական հարստութիւնները, հողը, ենթակառուցուածքները, թերեւս կ’ունենա՛յ զարգացած տնտեսութիւն, բայց ոչ ազգային լեզու եւ մշակոյթ: Սփիւռքում սկսւում է ամրապնդուել այն համոզումը, որ մեր լեզուն այսօր տէր չունի եւ հայրենիքը իր ժարգոնային ու օտարախառն հայերէնով շուտով կը դադարի հայապահպանման համար որպէս հենարան նկատուել: Հետեւողական համառութեամբ չի հրաւիրւում լեզուի (եւ նրա ուղղագրութեան) հարցերով համահայկական համաժողով, որովհետեւ լեզուական խնդիրների (նաեւ միասնական ուղղագրութեան) հարցը վախենում են համազգային քննարկման առարկայ դարձնելուց եւ փոխարէնը «Դարձել է որոշ լեզուաբանների համար սեփականաշնորուած մենատիրութիւն» (Լեւոն Մկրտչեան): Այսպիսով, լեզուի զարգացման տնօրինողն ու տէրը ազգի մի հատուածն է միայն, որը ի հեճուկս ազգի միւս հատուածի, ընդունեց ազգավնաս եւ հակագիտական ինքնուրոյն որոշումներ, ինչպէս օրինակ՝ 1922թ. աբեղեանական «ռեֆորմ»-ը եւ դրա՝ 1940թ. գուրգէնսեւակեան կիսատ-պռատ շտկումները, եւ դրանց արդիւնքում ընդունուեցին եւ օրինականացուեցին խեղագրուած ուղղագրութիւնը, դասական բառապատկերների աղաւաղումն ու դրանց քերականական համապատասխան «կանոնարկումները»: Մեկուսացնելով միւս հատուածին եւ հաշուի չառնելով նրա կարծիքը, սկզբնաւորուեց մի ուղի, որը ազգի երկու հատուածներին տանում է դէպի տարբեր եւ ինքնուրոյն ազգերի ձեւաւորման: Այսօր մոռացուել է, որ լեզուն, իր արեւմտահայ եւ արեւելահայ գրական ճիւղերով՝ համազգային արժէք է, մեր միակ այն հարստութիւնը, ինչը չկարողացան մեզնից խլել մեր երկիրը նուճողներն ու մշակութային արժէքները ոչնչացնող թշնամիները: Մենք այսօր մեր լեզուն յանձնում ենք օտարներին (անկախ այն որակումից, որ նրանց կոչում ենք բարեկամ եւ մեծ երկրներ) այս հարցի նկատմամբ անտարբերութեան ու անսկզբունքայնութեան շնորհիւ: Մի՞թէ Դուք համաձայն էք, որ լինէք աշխարհի ծագման սկզբից մինչեւ այսօր յարատեւած ու պետական-պաշտօնական կարգավիճակով հայոց լեզու ունեցած մեր երկրի վերջին կառավարողները եւ մօտիկ ապագայում օտարախօս դարձած վասալ երկրի հիմնադիրները: Քանզի՝ չկայ լեզուն՝ չկայ հայրենիքը: Վատ չէ, որ մենք օտարասէր ենք, բայց օտարասիրութիւնից մինչեւ օտարամոլութիւն՝ կէս քայլ է միայն:
ՆՇԱՆ ՈՐԲԵՐԵԱՆ
Կարդացեք նաև
ԱՄՆ, 7 հոկտեմբեր 2012
«Առավոտ» օրաթերթ