Հոլանդացի կոմպոզիտոր Ռոլֆ Ստրավերը՝ դասական արվեստի «խութերի» մասին
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, բացի «պլանային» համերգներից, կազմակերպում է նաեւ կամերային երեկոներ: Այս առիթով նվագախմբի տնօրեն Ռուզան Սիրունյանը հայտնեց, որ իրենց նպատակը երաժիշտներին հնարավորություն ընձեռելն է՝ հանդես գալու կամերային կազմի տարբեր անսամբլներով եւ հայ երաժշտասերին ծանոթացնելը մեզանում առաջին անգամ կամ գուցե հազվադեպ կատարվող հիշյալ ժանրում աշխարհին հայտնի կոմպոզիտորներին ու նրանց ստեղծագործություններին:
Այսօր Գրողների միության տան դահլիճում կկատարվեն հոլանդացի կոմպոզիտորներ Լուի Անդրիսենի եւ Ռոլֆ Ստրավերի երկերը: Հայաստան է ժամանել միայն Ստրավերը, ում հետ էլ հանդիպեց «Առավոտը»:
Կոմպոզիտորն ասաց, որ իրեն հիմնականում նվիրել է կամերային եւ վոկալ ժանրերում ստեղծագործելուն՝ հնարավորինս օգտագործելով դասական կիթառը: Շեշտեց, թե աշխարհում չի հանդիպել գոնե մեկին, ով չի սիրում կիթառ ու հավելեց. «Սա ինտիմ, հրաշալի գործիք է: Ցավում եմ, որ երաժիշտներից շատերը չգիտեն նույնիսկ, որ կան գործեր՝ գրված կիթառի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար: Դրանցից կառանձնացնեի բրազիլացի Վիլա Լոբուսի եւ իսպանացի Խովակիմ Ռոդրիգոյի երկերը: Ասեմ, որ Երեւանի կոնսերվատորիայի շրջանավարտ, կիթառահար Ժորա Սարգսյանը, ով ուսանում է Գերմանիայում, իբրեւ դիպլոմային աշխատանք կներկայացնի Ռոդրիգոյի կոնցերտը: Ի դեպ, Հայաստանի ու հայերիդ հետ ինձ կապողը հենց Ժորան է: Երիտասարդն իսկապես վիրտուոզ կիթառահար է, ում հետ ես համագործակցում եմ: Կայանալիք համերգում էլ կամերային անսամբլներում ընդգրկված են հայ երաժիշտներ ու քանի որ ժամանակին Հոլանդիայի, ապա շուրջ 30 տարի առաջ Լենինգրադի կոնսերվատորիայում իբրեւ երաժշտագետ ուսանելու տարիներին հասկացել եմ մի բան՝ խորհրդային բարձրագույն երաժշտական ուսումը բարձրակարգ է աշխարհում, դուք էլ դրա կրողն եք մինչ օրս, հետեւաբար կասկած չունեմ, որ հայ երաժիշտների մատուցմամբ երկերս կհուզեն հանդիսականին»:
Մեր զրուցակիցը փաստեց, որ ԽՍՀՄ-ում կարծես «քաղաքականություն» կար՝ երաժշտարվեստի ցանկացած ժանրում առաջնությունը տալ մեղեդային գծին, ինչը մոդեռնը մղել է հետին պլան: Պարոն Ստրավերի հավաստմամբ՝ ով Նեյմեգենի համալսարանի մենեջմենթի պրոֆեսոր է, երիտասարդները գլուխները կորցրած ձգտում են միլիոնատեր դառնալ, մոռանալով մի կարեւոր հանգամանքի մասին. ցանկացած ոք առաջին հերթին պետք է իր առջեւ դնի նպատակ: Արվեստագետն ասաց, որ ինքն ունի մշակված համակարգ եւ ցանկության դեպքում այն կարող է ներկայացնել նաեւ Երեւանի կոնսերվատորիայի ուսանողներին: Ռեպլիկին, թե երիտասարդները տեսնում են, որ, կոպիտ ասած, արվեստով ընտանիք չես պահի, պրոֆեսորն ասաց. «Արդեն տեղեկացված եմ, որ Հայաստանն էլ աշխարհից ետ չի մնում տնտեսական ճգնաժամի, կոռուպցիայի եւ այլ բացասական երեւույթների առումով եւ ուզում եմ ձեզ հանգստացնել, որ երաժիշտներն էլ Եվրոպայում միլիոնատերեր չեն: Միայն շոու- բիզնեսի ներկայացուցիչները կարող են իրենց շռայլություններ թույլ տալ… Կային ժամանակներ, որ ես ճանաչված շատ երաժիշտների իմպրեսարիո էի: Նրանք ինձ հարգելով՝ ցածր հոնորարներով հյուրախաղերի էին ժամանում Հոլանդիա: Տեսեք, իմ երկրում շուրջ 1500 հանդիսականի համար նախատեսված դահլիճի վճարը 4000 եվրո է, կամերային դահլիճինը՝ 1300: Ճիշտ է, կամերային համերգներից ստացվում էր, ասենք՝ 4500 եվրո եկամուտ, բայց գովազդի համար այնքան գումար էր ծախսվում, որ մենակատարին մնում էր ընդամենը մի 1000 եվրո: Դասական արվեստի ներկայացուցիչներիս մնում է հուսալ, որ մեզ համար էլ դեռ կգան երանելի ժամանակներ»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ