Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10.30, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում կմեկնարկի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի կողմից կազմակերպվող Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական յոթերորդ նստաշրջանը՝ նվիրված Տ. Չուխաճյանի ծննդյան 175-ամյակին:
Եռօրյա նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու են ինչպես ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի, այնպես էլ հանրապետության այլ գիտակրթամշակութային օջախների (Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Երևանի պետական համալսարան, Մատենադարան) երիտասարդ գիտնականները: Ծրագրին մասնակցելու են նաև Իրանի Իսլամական Հանրապետության,Գերմանիայի, Ռուսաստանի Դաշնության երիտասարդ արվեստաբանները:
Նստաշրջանի ընթացքում կհնչեն արվեստի տարբեր բնագավառներին նվիրված զեկույցներ՝ ՙԳառզուի բեմանկարչությունը. «Էդեմից հետո» բալետը՚, ՙՀայկական թեմայով արևմտյան ֆիլմերի ազդագրերը՚, ՙՀայ կոմպոզիտորների կամերային-գործիքային նոր ստեղծագործությունները՚, ՙԿոմպոզիցիայի հարցերն Ատոմ Էգոյանի ֆիլմերում՚, ՙՄիջնադարյան որոշ զարդաձևեր Տայքի 10-11-րդ դդ. ճարտարապետական հարդարանքներում՚, ՙՇուշիի երաժշտական կյանքը՚ և այլն։
Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական յոթերորդ նստաշրջանն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն