Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անդրանիկին թողել են իրավազուրկ վիճակում

Հոկտեմբեր 18,2012 13:48

Անդրանիկ Իսրայելյանի փախստականի կարգավիճակը վերականգնելու մասին հայցը ՀՀ վարչական դատարանում մերժվեց: Անդրանիկը նույնպես թյուրիմացության հետեւանքով տուժած փախստականներից էր, որի փախստականի կարգավիճակը դադարեցվել էր ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության (այսուհետ՝ ՄՊԾ) կողմից:

ՄՊԾ-ն դադարեցնելով Անդրանիկի փախստականի կարգավիճակը՝ թողել էր նրան իրավազուրկ վիճակում: ՄՊԾ-ի կայացրած որոշումն Անդրանիկը կարող էր բողոքարկել վարչական դատարանում: Այդ իսկ պատճառով նա հայց էր ներկայացրել ընդդեմ ՄՊԾ-ի կայացրած որոշման, այն է՝ անվավեր ճանաչել ՄՊԾ-ի կայացրած որոշումը փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին եւ կայացնել բարենպաստ վարչական ակտ՝ վերականգնել նրա փախստականի կարգավիճակը ՀՀ-ում:

Բոլորովին վերջերս «Առավոտն» անդրադարձել էր Անդրանիկի հայցով դատական քննությունների լուսաբանմանը: Հիշեցնենք, որ Անդրանիկի՝ ամիսներ շարունակ ընթացող դատական քննություններն անցկացվել են առանց պատասխանող կողմի ներկայացուցչի ներկայության, սակայն դա իր հերթին խոչընդոտ չի եղել դատական քննությունների կայացմանը: Հայցվորի ներկայացուցիչ Աշխեն Եսայանը ներկայացրել էր բոլոր փաստական ապացույցները, որոնք անհրաժեշտ էին դատական քննություններին պատշաճ ներկայանալու համար, սակայն անգամ այդ պարագայում՝ դատարանը վճռեց մերժել: Որպես փաստ, ներկայացվել էր Անդրանիկի՝ Ադրբեջանից Հայաստան բռնագաղթվելը՝ ծնողների հետ միասին, 1989 թվականին, այն, որ նա եւ իր ընտանիքի մյուս անդամները Հայաստան բռնագաղթվելուն պես հաշվառվել են որպես փախստականներ, որից հետո Անդրանիկը ստացել է փախստականի վկայական, այդուհետեւ փախստականի կարգավիճակը հաստատող կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ: Հարկ ենք համարում նշել, որ մինչեւ 2011 թվականը նրա փախստականի կարգավիճակը չէր դադարեցվել եւ օրենքով սահմանված կարգով նա Հայաստանում բնակվում էր որպես փախստական: Անդրանիկի փախստականի կարգավիճակը դադարեցվել էր համաձայն 2004 թվականին գործող, իսկ այժմ չգործող «Փախստականների մասին» օրենքով, որտեղ նշվում էր, որ այն փախստական երեխաները, որոնց ծնողները ձեռք են բերել քաղաքացիություն, եւ իրենց 18 տարին լրացած չի եղել, ապա կորցնում են իրենց փախստական լինելու կարգավիճակը:

Փաստացի, 2004 թվականին Անդրանիկ Իսրայելյանը ստացել է կարգավիճակը հաստատող անձնագիր, որը պարբերաբար երկարաձգվել է մինչեւ 2011 թվականը: Նկատենք, որ 2004 թվականի «Փախստականների մասին» ՀՀ օրենքը չի սահմանում, որ փոփոխությունը եւ լրացումը տարածվում է նաեւ մինչ այդ ծագած իրավահարաբերությունների վրա եւ երկրորդ, եթե նույնիսկ տարածվեր, ապա չէր կարող հետադարձ ուժ տրվել անձի վիճակը վատթարացնող նորմին: Ասել է թե՝ յուրաքանչյուր օրենքի մեջ որեւէ փոփոխություն կամ լրացում կատարելուց օրենսդիրը նշում է կարգավորող իրավահարաբերությունների շրջանակը, ինչպես նաեւ, անցումային դրույթներում նշում է, թե, արդյոք, այդ նորմերը տարածվո՞ւմ են մինչ այդ ծագած իրավահարաբերությունների վրա, թե՝ ոչ: Անդրանիկի դեպքում փոփոխությամբ եւ լրացմամբ չի սահմանվել, որ նախատեսվող նորմերը տարածվում են մինչ այդ ծագած իրավահարաբերությունների վրա: Ավելին՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ իրավական այլ ակտերը հետադարձ ուժ չունեն, իսկ Անդրանիկը զրկվել էր բոլոր իրավական նորմերից: ՄՊԾ-ն անվավեր էր ճանաչել նրա փախստականի փաստաթուղթը, որի իրավունքը վերապահված էր Անձնագրային եւ վիզաների վարչությանը (այսուհետ՝ ԱՎՎ), իսկ արդյունքում՝ Անդրանիկը բավական դժվարությունների էր հանդիպել, քանի դեռ այդ հարցը խելացիորեն չկարգավորվեց ԱՎՎ-ի կողմից եւ Անդրանիկին տրվեց փախստականի ճամփորդական փաստաթուղթ: Հավելենք, Անդրանիկ Իսրայելյանը նույնպես բողոքարկելու է Հայաստանի բոլոր դատարաններում՝ փախստականի կարգավիճակը վերականգնելու համար:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031