Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հաշմանդամ երեխային Մարալիկ ուղարկելը նույնն է, ինչ ուղարկել գաղութ»

Հոկտեմբեր 18,2012 13:46

Ասում է երկու հաշմանդամ երեխայի մայր Մերի Մարտիրոսյանը

Երկու հաշմանդամ երեխաների մայր Մերի Մարտիրոսյանն արդեն քանի տարի է՝ իր երկու երեխաների հետ ամեն օր դպրոց է հաճախում: Դասերից հետո տիկին Մերին երեխաներին տանում է սպորտի, դաշնամուրի պարապմունքների, երեկոյան էլ պարտադիր զբոսնում են: Բարձրագույն կրթությամբ այս տիկինը աշխատանքից դուրս է եկել, որպեսզի հատուկ խնամքի կարիք ունեցող իր երեխաներով զբաղվի:

«Եթե ես երեխաներիս թողնեմ ու աշխատեմ, ինչպես որ շատերն են խորհուրդ տալիս, ճիշտ է՝ նրանք կուշտ փորով հաց կուտեն, բայց վաղը ապագա չեն ունենա: Իսկ ապագայի համար կարեւոր է նրանց այսօրվա կրթություն ստանալը, որպեսզի հետագայում կարողանան իրենք ստեղծեն իրենց հացը»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց տիկին Մերին: Նրան, իր հաշմանդամ երեխաներից մեկի՝ 12-ամյա Սիրանույշի հետ հանդիպեցինք նախօրեին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կազմակերպած միջոցառմանը, որտեղ քննարկվում էր մեր երկրի հաշմանդամ երեխաների իրավունքների հարցը: ՄԱԿ-ը հետազոտություն էր անցկացրել ու պարզել, թե մեր երկրում ովքեր եւ ինչպես են ոտնահարում հաշմանդամ երեխաների իրավունքները: Ուսումնասիրության արդյունքները ՄԱԿ-ը տրամադրելու է ՀՀ կառավարությանը, որպեսզի վերջինս հետեւություններ անի ու հասկանա, թե որ ոլորտում ինչի վրա պետք է շեշտը դնի:

Եվ մինչ մեր կառավարությունը քայլեր կձեռնարկի՝ հաշմանդամ երեխաներն ու նրանց ծնողները գրեթե ամեն օր սեփական մաշկի վրա են զգում այն անհարմարությունները, որոնք դժվարացնում են հաշմանդամ մարդկանց կյանքը մեր երկրում:

Տիկին Մերիի դուստրը հենաշարժողական խնդիրներ ունի, որդին՝ 10-ամյա Սամվելը, աուտիկ է: Չնայած հաշմանդամությանը, ինչպես նրանց մայրն է պատմում, երկու երեխաներն էլ շնորհալի են: Սիրանույշը հաճախում է Հեքիմյանի անվան երաժշտական դպրոց եւ մեծ հաջողություններ ունի, տղան էլ բազմաթիվ մրցաշարերի է մասնակցում եւ մրցանակներ շահում: Երկու տարի շարունակ բնակարանի հարցով Մերի Մարտիրոսյանը նամակներ է գրել ՀՀ նախագահին, կառավարություն, վարչական շրջանի ղեկավարին, գործարարներին, սակայն որեւէ մեկը որեւէ հարցով չի աջակցել: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մեկ սենյականոց բնակարան է առաջարկել Մարալիկում, սակայն տիկին Մերիի խոսքերով՝ Մարալիկ տեղափոխվելը վերջ կդնի այդ երեխաների զարգացմանը. «Այսօրվա դրությամբ երկու հաշմանդամ երեխա վերցնել ու գնալ Մարալիկ, դա ինձ համար նույնն է, ինչ գաղութ ուղարկեն: Մենք բուժվում ենք, զարգանում ենք, մշակութային կյանքով ենք ապրում, ինչպե՞ս կարող ենք գնալ Մարալիկ ու մեկուսանալ: Հենաշարժողական խնդիրներ ունեցող հաշմանդամ մարդկանց հասարակություն է պետք, սոցիալիզացնել է պետք, այլ ոչ թե մեկուսացնել: Այսօր մեր երկիրն իր առաջ հաշմանդամին հասարակություն ինտեգրելու խնդիր է դրել: Ռուսաստանում մշակույթով զարգացող մարդկանց Սիբիր էին ուղարկում, մեզ մոտ էլ՝ Մարալիկ: Երբ քարտեզի վրա տեսա, թե դա որտեղ է գտնվում, սարսափեցի. չէ՞ որ ես նամակներում գրում էի, որ երեխաներն այսպիսի զարգացում ունեն, այսպիսի առողջական վիճակում են, որ տղաս աուտիկ է, բայց բավականին զարգացած ուղեղ ունի, ուղարկել նրան Մարալիկ՝ նշանակում է կտրել նրան ամեն ինչից»: Նշենք, որ տիկին Մերին իր երկու հաշմանդամ երեխաների հետ բնակվում է վարձով, նրա խոսքերով՝ վարձով բնակվելը եւ միաժամանակ երկու հաշմանդամ երեխա խնամելը շատ դժվար է առանց պետության աջակցության. երեխաներին տրվող նպաստով մայրը նույնիսկ նրանց սնվելու հարցը չի կարողանում հոգալ: Տիկին Մերիի նամակներին Հայաստան համահայկական հիմնադրամից արձագանքել են. նրա բնակարանի վարձն այժմ հիմնադրամն է վճարում:

Որ հաշմանդամ երեխա խնամելը մարզում ավելի դժվար է՝ «Առավոտի» հետ զրույցում փաստեց Գյումրիում բնակվող Անահիտ Գրքիկյանը: Նրա որդին նույպես հաշմանդամ է: Տիկին Անահիտի խոսքերով՝ հաշմանդամ երեխան, հատկապես՝ մարզում բնակվող, չունի երկրորդական խնդիր. «Նրա բոլոր խնդիրներն առաջնային են: Այս երեխաները զրկված են այն ամենից, ինչ որ տրված է մարդուն նորմալ ապրելու համար: Հենց սկզբից հաշմանդամ երեխան անպաշտպան է, եւ նրա միակ աջակիցն այս երկրում ընտանիքն է: Այս երեխաներին առաջին հերթին անհրաժեշտ է մարդավայել կենսաթոշակ, իրենց վիճակին հարմարեցված բնակարան, որը պետք է լինի գետնի վրա: Ճիշտ է, իմ երեխան հաճախում է հանրակրթական դպրոց, բայց տնային ուսուցում է անցնում, ուսուցիչը գալիս՝ տանն է պարապում: Նախ՝ դժվար է երեխային ամեն օր տեղաշարժելը, քանի որ մեր քաղաքն ու պայմանները հարմարեցված չեն հաշմանդամի համար, բացի այդ՝ հենց այդ դպրոցը պիտի ի վիճակի լինի այդ երեխային ընդունելու: Եթե նույնիսկ դպրոցում պայմաններ են ստեղծել նրա նման երեխաների համար, հաշմանդամ երեխայի դեպքում հարաբերական է պայման ասվածը, երեխան հաստատ 4 ժամ չի նստի դասի, որովհետեւ իրենց համար անհետաքրքիր է այդ միջավայրը: Հաշմանդամ երեխաները սովորական դպրոց հաճախող երեխաների մակարդակին չեն, այդ պատճառով էլ համատեղելիությունը սովորական երեխաների հետ նրանց տհաճություն է պատճառում: Հասարակությունն էլ պատրաստ չէ, եւ հաշմանդամ երեխաներն ավելի շատ են այդ բացը զգում ու կոմպլեքսավորվում»:

Տիկին Գրքիկյանը նաեւ կարեւորեց այն, որ պետությունը տարանջատի հաշմանդամության խմբերը՝ մանկուց անկարողունակ հաշմանդամի ու կարողունակ հաշմանդամի. «Հաշմանդամ կա, որ իրենց ձեռքը-ոտքը կարող են շարժել, իսկ մեր երեխաները անկարողունակ են, ոչ թե չեն կարողանում քայլել, այլ ձեռքերն էլ չեն կարողանում օգտագործել»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031