Կարծում է ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը
«Արդեն գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանն ամեն ինչի պատրաստ է՝ վերարտադրվելու համար: Մնացած քաղաքական ուժերն էլ չեն կարողանում կողմնորոշվել՝ ինչ ձեւով կամ տեսքով մասնակցել նախագահական ընտրություններին, քանի որ մի մասը ֆինանսական խնդիրներ ունի, մյուս մասը՝ ֆինանսներ կորցնելու»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով նախագահական ընտրություններից առաջ հայաստանյան քաղաքական դաշտում առկա իրավիճակին՝ ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: ՆԺԿ-ն, ի դեպ, վերջերս կայացած ակտիվի ժողովում որոշել է հավատարիմ մնալ կուսակցության համագումարի որոշմանը եւ նախագահական ընտրություններին մասնակցել սեփական թեկնածուով՝ ի դեմս կուսակցության ղեկավարի: Հետաքրքրվեցինք՝ վստա՞հ է Արամ Կարապետյանը, որ այս անգամ իրեն կհաջողվի մասնակցել ընտրություններին: «Կարծում եմ, որ իշխանությունն այս անգամ էլ ամեն ինչ կանի, որպեսզի ինձ չգրանցեն, բայց այս ամգամ չգրանցելու շանսերն ավելի քիչ են»,- ասաց նա: Չի՞ պատրաստվում ՆԺԿ-ն դիմել այլ քաղաքական ուժերի՝ իր թեկնածուին սատարելու խնդրանքով, մանավանդ, որ հիմա կարծես բավականին պարարտ հող կա՝ այն առումով, որ շատ քաղաքական ուժեր դեռ կողմնորոշված չեն: «Ես նմանատիպ որեւէ բան անել չեմ պատրաստվում, որովհետեւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ազգային ճակատ ստեղծելու միտք կար, այդ հարցով շատերի հետ հանդիպել եմ, զրուցել. այն ժամանակ պլանավորումը եւ կուսակցական շահերն ավելի առաջ ընկան: Հիմա էլ, կարծում եմ, իրավիճակն այնպիսին չէ, որ այդ քննարկումը գործնական դառնա: Ընթացքը չի երեւում, սպասում են ինչ-որ աշխարհաքաղաքական ուժերի ազդակների եւ այլն: Ժամանակ է պետք: Իրավիճակի էլ ավելի վատթարացման պայմաններում, ինչպես եղել է հայկական ողջ պատմության ընթացքում, մինչեւ ամեն ինչ գլխներիս չթափվի՝ ոչ ոք իր տեղից չի շարժվի, իր շահը մի կողմ չի դնի: Ես սպասում եմ այդ պահին»,- ասաց մեր զրուցակիցը:
ՆԺԿ նախագահը գտնում է, որ եթե Սերժ Սարգսյանին ինչ-որ կերպ հաջողվի վերարտադրվել, երկրում էլ ավելի վատ իրավիճակ է ստեղծվելու, քան հիմա է: Նա համաձայն չէ մեր այն դիտարկման հետ, որ բոլոր ընտրություններից առաջ եւ հետո նման կանխատեսումներ արվում են, բայց կյանքն իր հունով է ընթանում, եւ որեւէ արտառոց իրավիճակ էլ չի ստեղծվում: «Եթե որեւէ մեկը կարծում է, որ 2013-ով ավարտվելու է վերարտադրվելը, չարաչար սխալվում է: 2008-ին շատ բարդ վերարտադրվեց, որ մինչեւ հիմա մեր խելքը գլուխներս չի գալիս: Բայց ես դա նկատի չունեմ: Քաղաքականության մեջ պետք է տարբերակել՝ ի՞նչ են ուզում մարդիկ, եւ ի՞նչ է բերում կյանքը: Ս. Սարգսյանն ուզում է վերարտադրվել, մնալ իշխանության եւ շարունակել այն գործընթացը, որը, ինչպես տեսնում ենք, Հայաստանի համար բերում է ոչ լավ բաների: Մյուս կողմից՝ 2008-ից հետո Հայաստանի վիճակը ռեալ վատթարացել է՝ դեգրադացիայի աստիճանը բարձրացել է, պաշտոնական տվյալներով՝ արտագաղթն ավելացել է: Մուբարաքն էլ 25 տարի մնաց իշխանության, Քադաֆին էլ… այդ մարդիկ վերջում ոչ ոքի պետք չեկան»:
Կարդացեք նաև
Արամ Կարապետյանն ընդդիմության միասնական թեկնածու տեսնո՞ւմ է Վարդան Օսկանյանին՝ «Առավոտի» հարցին էլ ասաց. «Ես ասել եմ՝ սցենարները մի քանիսն են: Ժամանակին այդ սցենարն իսկապես գոյություն ունեցել է եւ քննարկվել է տարբեր տեղերում, ինչքան ես եմ տեղեկացված: Մի բան հստակ կարող եմ ասել, որ այդ սցենարներից մեկն արդեն իրագործվում է. ԲՀԿ-ն կամաց-կամաց զրկվում է պրոռուսական դաշտում իր հեղինակությունից: Այլ հարց է՝ դա ճիշտ է, թե սխալ, բայց մի բանի իշխանությունը հասավ՝ պրոռուսական դաշտում գործող ԲՀԿ-ի Օսկանյանի միջոցով կապելով Ռոնիի եւ մնացածի հետ՝ փորձեց հասնել նրան, որպեսզի ռուսական իշխանությունների աչքում ԲՀԿ-ն վարկաբեկվի»: Արամ Կարապետյանը նաեւ վստահ է, որ Սերժ Սարգսյանի ծրագրի հիմքում ընկած է «պրոռուսական» իշխանություն եւ «արեւմտյան-արեւմտամետ» ընդդիմություն ձեւավորելու հեռանկարը, որի պայքարում իշխանությունը մշտապես հաղթում է: «Միակ դեպքը, երբ Հայաստանում իշխանությունը պարտվել է ընտրություններում, դա եղել է երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի դաշինքը, որն իր բնույթով շատ պրոռուսական էր: Իշխանությունը գիտի, որ աշխարհաքաղաքական հարցերում Հայաստանում միշտ գերակշռում է պրոռուսական մոտեցումը, եւ ամեն անգամ փորձում է այդ սցենարը մեր գլխին խաղացնել»,- ասում է Արամ Կարապետյանը՝ վստահ լինելով, որ Վարդան Օսկանյանի նման մարդը դժվար թե իր հեղինակությանն այդպիսի վնասների գնով փորձեր քաղաքական դիվիդենդներ շահել. «Մի քիչ շատ է՝ 10 տարվա նախարարին բերել եւ փողեր լվանալ, ռեստորաններ, հյուրանոցներ…»: Երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Վարդան Օսկանյանը գրառում էր կատարել՝ փաստելով, որ Հայաստանը փակուղում է: Այդ գրառումից եւ իրավիճակից դուրս գալու համար արված առաջարկներից Արամ Կարապետյանը տպավորություն է ստացել, որ 10 տարի նախարարի պաշտոնը զբաղեցնելուց հետո Վարդան Օսկանյանը վերջապես հասկացել է այն, ինչը հայ ժողովուրդը գիտեր 15 տարի առաջ: Մեր դիտարկմանը՝ չափազանց պարզունակ չի՞ ստացվում նման մոտեցումը, մի՞թե պարոն Օսկանյանն այդքան տարի պաշտոնավարելով եւ ապրելով Հայաստանում՝ այդչափ անհաղորդ էր հայաստանյան իրականությանը, իսկ հիմա հանկարծ միանգամից նրա աչքերը բացվեցին, Արամ Կարապետյանը հակադարձեց. «Դուք իրավացի եք: Այդ պատճառով էլ ես միշտ ասել եմ եւ պնդում եմ՝ Հայաստանի ապագան այն մարդկանց եւ նախագահի ձեռքում է հայտնվելու, որոնք 20 տարի այս իշխանության մեջ չեն եղել»: Ձե՞զ եք ակնարկում՝ «Առավոտի» հարցին այսպիսի պատասխան հնչեց. «Ասացի՝ մարդկանց: Որեւէ մեկը. ես չեմ լինի, ուրիշը կլինի, միեւնույն է՝ այս համակարգից դուրս մարդը միայն կարող է Հայաստանին ռեալ փոփոխություններ բերել»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ