Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» փուչիկները

Հոկտեմբեր 18,2012 13:24

Երեկ միաժամանակ երկու դատավարություն էր ընթանում՝ փուչիկների եւ «Հարսնաքարի», եւ երկուսի վերաբերյալ էլ, ինչպես ասում են, «սիրտս կախ է»: Փուչիկների մասով ես ցավ եմ զգում մեկ տարով դատապարտված խեղճուկրակ մարդու համար, որը, ինչպես կարելի է եզրակացնել դատավճռից, միայնակ է պատասխանատվություն կրում 228 հոգու վնասվածքների համար: Այս գործի կապակցությամբ ՀՀԿ խմբակցության ղեկավարն այսպիսի զուգահեռ է անցկացրել՝ եթե դուք խանութում անորակ կոստյում եք գնել, ո՞վ է դրա համար մեղավոր՝ դո՞ւք, թե՞ վաճառողը: Զուգահեռն, ինձ թվում է, կոռեկտ չէ. եթե ես կոստյում եմ գնում ի՛նձ համար, ապա, այո, դա իմ եւ վաճառողի խնդիրն է: Եթե ես որեւէ ապրանք գնում եմ հազարավոր մարդկանց համար, ապա ես պարտավոր եմ ստուգել այդ ապրանքի որակը եւ անվտանգության աստիճանը: Եթե դա չեմ արել, ապա առնվազն վաճառողի մեղսակիցն եմ: Եվ այստեղ ի հայտ է գալիս երկու հարց: Նախ՝ եթե գնորդը գիտեր, որ ապրանքը վտանգավոր է (այդպես է ասում Սերոբ Բոզոյանը) եւ, այնուամենայնիվ, այն գնել է, ուրեմն նա ավելի մեծ հանցագործ է, քան անբարեխիղճ արտադրողն ու վաճառողը: Երկրորդ՝ եթե նրան տվել են 100 ռուբլի այդ ապրանքը գնելու համար, իսկ նա գնել է 20 ռուբլանոց ապրանք, ուրեմն նա նաեւ խարդախ է: Ինձ չի հետաքրքրում, թե որ կուսակցությունից է այդ գնորդը, բայց քանի որ նա ամբաստանյալի աթոռին չէ, պետք է ենթադրել, որ այդ չբացահայտված անձը (անձինք, կազմակերպությունը) մոտ է իշխանական համակարգին: Այս գործով տուժածները շատ պասիվ են, դրա համար էլ հեշտությամբ հաջողվեց իրականությունը կոծկել եւ պատժել սլաքավարի:

«Հարսնաքարի» գործով աղմուկն ավելի շատ է՝ կան հասարակական ակտիվիստներ, որոնք հետեւում են դատաքննության բոլոր ելեւէջներին: Չնայած դրան՝ այստեղ էլ առանձնապես ոգեւորվելու պատճառներ չկան: Օրինակ՝ երեկ դատախազը ընդամենը «հետաքրքրասիրություն» համարեց տուժող կողմի փաստաբանների միջնորդությունը՝ պարզել` հանցագործությունը կատարած անձինք «Հարսնաքարի» աշխատակիցնե՞րն են, թե՞ ոչ: Ուրեմն մարդիկ գնում են ռեստորան, որտեղ նրանց սպասարկելու փոխարեն ծեծում-սպանում են, սակայն ամենեւին կարեոր չէ՝ սպանողները այդ ռեստորանի աշխատակիցնե՞ր են, թե՞, օրինակ, այցելուներ: Դատավարության նման ընթացքը հուշում է ինձ, որ այստեղ ոճրագործներն իրենց գլուխը կազատեն խորհրդանշական պատիժներով, եւ գործն ամբողջությամբ չի բացահայտվի:

Ի տարբերություն այդ գործին հետեւող հասարակական գործիչների՝ ես չեմ կարծում, որ դատարանի կամ մեղադրողի, կամ դատավորի վրա ճնշում է գործադրվում: Այստեղ, ինձ թվում է, գործում է մտածողության իներցիան: Այդ մարդկանց թվում է, թե իրենց կարող են ինչ-որ մի պահի ճնշել, եւ նրանք, շառից-փորձանքից հեռու, գերադասում են «իրենց ճիշտ պահել»՝ մտածելով, որ այդպիսով կհաճոյանան «վերեւներին»: Գուցե մեկը նրանց բացատրի՞, որ ժամանակները փոխվել են:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031