Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Գասպարին եւ նրա պաշտպանները հանդես եկան ճառով

Հոկտեմբեր 18,2012 13:09

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Վարդգես Գասպարիի դեմ հարուցված քրեական գործով դատական վիճաբանությունների փուլը:

Պաշտպանական ճառերով հանդես եկան Վարդգես Գասպարին, նրա պաշտպանները՝ փաստաբաններ Ռոբերտ Ռեւազյանն ու Մուշեղ Շուշանյանը:

Նրանք անդրադարձան անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին ՀՀ կառավարությա շենքի դիմաց «Բանակն իրականում» կազմակերպության խաղաղ հանրահավաքին, որի ժամանակ Վարդգես Գասպարիի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ «խուլիգանության» համար:

Պաշտպանական կողմը պնդում էր, թե այդ օրվա տեսանյութից պարզ է դարձել, որ Գասպարին որեւէ հանցանք չի կատարել: Գասպարիին մեղադրանք էր հարուցվել, թե նա սեռական բնույթի հայհոյանքներ է տվել, խանգարել «ներկաների հանգիստը»:: Պաշտպան Ռոբերտ Ռեւազյան ասաց, որ իր պաշտպանյալի բառապաշարում ընդհանրապես սեռական բնույթի հայհոյանքներ չկան, եւ եթե մեղադրանքի կողմի նշած բառերը հայհոյանք են դիտվում, ապա դրանով լի է մեր հեռուստաեթերը, պաշտոնատար անձանց արտահայտությունները: Խոսքը «խուլիգան», «հանցագործ», «սրիկա» եւ այլ բառերի մասին էր:

Մեղադրող Արմեն Աֆանդյանը ռեպլիկի կարգով նկատեց, որ չարժե երկար խոսել «հայհոյանքի» մասին, եւ ակնարկեց, որ կարելի է դրա պատասխանը ստանալ բացելով բացատրական բառարանը:

Վարդգես Գասպարիի ճառը տեւեց երկու ժամից ավելի: Նա անդրադարձավ իրեն ոստիկանության Կենտրոնականի բաժին «հրավիրելու», բերման ենթարկելու, իր կողմից «հասարակական կարգը» խախտելու մասին:

Նա պնդեց, որ ասել է.«Թքած ունեմ ձեր հրավերի վրա» արտահայտությունը: Նրա դիտարկմամբ 2 տարի առաջ ոստիկանության բաժին «հրավիրված» եւ խոհանոցի դանակով սպանված Վահան Խալաֆյանին էլ էին «հրավիրել», Լեւոն Գուլյանին էլ, մյուսներին էլ, եւ ինքը «թքած ունի» հենց այս «հրավերների» վրա:

Վ.Գասպարին ասաց, որ հանրահավաքի օրը ինքը «սրիկա», «խուլիգան» արտահայտություններն արել է այն ժամանակ, երբ նախկին ոստիկանապետը՝ Ալիկ Սարգսյանը դուրս գալով կառավարության շենքից, հրմշտել է հանրահավաքի մասնակիցներին, պատռել Լալա Ասլիկյանի ցուցապաստառը, որպեսզի մոտենա իր մեքենային:

Գասպարին մեղադրող կողմի ապացույցները համարեց հանցավոր ճանապարհով ձեռք բերված, հարցնելով, թե ինչու է մեղադրող կողմն «իր վկաների»՝ 3 ոստիկանների հակասական ցուցմունքները համարում ապացուցված, իսկ հանրահավաքի մասնակիցների ցուցմունքներն անտեսում:

Ավելին, Վ.Գասպարին հայտնեց, որ հանրահավաքի մասնակից ակտիվիստներին ոստիկանները հարցաքննել են «դեպքից» մեկ-երկու ամիս հետո /Լենա Նազարյան, Լալա Ասլիկյան/, իսկ հանցագործության մասին ակտիվիստների եւ ԱԺ պատգամավորների հաղորդումն էլ ոստիկանությունումում ընթացք չի տվել:

Գասպարիին մեղադրել էին, թե նա «սեփական անձի առավելությունները» ցույց տալու նպատակ է հետապնդել: Նա պարսավելի չհամարեց իր՝ մարդկային առավելությունները ցույց տալը, որն արտահայտվել է ճշմարիտ ցուցմունքով: Մինչդեռ, ըստ նրա, ոստիկան վկաները առավելություն չունեին, քանի որ բազմաթիվ անգամ փոխել են իրենց տված ցուցմունքները:

Վ.Գասպարին դարձյալ հիշեց ոստիկանապետին ուղղված դիմումը, որին կցվել էր հանրահավաքը տեսանկարած ոստիկանության օպերատորի լուսանկարը: Նա անգործություն եւ հանցավոր անտարբերություն համարեց մինչ օրս այդ օպերատորին չգտնելու փաստը:

Պաշտպանական կողմը միջնորդեց, որպեսզի Գասպարիի նկատմամբ կայացվի արդարացման դատավճիռ:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 26-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031