Այսօր առավոտից նորից դադարեցվել են «Արմավիա» ավիաընկերության չվերթները, պատճառը կրկին ընկերության միլիոնավոր պարտքերն են «Զվարթնոց» օդանավակայանին:
Այս պահին «Արմավիայի» պարտքը` որպես օդանավակայանի սպասարկման վճար, կազմում է 2 միլիոն 360 հազար դոլար: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը: Ըստ նրա, երեկ «Արմավիան» 3 միլիոն 360 հազար դոլար պարտքից վճարել է ընդամենը 90 միլիոն դրամ, որից հետո ժամը 16.30-ից ընկերության չվերթները վերականգնվել են:
«Զվարթնոցի» մամուլի քարտուղարի խոսքերով` «Մենք չենք խոչընդոտում «Արմավիայի» աշխատանքները, ակնկալում ենք, որ կնվազեցնի իր պարտքերը, եւ կշարունակի չվերթները»:
Կարդացեք նաև
Այս առնչությամբ Aravot.am-ը փորձեց «Արմավիայի» մամուլի քարտուղարից էլ ճշտել, թե երբ կվերականգնվեն չվերթները եւ արդյոք պարտքից որոշակի գումար կվճարե՞ն, սակայն մեր հեռախոսազանգերին մամուլի քարտուղարն այդպես էլ չպատասխանեց: Իսկ գրասենյակից էլ վստահեցրին, որ մեր հարցերին միայն մամուլի քարտուղարը կարող է պատասխանել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ