Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյան. «Ես մարդկանց հետ խոսում եմ, չեն ասում՝ գնացել եմ ԲՀԿ-ին ձայնս տվել եմ՝ փողի պատճառով»

Հոկտեմբեր 18,2012 12:43

ՖՈՏՈԼՈՒՐ

«Գիտեք ինչ կա, ես չեմ պնդում, որ մեր այս ընտրությունները եղել են մաքուր, ազնիվ, դա չի խոսքը, բայց ես ուրիշ հարց եմ դնում՝ ես կարող եմ ասել, որ ուրիշ թվին մարդիկ ուզում էին, որ նախագահը սա լիներ՝ ուրիշն էր դառնում՝ կեղծիքների պատճառով: Ուզում էին այս կուսակցությունը շատ տոկոս ունենար՝ այդպես էր լինում: Հիմա ես որ նայում եմ մարդկանց, նրանց ձայներին, չեմ տեսնում, որ մարդիկ, քաղաքացիները ուզում էին ձայնը տային Րաֆֆի Հովհաննիսյանին կամ Լեւոն Տեր-Պետրոսյանին, բայց չարամտորեն իրենց ձեռքից վերցրեցին, տվեցին «Բարգավաճին» ու Հանրապետականին: Չեմ տեսնում այդպիսի բան»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԱԺՄ նախագահ եւ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

Նա վստահեցնում էր, որ Հայաստանում բոլոր գործառույթները լրիվ խոշորացույցով նայվում են Եվրոպայի խորհրդի կողմից: Մեր դիտարկմանը, որ խորհրդարանական ընտրություններին կեղծիքներ եղան, բայց միջազգային կառույցները ոչ մի լուրջ բան չարձանագրեցին՝ Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Ես տեսնում էի, որ եթե շատ մաքուր գնար, ամեն ինչը շատ մաքուր լիներ, կարող է 2-3 տոկոսի տարբերություն լիներ: Բայց մոտավորապես, դուք էլ, որպես մարդ, տեսնում եք դաշտում ինչ է կատարվում: Ձեզ թվում է, որ իշխանությունն այս ընտրությունների ժամանակ խլեցին մի ինչ-որ փոքր կուսակցությունի՞ց, չէ: Մարդիկ «Բարգավաճին» որ տալիս էին ձայները՝ ունեի՞ն իրենք ձայներ: Այդ ընտրակաշառքը, բան դա մի կողմ թողնենք, որովհետեւ, դա իհարկե, հանցագործություն է, ես դրան դեմ եմ, բայց մարդիկ կամավոր եկել են, փողը վերցրել են, գնացել են սրան կամ նրան ձայն են տվել: Ու իրենց մտքում չի եղել, որ վա՜յ, ինչ լավ կլիներ, որ սա լիներ, բայց ընտրությունը մեկ է, կեղծվելու է, սա է լինելու: Այդ առումով այս ընտրություններն իրոք ունիկալ էին: Այս ընտրությունների վերջին շաբաթվա ընթացքում եթե ոչ մի կոպեկ չբաժանվեր, արդյունքը նույնը կլիներ: Փողի աշխատանքը եղել է տարիների ընթացքում: Ես մարդկանց հետ խոսում եմ, չեն ասում՝ գնացել եմ ԲՀԿ-ին ձայնս տվել եմ՝ փողի պատճառով: Ասում են՝ ես գտնում եմ, որ Ծառուկյան Գագիկը կարող է Հայաստանը փրկի, ինքը հզոր է, ինքը բարի է, ինքը լավն է»:

Մեր հարցին՝ ստացվում է, որ արդեն հասարակությունը զոմբիացվե՞լ է՝ Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Բա այդպես է: Երբ անընդհատ նույնն բանն ես անում, հասարակությունը դառնում է այդպիսին: Ես այսպես կձեւակերպեի՝ այս տարվա ընտրությունները համապատասխանում են այս տարվա հասարակությանը: Իսկ հասարակությանը մեղադրել չեմ ուզում, որովհետեւ հասարակությունը հասել է սրան: 95-96-ին դեռ լի էր պայքարելու եւ ճշմարտության համար գնալու ցանկությամբ՝ գլխին խփեցին: Հետո եկավ 98 թիվը, դժվար է ասել՝ 98-ին ինչ տեղի ունեցավ, որովհետեւ 98-ին շատ ալիքներ խառնվեցին, բայց հետո էլի մարդիկ ունեցան նույնը, հիասթափվեցին, կամաց-կամաց համակերպվեցին դրան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031