Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ըստ Ահարոն Ադիբեկյանի` մեր քաղաքական գործիչները «աչքաչափով» են իրենց «փիառի» վրա աշխատում

Հոկտեմբեր 18,2012 12:25

 

«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնը հերթական հարցումն է անցկացրել` պարզելու համար հասարակության կողմից նախագահական թեկնածուների կերպարների ընկալումը:

Այսօր այդ հետազոտությունների արդյունքները ներկայացնելիս, կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը, անդրադառնալով նախագահի թեկնածուների հանդեպ հասարակության համակրանքի եւ հակակրանքի մասին, ասաց, որ նախկին նախագահներն ամենախիստ գնահատականին են արժանանում, օրինակ, Տեր-Պետրոսյանին համակրում է հարցվածների ընդհամենը 1/3-ը, գրեթե նույնքան մարդ է համակրում նաեւ Ռ.Քոչարյանին` հարցվածների 30%-ը, Սերժ Սարգսյանին` 20%-ը, ամենաշատը համակրում են երբեւէ իշխանության գլուխ չկանգնած Գագիկ Ծառուկյանին` գրեթե  90%: Նշենք, որ որպես թեկնածու դիտարկվել է վեց անձ` Րաֆֆի Հովհաննիսյանը, Սերժ Սարգսյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Տիգրան Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Գագիկ Ծառուկյանը:

Հետազոտության ընթացքում փորձել են նաեւ պարզել, թե թեկնածուներից որ մեկը որքանո՞վ է համապատասխանում «իդեալական նախագահի» կերպարին: Այս հարցման ժամանակ, օրինակ, 1050 հարցվողներից միայն 150-ն է Րաֆֆի Հովհաննիսյանի մասին կարծիք հայտնել եւ այդ 150-ի համար նա իդեալական նախագահի կերպար է եղել, սակայն, եթե նայում ենք 1050-ի կտրվածքով` այդ արդյունքը բավականին փոքր է: Նույնը նաեւ մյուս թեկնածուների պարագայում:

Ընդ որում, եթե, օրինակ, Գագիկ Ծառուկյանին համակրում են հիմնականում կանայք, եւ միջին մասնագիտական ու միջնակարգ կրթություն ունեցողները, ապա Սերժ Սարգսյանին համկրողների մեջ ավելի շատ են տղամարդիկ եւ բարձրագույն կրթություն ունեցողները, պետծառայողները:

Խոսելով PR-ից` պարոն Ադիբեկյանը զարմացավ, որ, բացի իշխանական թեւից, որոնք քիչ թե շատ հիմնվում են գիտական մեթոդների վրա` իրենց PR-ը կազմակերպելիս, մնացած շատ քաղաքական գործիչներ առաջնորդվում են «աչքաչափով». «Հարցնում ես ո՞վ է գրել ելույթդ` ասում է` ես եմ գրել: Զարմանում ես` ո՞նց կարելի է մի ճառով ելույթ ունենալ ե’ւ ֆերմերների, ե’ւ ակադեմիկների, ե’ւ գյուղացիների, ե’ւ բիզնեսմենների առաջ, նույն ելույթով ասուլիս տալ… Ամեն անգամ տարբեր խորություն եւ լայնություն պետք է լինի»:

Նա նաեւ չէր հասկանում, թե ինչպես են քաղաքական գործիչները հավակնում մի քանի պլակատով, ծրագիր գրելով եւ մի քանի հանրահավաք անելով` ձայներ ստանալ: «Ձայները մարդու գլխում են լինում»,-ասաց սոցիոլոգը եւ բացատրեց, որ մարդկանց գլխում, ուղեղում որեւէ ուժի հանդեպ ձայն տալու որոշումն արթնանա, առնվազն մի քանի տարի է պետք:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031