Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. «Հայաստանում չեն կարող գործել այլ պետության, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի օրենքները»

Հոկտեմբեր 18,2012 12:19

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հարցազրույցը:

   -Նախորդ քառօրյայում՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, վարչապետը դեմ արտահայտվեց Ռուսաստանի միգրացիոն ծառայության նախաձեռնած «Հայրենակիցներ» ծրագրի իրականացմանը, ինչին հետեւեց դեսպանի կտրուկ արձագանքը։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ առաջացավ այս խնդիրը։
-Ռուսաստանի Դաշնության կողմից նախկին խորհրդային երկրների համար մշակված «Հայրենակիցներ» ծրագիրը Հայաստանում իրականացվում է արդեն տարիներ շարունակ։ Բայց մեր երկրում պետք է գործեն Հայաստանի օրենքները՝ սա միանշանակ է. այլ կերպ չի կարող լինել, անկախ մեր եւ Ռուսաստանի հարաբերություններից կամ ռազմավարական դաշնակիցներ լինելու հանգամանքից։
Իմ տեղեկություններով, Ռուսաստանը, նախկին պայմանագիրը շրջանցելով, Գյումրիում ներկայացուցչություն էր բացել, որի միջոցով կազմակերպում էր այդ ծրագիրը։ Կառավարության ղեկավարը Ազգային ժողովում իր տեսակետը հստակ արտահայտեց, մենք, մեր մոտեցումը շարադրելով, ասացինք, որ համբերատար կսպասենք միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին, որտեղ էլ կորոշվի «գործընթացի» շարունակությունը։
-Ո՞րն է այս «կոնֆլիկտի» լուծումը. խնդիրը կռվախնձոր դարձած ծրագրի իրավական հիմքերը, այսինքն՝ ուժը կորցրած պայմանագիրը վերականգնելու հարթության վրա՞ պետք է դիտարկել։ 
-Որքան գիտեմ, որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ եւ շարունակել քննարկումները։ Չգիտեմ, ովքեր կլինեն աշխատանքային խմբում, ինչ լուծումներ կգտնվեն, բայց մի բան ակնհայտ է. այս ընթացքում, քանի դեռ կողմերը ընդհանուր հայտարարի չեն եկել, եւ խնդիրը չի լուծվել, ծրագիրը Հայաստանում չպետք է գործի։ Այսինքն՝ կառավարությունը այնքան կամք եւ վճռականություն պիտի ունենա, որ թույլ չտա մեր օրենսդրությունը խախտելով՝ Հայաստանում ծրագիր իրականացնել։
Պարզ չէ՝ այդ ծրագիրը շարունակվելու է Գյումրիում տեղակայված ներկայացուցչությա՞ն, թե՞ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան միջոցով, բայց այս հակադիր մոտեցումների պարագայում, կարծում եմ, կառավարության առաջին քայլը պիտի լինի բոլոր հնարավոր միջոցներով դադարեցնել ծրագիրը, մինչեւ աշխատանքային խումբը կշարունակի իր աշխատանքը եւ կգտնի փոխադարձ ընդունելի ինչ-որ լուծումներ։ Եթե կառավարությունն այս քայլը չարեց, մենք ուղղակի խոսքի եւ գործի հակասություն կտեսնենք։
  -Հայ-ռուսական այս «հակամարտությունը», քաղաքական բաղադրիչ, քաղաքական ենթատեքստ ունի՞։
-Չէի ուզենա խորանալ այդ հարցերի մեջ, քաղաքականացնել այս խնդիրը, բայց ակնհայտ է, որ սոցիալական պայմանները, Հայաստանում տիրող ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտը, արտագաղթի ծավալները (գիտեք, որ ամեն տարի 25 հազար մարդ հեռանում է Հայաստանից) լուրջ սպառնալիք են դառնում մեր հասարակության համար։ Հեշտ է ասել՝ 25 հազար, բայց 25 հազար քաղաքացին երկու Մասիս քաղաք է։
Այս միտումը եթե շարունակվի, ահավոր հետեւանքներ կարող է ունենալ բոլոր առումներով։ Այսինքն՝ սա մեր ներքին խնդիրն է՝ կառավարությունը պիտի կարողանա ստեղծել այնպիսի պայմաններ, այնպիսի տնտեսություն, այնպիսի միջավայր, բարոյահոգեբանական, ինչու չէ, քաղաքական այնպիսի մթնոլորտ, որ մարդիկ ապագա տեսնեն երկրում։
Բայց սա հարցի մի կողմն է։ Մյուսը ինքնիշխանության, անկախ պետականության, մեր երկրում մեր օրենքների կիրառման խնդիրն է, որ ուղղակիորեն ածանցվում են մեկը մյուսին։ Այո, մարդիկ շարունակելու են գնալ. Ռուսաստանի դեսպանի ասածը հենց այդ է՝ պատճառը ձեր մեջ փնտրեք, եւ նա ինչ-որ առումով իրավացի է, բայց գոնե մեր ինքնիշխանությունը պահանջում է, որ մեր երկրում գործեն մե՛ր, ոչ թե Ռուսաստանի Դաշնության օրենքները։
Կրկնում եմ, եղել է պայմանագիր, որ ռուսական կողմը գերազանցել է եւ պայմանագրից դուրս գործողություններ է կատարել, այդ պայմանագիրն ուժը կորցրել է, նոր պայմանագիր չկա, եւ այս պարագայում մեր կառավարությունը պիտի հնարավոր բոլոր միջոցներով դադարեցնի այս ծրագիրը, մինչեւ հարցը վերջնական լուծում ստանա։
  -Կարելի՞ է արձանագրել, որ Ռուսաստանը խրախուսում է արտագաղթը Հայաստանից՝ իրականացնելով այս ծրագիրը։ 
-Յուրաքանչյուր երկիր առաջնորդվում է իր շահերով։ Ռուսաստանի Դաշնությունն ունի իր ծայրամասերը բնակեցնելու, այդ ծայրամասերում տնտեսություն ստեղծելու եւ աշխատատեղերը ավելացնելու պրոբլեմ եւ փորձում է այդ պրոբլեմը լուծել իրեն հասու միջոցներով։ Ես իրավունք չունեմ նրան մեղադրելու, որ ի՛ր շահերով է առաջնորդվում։
Բայց մենք էլ պիտի մեր շահերով առաջնորդվենք։ Հայաստանում չեն կարող գործել այլ պետության, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի Դաշնության օրենքները։ Իրենք իրենց շահն են հետապնդում՝ առաջ տանելով այդ ծրագիրը՝ իրենց իրավունքն է, բայց իրենց շահը հետապնդելիս չպետք է խախտեն մեր օրենսդրությունը։
-Այս ծրագրի շուրջ տարաձայնությունները կարո՞ղ են լարվածություն ստեղծել մեր եւ Ռուսաստանի հարաբերություններում։
-Դժվար է ասել, բայց մեր հարաբերություններն այնքան սերտ են, այնքան փոխներթափանցված, որ չեմ կարծում, թե այս մի փոքր խնդիրը կարող է մեծ լարվածություն առաջացնել միջպետական հարաբերություններում։
Բայց, մյուս կողմից էլ, չեմ բացառում, որովհետեւ, եթե Ռուսաստանի ղեկավարությունը կարծում է՝ իրեն ամեն ինչ թույլատրված է, եւ ցանկացած, նույնիսկ ամենափոքր հարցում կարող է ճնշում գործադրել մեր նկատմամբ եւ պարտադրել իր կանոնները, դա արդեն վկայում է մեր ինքնիշխանության պակասի մասին։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031