Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միգուցե Օսկանյանն իր կուսակցական առաջնորդ Ծառուկյանի՞ց հետաքրքրվի, թե ի՞նչ ասել է տնտեսական մենաշնորհը Հայաստանում

Հոկտեմբեր 18,2012 11:49

 Վարդան Օսկանյանը իրեն վերաբերող քրեական գործով հարցաքննությունների ժամանակ լռելու «տեղը հանում է» «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում առատ գրառումներ անելով: Երեկվա օրն էլ բացառություն չէր, չնայած, այդ գրառումներին ծանոթանալով, հասկանում ես, որ նա կորցրել է լռելու եւս մի հրաշալի առիթ:
Իսկ ի՞նչ է երեկ գրառել «Սիվիլիթասի» ու ոչ վաղ անցյալում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Ահավասիկ, մուտքը. «Հայաստանն այսօր փակուղում է: Մի կողմից այս ճահճից, կասեի նույնիսկ՝ հետընթացից դուրս գալու համար անխուսափելի են խորքային բարեփոխումները: Մյուս կողմից՝ այն մարդիկ, որոնցից է միմիայն կախված բարեփոխումների ընթացքն ու իրականացումը, բացարձակապես շահագրգռված չեն այդ բարեփոխումների իրականացմամբ, որովհետեւ դրանք վտանգելու են նրանց քաղաքական եւ տնտեսական մենաշնորհները: Այսօր այդ քաղաքական մենաշնորհը պահելու համար հայ ժողովուրդը շատ մեծ գին է վճարում»:
Դե ինչ, թեթեւակի տնտղենք Վարդան Օսկանյանի խիստ սուբյեկտիվ, անգամ կարելի է ասել՝ սեփական քաղաքական ու ինչ-ինչ այլ շահերից բխեցված դատողությունը, հատկապես «քաղաքական ու տնտեսական մենաշնորհներին» վերաբերող պնդումը։
Այո, Հայաստանում այնպիսի «քաղաքական մենաշնորհ» է, որ խորհրդարանում խմբակցությունների թիվը մեկով ավելացել է, ըստ որում՝ ավելացել է ընդդիմադիր ուժի տեսքով:
Եվ հարցը միայն քանակական աճը չէ: Հայաստանում այնպիսի մի անտանելի «քաղաքական մենաշնորհ» է, որ կարելի է 4-5 տարի լինել իշխանության մեջ, վայելել նույն այդ իշխանության ընձեռած հնարավորությունները, տիրապետել լուրջ լծակների ու ռեսուրսների, ապա ընդդիմադիրի պոպուլիստական դիմակներ հագնել, վերստին հայտնվել խորհրդարանում եւ դառնալ… չէ՛, ընդդիմություն էլ չէ, այլ՝ այլընտրանք:
Հայաստանում, պատկերացրեք, այնպիսի մի «քաղաքական մենաշնորհ» է, որ կարեւոր հարցերի շուրջ երկրի գլխավոր քաղաքական մարմին խորհրդարանում սուր քննարկումներ, բանավեճեր ու վիճաբանություններ են ծավալվում տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջեւ:
Նայեք. Հայաստանի հենց միայն նախկին արտգործնախարարներից երեքը երեք տարբեր ուժերի առաջին կամ երկրորդ դեմքեր են՝ Րաֆֆի Հովհաննիսյան («Ժառանգություն»), Ալեքսանդր Արզումանյան («Ազատ դեմոկրատներ») եւ ինքը՝ Վարդան Օսկանյանը (ԲՀԿ): Ու երեք ուժերն էլ, «մենաշնորհի» պայմաններում ներկայացված են ԱԺ-ում:
Ինչ վերաբերում է տնտեսական մենաշնորհներին, ապա հիմա անգամ 8-րդ դասարանի միջակ աշակերտը կարող է բացատրել, թե ինչ է դա եւ որքանով է խանգարում Հայաստանի տնտեսության առաջընթացին: Իհարկե, Հայաստանում կա տնտեսական մենաշնորհ, եւ այնպես չէ, թե իշխանությունները, օրինակ, ժխտում են դա կամ ինչ-որ քայլեր չեն փորձում ձեռնարկել դրա դեմ:
Բայց այստեղ, կրկնենք, կարեւոր է արտահայտվողի անձը: Ըստ այդմ, միգուցե Վարդան Օսկանյանն իր կուսակցական առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՞ց հետաքրքրվի, թե ի՞նչ ասել է տնտեսական մենաշնորհը Հայաստանում եւ ինչպե՞ս այն վերացնել: Իսկ միգուցե հենց այդ կողմի՞ց սկսի պայքարը «տնտեսական մենաշնորհների» ու ճահճացումների դեմ:
Լոկալ առումով, իհարկե, վատ չէր լինի, որ Կոտայքի մարզում կամ, ասենք, Աբովյանի ենթաշրջանում էլ Վարդան Օսկանյանը թեթեւակի պայքարեր «քաղաքական մենաշնորհի» երեւույթը վերացնելու համար, թե չէ՝ լրիվ ճահճացում է, ախր:
Սա՝ իր հերթին:
Ոչ պակաս ուշագրավ են պարոն Օսկանյանի հաջորդող դատողությունները առ այն, թե խորքային բարեփոխումներ չանելու հետեւանքով Հայաստանն ինչպես է զրկվում օտարերկրյա դոնորների՝ պետությունների, կազմակերպությունների ֆինանսական աջակցությունից եւ այդպես շարունակ:
Խնդրեմ, Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել է. «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիր. ծրագիրը վերջնականապես փակվեց այս տարվա սկզբին՝ իր հետ տանելով մոտ 300 միլիոն դոլարի դրամաշնորհ, որը պետք է ներդրվեր Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման մեջ, որից հատկապես պետք է օգտվեին գյուղական եւ սահմանամերձ շրջանները: Ծրագիրը փակվեց, քանի որ Հայաստանը չկարողացավ բավարարել ծրագրի կողմից առաջադրված ճիշտ կառավարման եւ ժողովրդավարության չափանիշները»:
Ստո՛պ: Ինչպես ասվում է՝ դեռ մի կարգին չշարժված, արդեն տե՛ղ հասանք:
Ե՞րբ եղավ առաջին ընդհատումը ու ինչի՞ց հետո ԱՄՆ-ը վերանայեց «Հազարամյակային» իր մոտեցումը, այդպես էլ չհատկացնելով տասնյակ ու տասնյակ գյուղական ճանապարհների վերանորոգման համար նախատեսված միջոցները: Ամերիկյան կողմն իր «հազարամյակային» աջակցությունը վերանայեց ու, ըստ էության, դադարեցրեց 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած դեպքերից հետո: Այն նույն դեպքերի, որոնց համար, ըստ Օսկանյանի ընդդիմադիր գործընկերների, նա եւս մեծ պատասխանատվություն է կրում:
Հիրավի հսկայական տակառներով ցինիզմի պաշար է պետք ունենալ՝ 4 տարի անց սեփական «ձեռքբերումները» որպես այլոց թերացում ներկայացնելու համար: Կամ էլ պետք է «համեստության տիպար» լինել, քանզի եթե հիշյալ «ծրագիրը փակվեց, քանի որ Հայաստանը չկարողացավ բավարարել ծրագրի կողմից առաջադրված ճիշտ կառավարման եւ ժողովրդավարության չափանիշները», ապա այդ «չկարողացավի» մեջ հսկայական ներդրում ունի նշված արտահայտության հեղինակը:
Առավել հետաքրքիր է թվում Օսկանյանի հետեւյալ արտահայտությունը. «Հայաստանում այս իրավիճակը եւ բարեփոխումների բացակայությունը ազդեցություն են թողել նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցների վրա՝ չնայած ազգային գործոնի առկայությանը, որ հաճախ որոշիչ է եղել: Այսօր ակնհայտ է, որ Սփյուռքի ամենամեծ բարերարները, հակառակ ակտիվ բարեգործական գործունեությանը իրենց բնակության երկրներում եւ այնտեղի հաստատություններին նվիրատվություններին, որեւէ նշանակալի մասնակցություն չունեն Հայաստանի զարգացմանը (հազվագյուտ բացառությամբ)՝ ո՛չ նվիրատվության, ո՛չ ներդրումների տեսքով»:
Սփյուռքի հայության ներդրումների հարցն առայժմ շրջանցենք, չնայած այստեղ էլ կարելի է հակառակ օրինակներ բերել, որոնք այնքան էլ հազվագյուտ չեն, ինչպես կարծում է Վ.Օսկանյանը: Ի դեպ, նա նկատի առնո՞ւմ է, օրինակ, ռուսաստանաբնակ հայ գործարարների ներդրումներն ու նվիրատվությունները, թե՞ նրանց Սփյուռքի մեջ չի հաշվում:
Շրջանցենք նաեւ փաստը, որ վերջին 3-4 տարիներին «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հանգանակություններին ակտիվ մասնակցություն են ունեցել նույն Սփյուռքի հարյուրավոր բարերարներ ու գործարարներ:
Բուն հարցը: Որեւէ բարեփոխում կամ դրա բացակայություն, ինչպես համոզվում ենք հենց Վարդան Օսկանյանի օրինակով, չի խոչընդոտել, որ օտարազգի եւ օտար կրոնական հոսանքի ներկայացուցիչն անձնապես նրան 2 միլիոն դոլար նվիրի ինչ-որ անորոշ «բարեգործության» համար: Դա չի՞ հակասում նախկին ԱԳ նախարարի իսկ երեկվա պնդմանը: Եթե օտարազգի մեկից կարողանում եք ձեր հիմնարկի զարգացման համար այդքան խոշոր նվեր ստանալ, ապա, ձեր կապերն ու հնարավորություններն օգտագործելով, տասնապատիկ ավելին կարող էիք անել Հայաստանի՛ զարգացման համար:
Անեիք, ո՞ւմ էիք սպասում:

Մեսրոպ ՍԱՀԱԿՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031