Իշխանական վերնախավը եւ նրանց աջակցող լրատվամիջոցները, որոնցից շատերն իբրեւ անկախ են ներկայանում, ցանկանում են ներշնչել մեր բնակչությանը, որ Ս. Սարգսյանը արեւմտամետ է եւ վայելում է ԱՄՆ-ի ու Եվրոպայի աջակցությունը։
Մի պահ իսկապես այդպես էր, եւ Միացյալ Նահանգները ջանք չէր խնայում՝ աջակցելու Ս. Սարգսյանի վիճահարույց եւ արդյունքում ամբողջապես ձախողված քայլերը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Սակայն, այսօր այդ աջակցությունից բան չի մնացել։ Այլապես ինչպես կարելի է մեկնաբանել ԱՄՆ դեսպանի միջամտությունը «իշխանության ներքին հարցերին», անկախ այն հանգամանքից, որ այն՝ ինչ ասում էր դիվանագետը, ճիշտ է։ ԱՄՆ դեսպանի մեկնաբանությունն այլ կերպ, քան ապտակ բարձրագույն իշխանությանը՝ չի կարելի համարել։ Առիթ ունեցել եմ ասելու, որ նման դեպքերում կոշտ հայտարարությամբ հանդես գալու գործառույթը վերապահվում է ԱԳՆ-ներին եւ երբեք՝ դեսպանին, որը կարող է տուժել դեսպանընկալ երկրի իշխանության հակադարձից հետո։ Հայաստանի պարագայում նման նրբությունները հաշվի չեն էլ առնում, չնայած Ա. Սարգսյանի աշխատակազմում դիվանագետների մեծաթիվ առկայությանը։ Պաշտոնական Երեւանը չարձագանքեց եւ, փաստորեն, տեղի տվեց ԱՄՆ դեսպանի նախազգուշացումներին։
Երեկ էլ ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինը ներկայացրեց, թե ինչ են մտածում Վաշինգտոնում՝ տարածաշրջանում ընթացող զարգացումների մասին։ Նա նշել էր, թե «աշխարհը տեսել է, որ Վրաստանում կա ժողովրդավարություն, իսկ վերջինս կարող է օրինակ լինել տարածաշրջանում»։ Այս հայտարարությամբ նույնպես վերջ է դրվում այն խոսակցություններին, որ Հայաստանում կա ժողովրդավարություն, եթե լիներ, մեզ համար Վրաստանը չէր համարվի օրինակ։
Կարդացեք նաև
Հակառակ այն բանի, որ մեզանում Ա. Սարգսյանն ու իր թիմակիցները խոսում են ընտրություններում ինչ-ինչ առաջընթացի մասին, Արեւմուտքը Վրաստանում անցկացված ընտրություններն է ճանաչում օրինակելի։ Իսկ Ս. Սարգսյանի կազմակերպած «փող բաժանելու մեծ միջոցառման» գինը վճարում են Հայաստանի քաղաքացիները։ Նախ՝ ընտրությունները դիտարկող հեղինակավոր կազմակերպությունների բացասական գնահատականներն էլ ավելի մեծ հուսահատություն են հարուցում մեր քաղաքացիների շրջանում, ապա՝ մինչեւ նախագահական ընտրությունները հետաձգվում է ԵՄ երկրների դոնոր կոնֆերանսի անցկացումը։ Այսինքն, Ս. Սարգսյանի քաղաքականության արդյունքում արդեն երկրորդ անգամ Հայաստանը զրկվում է տասնյակ, իսկ այս դեպքում՝ 100-ավոր մլն դոլարի աջակցությունից (առաջինը՝ Հազարամյակի մարտահրավերի 70 մլն դոլարանոց ծրագրի դադարեցումն էր): 2008թ. ընտրությունների քարոզարշավին Ս. Սարգսյանը խոստանում էր, որ մենք երկու անգամ ավելի լավ ենք ապրելու։ Այդ խոստումն իրագործվեց միայն ընտանիքի անդամների եւ մերձավոր շրջապատի մասով։ Տեսնենք, թե նա ինչ է ասելու Հայաստանի մնացած քաղաքացիներին։
Վլադիմիր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«Հայկական ժամանակ»