Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամ. «Վրաստանը կերազեր մեզ նման կազմակերպված քաղաքական ընդդիմություն ունենալ»

Հոկտեմբեր 18,2012 10:55

Հատված ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի հետ հարցազրույցից:

Պարոն Մակեյան, հաշվի առնելով Լեւոն Զուրաբյանի մեկնաբանությունները, Ձեր կարծիքով, ներկայացված «Ընտրական օրենսգրքի» նախագիծն իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում։ Նաեւ հաշվի առնելով մի շարք հայտնի իրողություններ, օրինակ՝ թե իշխանության վերարտադրության գործընթացն ինչպես է իրականում կատարվում, չե՞ք կարծում, որ ՀԱԿն այս առաջարկը տվյալ ժամանակահատվածում վեր հանելով, իսկապես փորձում է դարձնել խաղաթուղթ։

– Չեմ կարծում, որ Կոնգրեսը նման թույլ արգումենտ կօգտագործի, եւ ընդունում եմ, որ, հաշվի առնելով իշխանությունների որակները, ցանկացած իդեալական օրենք, միեւնույն է, չի գործելու, եթե իշխանությունների կողմից քաղաքական կամք չդրսեւորվեց, ինչպիսին վերջերս վրացական իշխանությունները ցուցաբերեցին։ Հետեւաբար, ցանկացած իդեալական օրենքի հասնելու պարագայում, միեւնույն է, 3-5 տոկոսի տարբերության արդյունք կստանանք։ Այսինքն՝ այդ առումով համամիտ եմ, որ դա զուտ քաղաքական ակցիա կարելի է համարել, որը բուն գործընթացի վրա չի կարող էական ազդեցություն ունենալ, եթե չփոխվեն խաղի կանոնները։

Այսինքն ընդունում եք, որ Ընտրական օրենսգիրքը չէ, որ նպաստում է իշխանության վերարտադրմանը, հետեւաբար ո՞րն է Կոնգրեսի ակնկալիքն այս առաջարկից։

– Այո, եթե ԸՕ-ն լինի նույնիսկ անթերի, բայց չլինի քաղաքական կամք, ու ընդդիմությունն էլ չկարողանա փոխել խաղի կանոնները, միեւնույն է, արդյունքը ստացվելու է այն, ինչը որ նախատեսել է իշխանությունը, տարբերությունն էլ 3-5 տոկոս է լինելու։ Ենթադրենք, «կարուսելը» դուրս է գալիս, բայց դա վերջնական արդյունքի վրա էական ազդեցություն չի ունենում։

Ուզում եք ասել, որ ընդդիմությունն այլ հարցերի մասի՞ն պետք է մտածի։

– Ես մի բան կասեմ, որ Վրաստանում ընդդիմությունն առավել ուժեղ չէր, քան Հայաստանում, բայց Վրաստանում հասան հասարակության քվեի իրական արձանագրման, որովհետեւ իշխանությունն ունեցավ քաղաքական կամք եւ թույլ տվեց, որ հասարակությունը քվեարկի։ Մեզ մոտ, ցավոք սրտի, ես չեմ տեսնում այդ հնարավորությունը, իսկ այդ օրենքների փոփոխությունն էլ որեւէ ձեւով չի ազդելու ընտրությունների արդյունքների վրա։ Իսկ այս ամբողջ անորոշությունն էլ նրանից է, որ հասարակությանը հիմնականում բոլորը խաղից դուրս են հանել, եւ դա արձանագրվեց մայիսի 6-ի աճուրդի ժամանակ։ Կրկնում եմ՝ Վրաստանը կերազեր մեզ նման կազմակերպված քաղաքական ընդդիմություն ունենալ, բայց Վրաստանը կարողացավ թույլ եւ չկազմակերպված ընդդիմությամբ արդյունքի հասնել, որը մենք երազում ենք արդեն տասնամյակներ։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031