Երգահան, պոետ եւ սցենարիստ Վախթանգ Հարությունյանը նշում է, որ սա ոչ առաջին, ոչ էլ «ցավոք սրտի» վերջին դեպքն է:
Ռուսական շոու-բիզնեսի «աստղերի» մասնակցությամբ, Երեւան քաղաքի ծննդյան տոնակատարությունը նշելը, ըստ նրա «մշակութային քաղաքականության իսպառ բացակայության արդյունք է»:
«Պետք է գերակա գծեր մշակվեն մեր երկրի կառավարության կողմից, որպեսզի մշակութային քաղաքականությունը փոխվի, որպեսզի մեր պետական այրերը չնստեն առաջին շարքում եւ նրանց առջեւ ռուս «աստղերը» երգեն այնպիսի բովանդակությամբ երգեր, որոնք ընդհանրապես կապ չունեն մեր ժողովրդի բարոյահոգեբանական կերտվածքի հետ»,-«Մեդիալաբին» ասում է Վախթանգ Հարությունյանը:
Նա կարծում է, որ սա արմատական խնդիր է, որը գալիս է կառավարության ընդհանուր մտածելակերպից, եւ մշակութային քաղաքականության բացերը լրացվվում է «շոու-բիզնեսով»:
«Բնության մեջ, եթե մի տեղ լավ բան չի աճում, ապա դրա տեղը սկսում է մոլախոտ աճել: Հիմա մեր կառավարությունը այդ այգեպանն է, որ պետք է այնպես անի, որպեզի իր այգում լավ ծառեր աճեն ու լավ պտուղներ տան: Պետք է գերակա գծեր վերամշակվեն»,-հավելում է Հարությունյանը:
Հեղինակային երգիչ, երգահան Վահան Արծրունին ասում է, որ Երեւանի տոնի համերգի մասնակիցների երգացանկը կազմվել է «ճաշակին ու մակարդակին համապատասխան»:
«Դրա համար գալիս է ոչ թե, օրինակ Մոսկվայի սիմֆոնիկ նվագախումբը, այլ այն, ինչ իշխանություններին պետք է դուր գար,-«Մեդիալաբին» ասում է Վահան Արծրունին,-Դուք վերջին քսան տարիներին իշխանությունների ճաշակի մասին կարո՞ղ եք այլ եզրակացություն անել, իհարկե՝ ոչ: Սա է նրանց ճաշակը` համապատասխան իրենց էսթետիկական դրվածքներին»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ