Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական առևտրականների կյանքից

Հոկտեմբեր 18,2012 10:25

Հմայակ Հովհաննիսյանի հայտարարությունն այն մասին, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ստեղծված միասնական շտաբը ֆինանսավորել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որևէ նորմալ երկրում իսկական քաղաքական սկանդալի առարկա կդառնար, իսկ միասնական շտաբի անդամ ուժերը կամ պարզապես չէին իմանա ինչպես արդարանալ հասարակության առաջ, կամ էլ ուղղակի դատի կտային Հմայակ Հովհաննիսյանին իրենց զրպարտելու համար:

Չէ՞ որ խոսքը ուղղակի քաղաքական կոռուպցիայի մասին է, երբ մի քաղաքական ուժն, ըստ էության, վարձում է երկու այլ ուժի՝ Կոնգրեսին ու Դաշնակցությանը, սեփական քաղաքական ծրագրերում օգտագործելու համար, ակնկալելով ծառայություն այդ ուժերից ֆինանսավորման դիմաց: Եվ փաստացի, խորհրդարանի ընտրությանը ի դեմս, այսպես կոչված, միասնական շտաբի, Հայաստանի ընտրողն ունեցել է ոչ թե կուսակցական քաղաքական կոնսենսուսի մի օրինակ՝ հանուն ազատ և արդար ընտրությունների, այլ պարզապես քաղաքական կոռուպցիայի, առևտրի դասական նմուշ: Համենայնդեպս, քանի դեռ Հմայակ Հովհաննիսյանին որևէ քաղաքական ուժ դատի չի տվել զրպարտության մեղադրանքով, թերևս պետք է ենթադրել, որ իրավացին առայժմ Հովհաննիսյանն է: Իսկ հերքումները, որ անում են որոշ կուսակցություններ, առավելապես ոչ թե փաստարկների ու փաստերի, այլ Հովհաննիսյանի հասցեին անձնական կամ այլ բնույթի որակումների տեսքով, գալիս են ավելի շատ հենց Հովհաննիսյանի իրավացիության, քան հակառակի մասին վկայելու:

Սակայն Հայաստանում նրա հայտարարությունն ընդունվեց շատ հանգիստ՝ ոչ միայն միասնական շտաբի անդամ եղած ուժերը, այլ նաև հասարակությունը հանդարտ ընդունեցին Հմայակ Հովհաննիսյանի հայտարարությունը, ամենևին չզարմանալով, ամենևին բացատրություն չպահանջելով քաղաքական ուժերից: Ընդ որում` խոսքը ոչ միայն, այսպես ասած, չեզոք ընտրողների մասին է, որոնք կողմնորոշվում են ընտրությունից ընտրություն և ասենք` կարող են մեկ ամիս անց վերակողմնորոշվել: Խոսքը նաև քաղաքական ուժերի, այսպես ասած, հաստատուն ընտրազանգվածների, համակիրների մասին է: Օրինակ` թե՛ ՀՅԴ-ն, թե՛ Հայ ազգային կոնգրեսը ունեն այդպիսի հաստատուն, կայուն շերտեր, համակիրների կայուն խմբեր: Այդ շերտերը, կայուն ընտրազանգվածն ու ակտիվը, ըստ էության, որևէ կերպ չազդվեցին այն փաստից, որ իրենց ուժերը, ըստ էության, «Բարգավաճ Հայաստանի» պատվերով ստեղծված շտաբում սպասարկել են այդ կուսակցության պլանները: Ավելին` նույնիսկ փորձ չեղավ որևէ կերպ պարզել, թե իրականում ինչ է կատարվել, ԲՀԿ ֆինանսավորման դիմաց ինչ պայմաններ են աշխատել, ինչպես են ծախսվել ֆինանսները և այլն: Այսինքն` քաղաքական կոռուպցիայի կամ շուկայական առևտրի փաստը կամ դրա մասին ահազանգը քաղաքական ուժերի կայուն համակիրները ընդունում են լռությամբ` այսպիսով փաստելով, որ նրանց համար էլ դա զարմանալի չէ, անակնկալ չէ, շոկային չէ:

Փաստորեն, մարդիկ համակրում են իրենց քաղաքական ուժին, իսկ ահա նման վտանգավոր երևույթների պարագայում նրանից հաշվետվություն կամ բացատրություն չեն պահանջում: Սա խոսում է մի շատ վտանգավոր, ռիսկային երևույթի մասին: Փաստորեն, քաղաքացիների մի ստվար զանգված սեփական, յուրային քաղաքական ուժին կամ կուռքերին ներում է այն, ինչ, օրինակ, չէր ների այլ ուժերի և գործիչների: Օրինակ` մի պահ ենթադրենք, որ ասենք ՀՅԴ-ի կամ ՀԱԿ-ի փոխարեն խոսքը «Ժառանգության», «Ազատ դեմոկրատների», «Հանրապետության» կամ որևէ այլ կուսակցության, թեկուզ ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի մասին էր: Կոնգրեսի և ՀՅԴ-ի համակիրները ուղղակի ծվեն-ծվեն կանեին տվյալ ուժերին և նրանց համախոհներին, ուղղակի հարցախեղդ կանեին` պարզելու համար, թե այդ ինչպես են ինչ-որ մեկի ֆինանսավորմամբ ինչ-որ քաղաքական ակտի մասնակցել կամ նախագիծ իրականացրել: Կգնար մերկացումների մի ամբողջ շղթա, բացահայտումներ, աղմկոտ հայտարարություններ, ծաղր, հեգնանք և այլն: Սակայն այսօր լռություն է, չկա ոչ մի հարց, ոչ մի պատասխան, ամեն ինչ կարգին է, ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լիներ, և եթե եղել է, ուրեմն անողները մի բան գիտեն, որ արել են:

Ահա, սա է պատկերը: Եվ այս պատկերում արտացոլվում է Հայաստանում հասարակական մի շատ լուրջ հիվանդություն, ինչի հետևանքով է նաև, որ երկրում քաղաքական ուժերը ինչ-որ տեղ նաև ակամա, նաև հասարակության պատվերով՝ անուղղակի, ակամա պատվերով գուցե, բայց դառնում են հրեշներ հենց նույն հասարակության գլխին, երբ նրանց ձեռքում է հայտնվում իշխանություն կամ փոքր-ինչ հավելյալ հնարավորություն: Բանն այն է, որ միշտ գտնվում է տվյալ ուժին ներող, հասկացող, ընդունող, ուրիշին չներվող, բայց յուրայինին հանդուրժող պահվածքը լեգիտիմացնող հանրային շերտ կամ խումբ: Այսինքն` Հայաստանի հասարակության մեջ, անգամ դրա քաղաքականապես ակտիվ, արտաքնապես նվիրյալ և, ըստ էության, անձնուրաց պայքարի դուրս եկած մասում իրականում շարժիչ ուժը ոչ թե արժեքներն ու գաղափարներն են, որ նրանց շուրթերին են կամ պաստառներին, այլ անձնավորված, խմբակային, թայֆայական՝ յուրային և օտար մոտեցումները, համակրանքն ու հակակրանքը, ինչը թույլ չի տալիս, որ Հայաստանում ձևավորվի կայուն քաղաքացիական ընտրազանգված, այլ ձևավորվում են ընդամենը ճամբարներ, որոնք հարձակվում են միմյանց վրա և ոչնչացնում են միմյանց այն դեպքում, երբ այսպես ասած` քաղաքական թիմերը այդ ամենի վրա կառուցում են սեփական պայմանավորվածությունները, կատարում են վճարները և անցնում դերակատարման:

Այստեղ խնդիրն իսկապես միասնական շտաբում եղած կոռուպցիոն ռիսկերը կամ առևտրային ռիսկերը չեն: Ի վերջո, այդ շտաբը երբեք էլ չի հանդիսացել Հայաստանում վերափոխումների հույս, իսկ շտաբի անդամ ուժերին էլ հանրության լայն մասը վաղուց գիտե և առանձնապես պատրանքներ չի տածել նրանց նկատմամբ, հատկապես վերջին երկու-երեք տարիների անցուդարձից: Դրանք իրեն սպառած Հայաստանի քաղաքական դաշտի կարկառուն ներկայացուցիչներ են ընդամենը: Խնդիրը այստեղ հասարակական հիվանդության, հասարակական արատի կարևոր մի ախտանիշի դրսևորումն է, որն իրոք տալիս է մտահոգության իրական և լուրջ առիթ:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031