Իսրայելի Էյլաթ քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի կանանց ակումբային 17-րդ առաջնությունը:
Վերջին տուրում 3,5:0,5 հաշվով վստահ հաղթանակ տանելով «Չիգորինի ակումբ» թիմի նկատմամբ՝ Երեւանի «Միկան» 10 միավորով շրջանցեց «Յուգրային» եւ նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը: Վճռորոշ տուրում հաղթանակ տարան Հարիկա Դրոնավալին, Լիլիթ Մկրտչյանը եւ Լելա Ջավախիշվիլին, իսկ մեր թիմի առաջատար Էլինա Դանիելյանը ոչ-ոքի արեց: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց «Մոնտե-Կարլոն»՝ 14 միավորով:
Մեր աղջիկներից երեքն աչքի ընկան նաեւ անհատական պայքարում: Չորրորդ խաղատախտակի առջեւ հանդես եկած Լելա Ջավախիշվիլին յոթ հնարավորից վաստակելով 5,5 միավոր՝ ցույց տվեց լավագույն արդյունքը, Լիլիթ Մկրտչյանը 2-րդն էր երրորդ խաղատախտակի առջեւ, Էլինա Դանիելյանը 3-րդը՝ ակումբների առաջատարների մրցակցությունում:
Իսրայելում միեւնույն ժամանակ անցկացված տղամարդկանց 28-րդ ակումբային առաջնությունում «Սանկտ-Պետերբուրգ» ակումբի կազմում հանդես էր գալիս Հայաստանի ազգային հավաքականի անդամ, օլիմպիական չեմպիոն Սերգեյ Մովսիսյանը, որը նույնպես դարձավ թիմային արծաթե մեդալակիր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ