Իջեւանի զորամասի նախկին հրամանատար,գնդապետ Սերգեյ Կարապետյանի եւ այդ զորամասի գումարտակի նախկին հրամանատար Հրանտ Դալլաքյանի պաշտպան Մամիկոն Թորոսյանը հոկտեմբերի 16-ի նիստում հնչեցրած իր պաշտպանական ճառում դատարանին միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալներին: Նշենք, որ հոկտեմբերի 5-ի նիստում գործով մեղադրող Ներսես Միսակյանը մեղադրական ճառում դատարանից պահանջել է Սերգեյ Կարապետյանին դատապարտել 14, Հրանտ Դալլաքյանին՝ 4 տարվա ազատազրկման: «Իրավունք» թերթի հոկտեմբերի 12-ի համարում տպագրվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված պաշտպան Մամիկոն Թորոսյանի բաց նամակը: Այնտեղ պաշտպանը խնդրում է նախագահի միջամտությունն իր խոսքերով՝ օրինական, արդարացի վճիռ կայացնելու համար:
Այս քրեական գործի պատմությունը հետեւյալն է. Իջեւանի տարածաշրջանից չորս երիտասարդներ 2010թ. դեկտեմբերի 31-ին, տարեմուտից մի ժամ առաջ ջերմության դեղորայք են տարել իրենց ընկերներից մեկի եղբորը, ով վերոհիշյալ զորամասում է ծառայում: Նրանց հանդիպել է զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանը: Վերջինս զայրացել է նրանց այցից, հրամանատարի եւ երիտասարդների միջեւ վեճ եւ ընդհարում է եղել: Կարապետյանը նրանց ահաբեկելով՝ բերման է ենթարկել իր աշխատասենյակ: Այնտեղ տղաները ծեծվել եւ ահաբեկվել են, ահաբեկված երիտասարդները ցատկել են երկրորդ հարկում գտնվող Կարապետյանի աշխատասենյակի պատուհանից: Դրա հետեւանքով 20-ամյա Տարոն Ենգիբարյանը գլխի ծանր վնասվածքներ էր ստացել, իսկ 21-ամյա Աշոտ Ուլիխանյանը՝ ձախ ոտքի կոտրվածք: Տարոնին տեղափոխել էին Իջեւանի հիվանդանոց, ապա Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 10 օր հետո, այդպես էլ գիտակցության չգալով` Իջեւան քաղաքի մերձակա Գետահովիտ գյուղի 20-ամյա բնակիչ Տարոն Ենգիբարյանը մահացել է: Այս գործով ամբաստանյալների վերջին խոսքը կհնչի հոկտեմբերի 31-ի նիստում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ