Լրահոս
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյանը պնդում է, որ զուրկ չէ կրքերից, ՄԻՊ-ը նրան սատարում է

Հոկտեմբեր 17,2012 20:00

Այս օրերին Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին անընդհատ կանչում են հարցաքննության՝ իր դեմ հարուցված 3 քրեական գործերի հետ կապված:

Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին, թե գործերը շահելու շանսեր կա՞ն` Հմայակ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ՄԻՊ Կարեն Անդրեասյանից նամակ է ստացել. «ՄԻՊ-ից ստացա որոշում այն մասին, որ կառավարությունը իրավունք չուներ ընդհանուր օգտագործման տարածքները սեփականացնել Սենիկ Ջուլհակյանին («Հայհիդրոնախագիծ» ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ ,- Հ.Ջ. ) եւ որ իմ բողոքը միանգամայն հիմնավորված է: Իրենք պարտավոր են ինձ հետ կնքել պայմանագիր, դա նաեւ կառավարության որոշման մեջ էլ կա: Կա կետ, որով Սենիկ Ջուլհակյանը պարտավոր է մյուս սեփականատերերի հետ կնքել պայմանագիր անժամկետ, անհատույց` ընդհանուր տարածքների օգտագործման հարցով: Ինքը պարտավոր էր այդ պայմանագիրը կնքել, եթե չի կնքել` խախտել է օրենքը: Մյուս կողմից կառավարությունը ընդհանուր օգտագործման տարածքները իրավունք չուներ սեփականաշնորհել իրեն»:

Ըստ Հմայակ Հովհաննիսյանի, իր գրությամբ Կարեն Անդրեասյանը փաստել է, որ Հմայակ Հովհաննիսյանը միանգամայն օրինական հիմունքներով է զբաղեցնում գրասենյակի տարածքը. «Ես այդ գրասենյակի սեփականատեր եմ, մուծում եմ գույքահարկ, հարկեր: Այդտեղ խնդիր չկա: Ես մատով չեմ կպել կանանց էլ: Սենիկը վաճառել է «Ռոսգիդրոյին» բաժնետոմսերի 75 տոկոսը, ես հիմա պետք է պայմանագիր կնքեմ նրանց հետ: Ինչ վերաբերում է նրան, որ ես իրեն միջին ծանրության մարմնական վնասվածք եմ հասցրել, տեսագրությունը կա, իրենք այնտեղ պրովոկացիա էին ձեռնարկել` այն հույսով, որ ես ափերից դուրս կգամ եւ հնարավոր է խփեմ: Բայց ես վիրավորանք էլ իրեն չեմ հասցրել: Միայն կանանց ասել եմ` դուք, կանայք մեղավոր չեք, ձեզ այստեղ բերողն է մեղավոր»: Պարոն Հովհաննիսյանը, ձեռքը սեղմելով կրծքավանդակին՝ վստահեցրեց. «Ես, իհարկե, Դուք լավ գիտեք, զուրկ չեմ կրքերից, բայց իմ կրքերը միշտ արտահայտում եմ խոսքով: Ֆիզիկական բռնության երբեք չեմ դիմում»:

Հմայակ Հովհաննիսյանը պահանջում է տեսագրությունը առանց մոնտաժման կցվի գործին, ըստ նրա, դա կդիտվի որպես գլխավոր ապացույց` իր անմեղության եւ Սենիկ Ջուլհակյանի սուտ մատնության. «Տեսագրության մեջ պարզ երեւում է` ես իրեն մատով չեմ կպել, հլը մի բան էլ երեւում է, թե ոնց են ինձ հրում: Սենիկ Ջուլհակյանն ունեցել է ինչ-որ մատների տրավմա, գնացել դա ներկայացրել է, որպես վնասվածք, որը ստացել է իմ հետ կատարված միջադեպից»: Մեր հարցին` փորձագիտական եզրակացություն չկա՞` նա նշեց, որ այդ եզրակացության մեջ գրված է, որ իսկապես մատները վնասված են, բայց հնարավոր չէ ասել` թե դա երբ է եղել եւ ինչ ժամանակահատվածում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031