Aravot.amի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանն ասաց, որ որեւէ տեղեկություն չունի, թե ով է «Արմավիա»-ի պոտենցիալ բաժնետերը եւ միայն տեղյակ է, որ ազգային ավիափոխադրող «Արմավիան» օդանավակայանին ունեցած պարտքը չի մարում 2 տնտեսվարողների` օդանավակայանի ու «Արմավիա»-ի միջեւ կնքած համաձայնագրով սահմանված ժամանակացույցով:
Ներկայիս դրությամբ, ավիափոխադրողի պարտքը կազմում է 3 միլիոն 360 հազար դոլար: Սակայն, ըստ Գ. Աբրահամյանի, այն պետք է լիներ 2 միլիոն 360 հազար դոլար. «Այսինքն` 1 միլիոն գերազանցել են: Ի դեպ «Արմավիան» օգտվում է հատուկ սակագներից եւ լուրջ զեղչեր ունեն»:
Այսօր օդանավակայանը տեղեկացել է, որ ընկերությունը 90 միլիոն դոլար փոխանցել է, սակայն այս գիշեր էլ նրանց պարտքի չափը մեծացել է. «Այսինքն` այսօրվա փոխանցումը պետք է արվի, հակառակ դեպքում կրկին պարտքը կկուտակվի»:
Իսկ թե ով է «Արմավիա»-ի հնարավոր գնորդը եւ երբ կհրապարակվի նրա անունը, «Արմավիա»-ից չհաջողվեց ճշտել: Ընկերության որեւէ պատասխանատու հեռախոսազանգերին չի պատասխանում:
«Արմավիա»-«Զվարթնոց» պարտք-պահանջի պատճառով, օդանավակայանը կրկին հրաժարվել էր սպասարկել ավիաընկերության չվերթները:
Կարդացեք նաև
Սակայն քիչ առաջ օդանավակայանից ճշտեցինք, որ «Արմավիա»-ի չվերթները վերականգնվել են:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ