Այսօր տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարին առընթեր ատյանի նիստը: Օրակարգում էր «Սփյուռք» ամառային դպրոցի 2012թ. արդյունքների ամփոփումը եւ տեղեկատվություն՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող սիրիահայերի հիմնախնդիրների եւ դրանց կարգավորման մասին:
ՀՀ ՍՆ համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանի խոսքով ամառային դպրոցի ծրագիրը կառավարությունը ընդունեց եւ հաստատեց, որպես գերակա ուղղություն 2012թ.-ի համար. «Աջակցել Սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու զարգացմանը: Դպրոցը իրականացվեց 5 ուղղություններով: Առաջինը եւ ամենակարեւորը հայոց լեզվի արագացված ուսուցումն էր երկու ուղղություններով` արեւմտահայերեն եւ արեւելահայերեն: Կազմակերպվել են սփյուռքահայ լրագրողների դասընթացներ, ուսուցիչների վերապատրաստում, երիտասարդ առաջնորդների , ազգային երգի ու պարի դասընթացներ»:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի պնդմամբ հայագիտության քաղաքականությունը հասկացողությունը հենց այնպես վարել հնարավոր չէ. «Լիբանանանի եւ Սիրիայի ուսուցիչների հիմնարկ հասկացողությունը փակվեց եւ Սփյուռքը մնաց ձայն բարբառո անապատի: Ամբողջ հայկական Սփյուռքում չունենք հայագետ մասնագետների պատրաստման հնարավորություն: Այդ գաղափարն էր, որ մեզ ստիպեց բուհերի բարձրակետում` մայր բուհում դնել կառուցվածքային խնդիր եւ լուծել: Սա պետք է լինի ինստիտուտ, որը հավերժ շարունակվի Սփյուռքի համար: Համալսարանը արագացված ուսուցման գերհզոր կենտրոն պետք է դառնա»:
Կարդացեք նաև
Ամառային դպրոցի ղեկավար Կամո Աթայանի պնդմամբ, դպրոցի գաղափարը արժանի է որ շարունակելի դառնա. «Քննարկում ենք շատ կարեւոր հարց՝ ըստ իս ամառային դպրոցը լրացուցիչ կրթության ոլորտին է վերաբերում: Ինչքան էլ խոսենք, ես կարծում եմ, որ եթե սա դպրոց է ուրեմն պետք է ունենա իր հստակ կանոնադրությունը: Հուսով եմ այս հարցի քննարկումը կդրվի եւ շարունակական բնույթ կունենա»:
ՀՀ ՍՆ աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հետ տարվող աշխատանքները համակարգող խմբի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանի պնդմամբ, սիրիահայությունը Մեծ եղեռնից հետո կարողացել է հաջողությամբ ինտեգրվել սիրիական հասարակությանը, ստեղծել սեփական գործն ու աշխատանքը, պահպանել ազգային նկարագիրն ու մշակույթը, ձեւավորել իր ազգային իշխանությունը:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի խոսքով թերություններ չունեն նրանք, ովքեր գործ չեն անում. «Սա առաջին փորձն էր եւ կային թերություններ, խնդիրն այն է, որ դաս քաղենք այդ թերություններից. Չէ՞ որ լուծում ենք հայապահպանության խնդիրը: Դժվարությունները հաղթահարելի են, իսկ խնդիրն է մերձեցնել 2 լեզուները, պահպանել արեւմտահայերենը: ԵՊՀ-ն պատրաստ է շարունակել համագործակցությունը` ժամանակ կա մինչեւ մյուս ամառ»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ