Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեռ չիրականացած երազանքները շատ են». Ավետ Բարսեղյան

Հոկտեմբեր 17,2012 17:41


Բազում հոգեբանների, փիլիսոփաների և մտավորականների խորին համոզմամբ, «սիրված լինելու համար, նախ և առաջ պետք է ինքդ քեզ սիրես»: Գուցե այդ ասույթի ճշմարտությամբ էլ պայմանավորված է «Առաջին ծրագիր», «Թեժ տասնյակ» «Կռունկ», «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր», «Հայ սուպերսթար», «Խելք խելքի», «Առավոտը Շանթում», «Բարի լույս, հայեր», «Բարի գիշեր, հայեր», «Դուդուկի նվիրյալները», «Ուլտրամութ»  և այլ հաղորդումների վարող, հայ էստրադայի երգիչների բազում երգերի խոսքերի  հեղինակ և խոսքի մեծ վարպետ Ավետ Բարսեղյանի մասնագիտական հաջողությունը, ում հետ փորձեցինք զրուցել այդ և նման հարցերի շուրջ:

Ավետ, լինում է, չի լինում..

Լինում է, չի լինում մի մարդ, որը փոքր ժամանակ երազում էր: Հետո նա մեծացավ և հասկացավ` որքան ավելի շատ երազեր, այդքան լավ կլիներ իր համար: Շատ երազեք, որ «լինում է, չի լինում» արտահայտությունը ձեր կյանքում շատ լինի, ու ավելի շատ լինի, քան` չլինի:

Աշխարհը, կյանքը և, իհարկե, Ավետ Բարսեղյանը:

Սկսենք նորից: Լինում է, չի լինում Ավետ Բարսեղյանը, որը փորձում է գտնել իր տեղն այս աշխարհում` սեփական կյանքն ավելի գեղեցիկ և հետաքրքիր դարձնելու համար:

Շատ բանաստեղծական էր: Ո՞րն է քո փիլիսոփայությունը:

Մեկ բառով չեմ կարող ասել: Գուցե ամենառաջինն ու կարևորը` «ապրել»:

Հաջողության հասնելու բանաձևը:

Չկա հաջողություն և չկա ոչ մի բանաձև: Կա պարզապես ներդաշնակ ապրելու ինչ-որ տարբերակ, քանի որ հաջողությունը որպես այդպիսին չեմ համարում գագաթ, որին հասնելու համար բանաձևեր են հարկավոր:  Հաջողությունը, բանալիները, գաղտնիքներն ու ուսմունքները կեղծ կարծրատիպեր են: Չկա մի  մարդ, որը չհասնի իր երազանքին, ուղղակի պետք է ճիշտ փնտրել և գիտակցել: Քանի դեռ մարդը ստեղծվել է երկու ոտքով, գանգատուփում եղած որոշակի զանգվածով և մտածելու ունակությամբ, նա կարող է քայլ անել և առաջ շարժվել:

Քո անձը նկարագրող երեք բառ:

Այդ երեք բառերը միշտ առկա են իմ գրած երգերում: Դրանք սեր, հեքիաթ և հոգի բառերն են:

Սխալը, որի համար զղջում ես:

Ոչ մի սխալ, որի համար կարող եմ զղջալ: Ես բավական լավ եմ վերաբերվում իմ անձին, դրա համար իմ սխալները համարում եմ նույնքան կարևոր, որքան հաջողությունները: Եվ զղջալ սխալի համար անիմաստ եմ համարում:

Ամենամեծ հաղթանակը:

Որ ծնվել եմ:

Երբ լռում ես, ինչո՞ւ ես լռում, և երբ խոսում ես` ինչո՞ւ ես խոսում:

Երբ խոսում եմ` երբեմն անիմաստ, բայց լռությունս միշտ իմաստավոր է:

Ի՞նչն է քեզ ամենից շատ ուրախացնում:

Երեխայի ծնունդը, սերը` թե´ իմ կյանքում, թե´ ուրիշների, ժամանակին աշխատավարձ տալը, Երևանի դրսի աղբարկղում աղբը գցող կամ լուսաֆորի կանաչ լույսին սպասող մարդը, շախմատիստների հաղթանակը և այլն: Այսինքն` յուրաքանչյուր սիրո դրսևորում ինձ ամենից շատն է ուրախացնում:

Իսկ տխրեցնո՞ւմ:

Գրեթե ամեն ինչ: Մենության, անճարության և անելանելիության զգացողությունները, անգամ եթե շրջապատված ես միլիոնավոր մարդկացով: Սակայն մենություն ասելով` նկատի չունեմ ծխամորճը ձեռքիդ դասական երաժշտություն վայելելը:

Ինչպե՞ս եք հաղթահարում նյարդային վիճակը:

Վերջերս մի քանի տարբերակ եմ գտել` լարված վիճակից դուրս գալու համար: Սթրեսից նախ և առաջ ձերբազատվում եմ գրելու, ստեղծագործելու, էզոթերիկայի, հոգեթերապիայի և այլ գիտությունների վերաբերյալ գրականություններ ուսումնասիրելու և ֆիլմեր դիտելու միջոցով: Ֆիլմեր, որոնք դիտելուց հետո մնում ես դրանց ազդեցության ներքո: Ուստի ավելի ուժեղ սթրեսը քեզ հանում է նախնական սթրեսից: Արվեստում հակասթրես հասկացությունը մեծ նշանակություն ունի, դրա համար արվեստի ստեղծած սթրեսն ավելի դրական է ազդում մարդու հոգեկան աշխարհի վրա, քան կենցաղային որևիցե փոխհարաբերություն:

Չիրականացած երազանք:

Դեռ չիրականացած երազանքները շատ են: Օրինակ` այն, որ դեռ գիտնական չեմ, որ կարող էի յոթ տարեկան երեխա ունենալ և այլն: Ինչ վերաբերում է աշխատանքին, փառք աստծուն, նման խնդիր չունեմ: Միշտ երազել եմ ինտելեկտուալ հաղորդումներ (օրինակ` «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր», «Բոնուս») վարել` վարել եմ, անգամ Ռուսաստանում:

Երբեևէ խաբվել ե՞ս:

Իհարկե:

Դրական կողմ, որով կարող ես հպարտանալ:

Շփվողունակությունը:

Ինչի՞ց ես ամենից շատ վախենում:

Երբեմն մահից:

Իսկ ծերանալո՞ւց:

Ոչ: Մարդը պետք է հոգով երիտասարդ մնա: Օրինակ` ես ինձ զգում եմ ինչպես 19 տարեկան:

Ինչպե՞ս եք վերաբերվում պատասխանատվությանը:

Շատ պատասխանատու եմ, երբ  խոսքն իմ աշխատանքի, ընտանիքի և բարեկամների մասին է:

Վիճաբանության ժամանակ երբևէ ծեծվե՞լ ես:

Ոչ: Առհասարակ շփումներում առաջնորդվում եմ դիվանագիտությամբ:

 

Կարծում ես` այս կյանքից այն կողմ կա՞ մեկ այլ կյանք:

Այս կյանքից այն կողմ կյանք չկա, կա մեկ ուրիշ ապրելաձև: Կյանքը սա է, որով ապրում ենք:

Կարմայի գոյությունն ընդունո՞ւմ ես:

Այո: Ուսումնասիրելով տարբեր գիտություններ և ուսմունքներ` ընդունում եմ ամեն ինչ, սակայն ամբողջովին չեմ տրվում դրանց, որպեսզի չկտրվեմ երկրային կյանքից: Պարզապես խուսափում եմ սահմանափակ լինելուց:

Ճ՞իշտ է, որ հայերիս մեծամասնությունն անճաշակ երաժշտություն է լսում:

Ոչ բոլորը: Օրինակ` իմ շրջապատում այդպիսիք չկան:

Ըստ շվեցարացի գիտնականների` պարային, միանման տեխնո-երաժշտությունը բթացնում է ուղեղը: Օրինակ` նացիստական Գերմանիայում ռազմագերիների վրա փորձերից պարզ դարձավ, որ այս կամ այն տոնի, հաճախականության ժամանակ` պարզունակ ռիթմերը մարդուն հիպնոսացնում են։ Համաձա՞յն ես այդ տեսակետի հետ:

Միանշանակ, քանի որ պարզունակ և կրկնվող ռիթմերը շուտ են «մարսվում» մեր ուղեղի կողմից:

Իսկ այն մտքի հե՞տ, որ Հայաստանում հաջողված հաղորդումներ չկան:

«Չկան լավ հաղորդումներ, հաղորդավարներ» և նմանօրինակ խոսակցություններն անհեթեթություններ են: Ինքս տեսնում են բազմաթիվ տաղանդավոր և հրաշալի երեխաների, երիտասարդների, որոնք ներկայացնելու են Հայաստանի վաղվա օրը: Ընդամենը պետք է նպաստել նրանց զարգացմանն ու առաջընթացին:

Նոր հեռուստածրագրե՞ր:

Սպասվում են:

Եթե մի օր քեզ արգելեն ստեղծագործել, ինչպե՞ս կարձագանքես:

Կրկին արվեստով կամ.. գիտությամբ կզբաղվեմ:

Ո՞րն է տարբերությունը սկեսուր-մայրիկի և մարդասպանի միջև:

Սկեսուր-մայրիկն ամեն օր է «սպանո՞ւմ»..

Այո, գրեթե կռահեցիր: «Պատասխանն է` մարդասպանին փնտրում են, և դուք շահեցիք մեկ միլիոն դրամ»:

Ո՞րն է քո խորհուրդը երիտասարդ ստեղծագործողներին:

Թող ստեղծագործեն, բայց այդքան չտենչան` քառանկյուն տուփից (հեռուստացույցից/հեռուստատեսությամբ) երևալու համար, քանի որ երևալուց հետո առանձնապես մեծ հրաշքներ տեղի չեն ունենում:

Ելենա Չոբանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031