Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» գործով» պաշտպանները միջնորդում են սահմանափակել լրատվամիջոցների գործունեությունը

Հոկտեմբեր 17,2012 17:26

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Դավիթ Հարությունյան) հայտարարվել էր ընդմիջում՝ «Հարսնաքարի» գործով տուժող կողմի միջնորդության վերաբերյալ պաշտպանական կողմի դիրքորոշումը լսելու համար: Կես ժամ ընդմիջումից հետո դատարան ներկայացավ նաեւ տուժող Արտակ Բայադյանը:

Մինչ պաշտպանական կողմը կներկայացներ 20 կետից բաղկացած միջնորդության վերաբերյալ իր կարծիքը, ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը միջնորդեց, որպեսզի չլուսանկարեն իր պաշտպանյալին, քանի որ դրանով խախտվում է անմեղության կանխավարկածի սկզբունքը: Նա նաեւ ասաց, որ մամուլը պարբերաբար տեղեկություններ է տվել, թե նիստի ժամանակ իր պաշտպանյալը աչքով է տվել, դրանով հասկացնելով, թե ամեն ինչ կարգին է, ամեն ինչ լավ է, մատներն է ճտտացրել… Նա նաեւ ասաց, որ մամուլում նշվում են այնպիսի հանգամանքներ, որոնք ձեւավորում են կարծիք իր պաշտպանյալի նկատմամբ: Ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպանը՝ Սերոբ Պողոսյանը նկատեց, որ իր պաշտպանյալին էլ է մամուլը ներկայացրել այնպես, թե իբր տուժողներին ծեծի ենթարկած անձանցից մեկն է: Գրեթե բոլոր պաշտպանները գտնում էին, որ պետք է սահմանափակեն լրատվամիջոցների գործունեությունները, ինչին դեմ արտահայտվեց մեղադրող Աթուր Դավթյանը, գտնելով, որ գնահատական է տրվում ԶԼՄ-ներին եւ դրանով իսկ հրապարակայնության սկզբունքն է խախտվում:

Լրատվամիջոցների գործունեության սահմանափակմանը դեմ էր նաեւ տուժող կողմը, որի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը նկատեց, որ լրատվամիջոցներն ունեն խոսքի ազատության իրավունք, իսկ հանրությունն էլ ունի տեղեկություն ստանալու իրավունք:

Դատավորը հղում անելով դատաքննության հրապարակայնության սկզբունքին, մերժեց տվյալ միջնորդությունը:

Պաշտպանական կողմը սկսեց միջնորդության նկատմամբ անգամ վիրավորական արտահայտություններ թույլ տալ, այն համարելով դատավարական նորմերի կոպիտ խախտումներով արված, հնչեցին նաեւ այլ որակումներ՝ «հռչակագրային բնույթի», «լրատվամիջոցների համար փորձում են նյութ ապահովել», «անհասկանալի»: Ավելին՝ նրանք պահանջում էին միջնորդության մեջ օգտագործված «սպանություն», «թիկնապահ» բառերը հանել, քանի որ դա կապ չունի դատարանում քննվող գործի հետ:

Թերեւս միջնորդություններից միայն մեկի առումով միացան տուժող կողմին. տուժող կողմը պահանջել էր կենսաբանական, մասնակիաբանական փորձաքննություն անցկացնել, ամբաստանյալների եւ տուժողների հագուստների վրա առկա մանրաթելերի, մասնիկների առկայությունից որոշել յուրաքանչյուրի գործողությունները, այսինքն՝ անհատականացնել մեղքը:

Ի դեպ, պարզվեց, որ միակ իրեղեն ապացույց՝ Արտակ Բայադյանի արյունոտ վերնաշապիկից բացի, չի առգրավվել ոչինչ, անգամ նրա տաբատը: Ամբաստանյալների պաշտպանները պատրաստակամություն հայտնեցին այդ կապակցությամբ հանձնել իրենց պաշտպանյալների դեռեւս չառգրավված հագուստը:

Պաշտպանական կողմը համաձայն չէր դատախազի այն դիրքորոշմանը, թե ամբաստանյալները «ընդհանուր միակամ դիտավորությամբ են ծեծի ենթարկել տուժողներին»:

Դատավորը միջնորդությունների կապակցությամբ մտել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, չնայած պաշտպանական կողմը պնդում էր, թե պետք է միջնորդություններից յուրաքանչյուրը քննության դրվի առանձին-առանձին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031