Հոկտեմբերի 16-26-ը Հայաստանում կանցկացվի երրորդ «Գրական տապան» փառատոնը: «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի գործադիր տնօրեն, փառատոնի համակարգող Դավիթ Մաթեւոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մասնակցելու են 30 օտարերկրյա եւ 30 հայ գրողներ: Իր խոսքով, մասնակիցների ընտրությունը կատարվել է ըստ հանրահայտության, կլինեն նաեւ այն գրողները, ովքեր մասնակցության ցանկություն են հայտնել. «Փորձում ենք աշխարհագրությունը ընդլայնել, որպեսզի միայն Եվրոպան չլինի: Մասնակիցներ ունենք նաեւ այլ մայրցամաքներից»:
Մաթեւոսյանն ասում է, որ փառատոնի միջոցով նպատակ ունեն աշխարհի առջեւ բացել մեր մշակույթը, ինքնությունը, պատմությունը. «Ցանկանում ենք մեր գրականությունը, մշակույթը հանել միջազգային ասպարեզ, քանի որ ունենք այդ խնդիրը: Դա բաց է, որը պետք է լրացնել: Կարծում եմ, որ այս շփումների միջոցով մենք կկարողանանք մեր գրողներին հանել միջազգային ասպարեզ: Մնացածն արդեն իրենց անելիքն է: Մենք շատ վատ ենք ճանաչում արտասահմանյան գրականությունը: Այնտեղ կան գործընթացներ, որոնցից մենք տեղյակ չենք: Այժմ հնարավորություն ունենք ճանաչելու գրողներին, ովքեր իրենց երկրում շատ հայտնի են ու իրենցից հետաքրքրություն են ներկայացնում»:
Ի տարբերություն անցյալ տարիների, այս տարի շատ են մասնակիցները, նշեց Մաթեւոսյանը: Նա նպատակ ունի «Գրական տապան» փառատոնը դարձնել ամենամյա. «Տեսնենք, արդյոք, պետությունը կընկալի՞ անհրաժեշտությունը այս փառատոնի: Անձամբ ես տեսնում եմ սրա կարիքը»:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ