Լրահոս
Օրվա լրահոսը

Նունե Մանուկյան. Մանկապատանեկան փառատոնի հիմքը երեխաներն են (Տեսանյութ)

Հոկտեմբեր 17,2012 17:09

Հոկտեմբերի 20-24-ը Երեւանում, ապա՝ երեսուն օր ՀՀ մարզերում, տեղի կունենա Մանկապատանեկան ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը, որը կազմակերպել է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը` ՀՀ նախագահի եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Այս մասին այսօր հայտնեց փառատոնի մամլո քարտուղար Կարինե Գրիգորյանը՝ «Մոսկվա» կինոթատրոնում կայացած հանդիպման ժամանակ: Տիկին Գրիգորյանի փոխանցմամբ՝ փառատոնի ծրագրում ընդգրկվել է 105 ֆիլմ՝ 27 երկրից. «Այս տարի հայ երեխաներից բացի, մասնակցում են նաեւ պատանիներ Չինաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ռուսաստանից եւ Վրաստանից: Իսկ մանկապատանեկան ժյուրիի կազմում կաշխատեն նաեւ Սիրիայից ժամանած հայ երեխաները»:

Փառատոնի նախագահ Նունե Մանուկյանի խոսքով՝ մեծ ծրագրեր ընդգրկող իրադարձությունը կարելի է կինոֆորում համարել, քանզի անդրկովկասյան միակ կինոփառատոնն է. «Ընթանալու է երեք ուղղությունով՝ մշակութային, կրթական եւ սոցիալական: Ինչպես եւ նախորդ տարիներին, կլինեն ֆիլմերի ցուցադրություններ, պրեմիերաներ, վարպետության դասեր, կլոր-սեղաններ, ցուցահանդեսներ: Այս տարվա փառատոնը տարբերվում է ֆիլմերի մեծ քանակությամբ: Տարբեր երկրներից ստացել ենք մոտ 800 հայտ, որոնցից ընտրվել է 112-ը»:

Փառատոնի շրջանակում կանցկացվի «Դու մենակ չես…Միասին կհաղթենք…» խորագիրը կրող ծրագիրը. «Այս տարի այն իրականացվելու է երրորդ անգամ: Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում Մոսկվայի բժիշկները կանցկացնեն բուժզննումներ եւ դասախոսություններ: Մյուս ծրագիրը կոչվում է «Ես իրավունքներ ունեմ» եւ ներառում է սահմանափակ կարողություններով երեխաների նկարչական աշխատանքների ցուցահանդես,-ասաց տիկին Մանուկյանը՝ հավելելով,- փառատոնի հիմքը երեխաներն են, ամեն ինչ արվում է նրանց համար»:

Փառատոնի գեղարվեստական ծրագրերի տնօրեն Նելլի Ալելովան ասաց, որ մասնակցում են երեխաներ Հայաստանի եւ արտասահմանի դպրոցներից. «Նախապես աշխատում ենք երեխաների հետ եւ սովորեցնում ֆիլմերը ճիշտ գնահատել: Կարեւորն այն է, որ լիդերները թիմով աշխատել կարողանան: Մի քանի ֆիլմեր նախապես ցույց ենք տվել ժյուրիի կազմում ընդգրկված երեխաներին եւ կարծիք հարցրել, թե որ տարիքում է անհրաժեշտ դիտել դրանք: Որոշ ֆիլմեր երեխաները ցանկացան ցույց տալ ծնողներին՝ հարցի պատասխանը գտնելու նպատակով: Ուրախալի է, որ երեխաները խնդրով դիմում են ծնողներին՝ օրինակելի ֆիլմերի շուրջ կարծիք լսելու համար»:

Ավելացնենք,, որ ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնում, Մոսկվայի տանը, «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում եւ մի շարք դպրոցներում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031