Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արտակ Դավթյանին մի քանի հաղորդաշարեր նյարդայնացնում են

Հոկտեմբեր 17,2012 17:02

Բռնության, դաժանության, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող բովանդակությամբ ինֆորմացիայի լուսաբանումը ԶԼՄ-ներում բազմիցս քննարկվել ու քննադատվել է: Այս խնդրին առնչվող հարցերն այնքան են սրվել, որ դրանց լուծումներ տալու փորձ կարվի ՀՀ ԱԺ-ի մակարդակով, քանի որ այսօրվա նիստում ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը որոշում կայացրեց նոյեմբերին անցկացնել խորհրդարանական լսումներ՝ քննարկելու քաղաքացիների վրա վատ ազդեցություն ունեցող հեռուստառադիոհաղորդումների հարցը: Հանձնաժողովի նախագահի առաջարկով՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի մշակած չափորոշիչների հիման վրա լսումներից հետո կմշակվի եւ շրջանառության մեջ կդրվի օրենսդրական նախաձեռնություն:

Aravot.am-ը պարոն Դավթյանի հետ զրույցում փորձեց բացել փակագծերը՝ հետաքրքրվելով, արդյոք, քաղաքացիների կողմից կոնկրետ հաղորդումների վերաբերյալ դժգոհություններ եղե՞լ են, և ի՞նչ է սպասվում լսումների ընթացքում: Ա. Դավթյանը պարզաբանեց. «Հանձնաժողովն այսօր որոշում կայացրեց բռնություն, դաժանություն, դաստիարակության վրա բացասական ներգործություն ունեցող երևույթները ԶԼՄ-երում և դրանց լուսաբանումը ոչ միայն հեռուստառադիոհաղորդումներում, այլև բոլոր լրատվամիջոցներում հարցերով լսումներ անցկացնել: Նախատեսված է, որ լսումներին հրավիրենք նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների, հասկանանք՝ այսօր ի՞նչ վիճակ է տիրում: Հարցերից մեկն էլ լինելու է այն, որ օրինակ էլեկտրոնային լրատվամիջոցներում տեսնում ենք, որ թոփ նորությունների շարքում օրեր շարունակ դաժանություն, բռնություն պարունակող և նմանատիպ նյութեր են տեղադրվում: Արդյոք դա նորմա՞լ երևույթ է, թե՞ ոչ: Եթե ոչ՝ ի՞նչ կարող ենք անել, որ դաշտը քչից- շատից նորմալ տեսք ստանա: Ընդհանրապես քննարկելու համար դաշտն ազատ է: Թե լսումներին ո՞ւմ պիտի հրավիրենք, դեռ քննարկման և վերջնական ճշգրտման ենթակա հարց է»:

Մեր այն դիտարկմանը, թե այս առումով իրավիճակն այնքան է սրվել, որ ԱԺ-ի մակարդակո՞վ են ուզում հարցին լուծում տալ, թե՞ փորձ է արվում այդպիսով իրավիճակի հետագա սրացումները կանխել, Ա. Դավթյանն այսպես պատասխանեց. «Նախաձեռնության հեղինակներից մեկն էլ Մարգարիտ Եսայանն է, ով բարձրացրել է այդ հարցը, նաև իր մտահոգությունն է հայտնել: Ուստի որոշեցինք, որ լսումների ճանապարհով գնանք: Թե ինչ շարժառիթներ և մտահոգություններ կան, մի փոքր համբերությամբ զինվենք, նոյեմբերի կեսերին այդ լսումներն անցկացնենք ու հետևենք՝ ի՞նչ եզրահանգման ենք գալիս»:

Զրույցի վերջում պարոն Դավթյանից հետաքրքրվեցինք՝ ՀՀ լրատվադաշտում պատգամավորը սիրելի հաղորդաշար ունի՞ և ո՞ր հաղորդաշարն է իրեն նյարդայնացնում: Նա հայաստանյան հաղորդումների մասին ձեռնպահ մնաց կոնկրետ պատասխաններ տալուց, միայն նշեց, որ նյարդայնացնող հաղորդաշարերը մի քանիսն են: Այնուհետև անկեղծանալով ասաց, որ իր սիրելի հաղորդաշարերից են «Discovery»-ի և «National Geographic»-ի հաղորդաշարերը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031