Առջեւում նախագահական ընտրություններ են, եւ Aravot.am-ը նախկին պատգամավոր, «Վեդի ալկոյի» սեփականատեր Մանվել Ղազարյանից հետաքրքրվեց, թե ո՞ւմ է տեսնում` որպես ամենահավանական հաղթող թեկնածու: Մանվել Ղազարյանը պատասխանեց, որ միանշանակ տեսնում է միայն գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Մենք ճշտեցինք` դա զուտ շանսերի՞ առումով, թե՞ Ձեր համակրանքի առումով: Պարոն Ղազարյանը պատասխանեց. «Ե’վ շանսերը, ե’ւ իմ համակրանքը»:
Հիշեցնենք, որ Մանվել Ղազարյանը այն բացառիկ պատգամավորներից էր, որը 2008-ի փետրվարին ստորագրել էր Համաժողովրդական շարժմանը միանալու «7-ի փաստաթղթի» տակ, եւ հետո չի հրաժարվել իր ստորագրությունից: Ուստի մեր դիտարկմանը, որ Դուք ժամանակին ՀԱԿ-ի ու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքն էիք կանգնել մի պահ` պարոն Ղազարյանը հստակեցրեց. «Չէ, ես երկրապահ եմ եղել: 7-ի փաստաթղթի տակ ստորագրողներից եմ եղել, բայց 7-ը ոչ մի բան չի ասել: 7-ը ասել է` ժողովուրդ, մենք քեզ հետ ենք: Այդ փաստաթուղթն այդպես էլ կարդացվել է: Մենք ժողովրդի հետ ենք եղել, ասել ենք, որ ժողովուրդ ջան, հանկարծ մտածեք, որ մարդիկ ձեզ հետ են»: Մեր հարցին` այսինքն Դուք Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին չե՞ք եղել` պարոն Ղազարյանը հերքեց. «Չէ: Նման բան չի եղել գրված, հայտարարված: Մենք ժողովրդի հետ ենք եղել, մի նախադասություն ենք ասել, այդքան բան: Ինձ ասել են, որ ես գամ ու կարդամ` ժողովուրդ, մենք ձեզ հետ ենք: Դա էլ կարդացվել է»:
Նա վստահեցրեց, որ որեւէ աղերս ՀՀՇ-ի հետ չի ունեցել. «Ես երկրապահ եմ եղել: Ընդհակառակը: Մեզ Վազգեն Սարգսյանը միշտ ասում էր` ոչ մի քաղաքականության հետ, ոչ մի կուսակցության մեջ չխառնվեք, չմտնեք, մի խոսքով, դա ձեր տեղը չի: Երկրապահը պիտի մնա երկրապահ»:
Մեր դիտարկմանը, որ ԵԿՄ-ն արդեն Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից էլ քաղաքականության մեջ էր` պարոն Ղազարյանը պատասխանեց. «Դա ղեկավարությունից է եկել: Երկրապահի հրամանատարը ոնց կողմնորոշվել է, երկրապահի բոլոր մարտիկներն էլ այդ ուղղությամբ գնացել են»:
Կարդացեք նաև
Մենք պարոն Ղազարյանից հետաքրքրվեցինք` ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր այն ընկերներին, որոնք նույն «7-ի փաստաթղթի» տակ ստորագրեցին, հետո հրաժարվեցին այդ ստորագրությունից: Պարոն Ղազարյանը պատասխանեց. «Շատ վատ եմ վերաբերվում: Չի կարելի նման բան ասել: Եթե ասում են` դա իրենց խնդիրն է»: Հիշեցնենք, որ այդ հայտարարությունից հրաժարվեցին մասնավորապես գեներալ Սեյրան Սարոյանը, Մանվել Գրիգորյանի եղբորորդի Հրանտ Գրիգորյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ