Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչիկյանի փաստաբանն՝ իր պաշտպանյալի գործի մասին. «Չեմ կարծում, թե քաղաքական ենթատեքստ կա, բայց գործին դա չի էլ խանգարում»

Հոկտեմբեր 17,2012 15:17

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ առանձնապես խոշոր չափերով, կազմակերպված խմբի կողմից յուրացում և վատնում, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախություն, և 314-րդ հոդվածով՝ պաշտոնեական կեղծիք, նախատեսված արարք կատարելու համար:

Այժմ Վ. Խաչիկյանի պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Ժորա Վարոսյանը: Մինչ այս, մեղադրյալի փաստաբաններն էին Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը: Սակայն նրանք պաշտպանյալի հետ փոխհամաձայնությամբ հրաժարվել են նրա պաշտպանությունն իրականացնել` աշխատանքային զբաղվածության պատճառով: Պարոն Վարոսյանն էլ նախաքննական մարմնից խնդրել է այն փաստաթղթերը, որոնց այս փուլում կարող է ծանոթանալ, որպեսզի որոշի իր հետագա անելիքները:

Թե ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ և արդյոք այդ փաստաթղթերն արդեն տրամադրվե՞լ են Վ. Խաչիկյանի փաստաբանին, Aravot.am-ը փորձեց պարզել Ժորա Վարոսյանի հետ զրույցում: Պարոն Վարոսյանը տեղեկացրեց. «Դեռևս փաստաթղթերն ինձ չեն տրամադրվել: Մենք ունենք պայմանավորված ժամկետներ, որոնց սահմաններում այդ փաստաթղթերը կտրամադրվեն ինձ: Այժմ այդ փաստաթղթերն իմ ձեռքի տակ չեն: Ժամկետը կլրանա, դրանք կտրամադրվեն ինձ»: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ժամկետներում փաստաթղթերը կտրամադրվեն: Վ. Խաչիկյանի փաստաբանը պատասխանեց. «Ողջամիտ ժամկետներում: Քանի որ գործը ծավալուն է, մենք իրենց առաջ ժամկետներ չենք դնելու: Նախաքննական մարմնին դիմել ենք, որ Վ. Խաչիկյանի անձի հետ կապված այս փուլում որ փաստաթղթերին իրավասու եմ ծանոթանալ, տրամադրեն ինձ: Այս փուլում ես ողջ քրեական գործին ծանոթանալու իրավասություն չունեմ: Մասնավորապես ինձ հետաքրքրում են այն քննչական գործողությունները, որոնց Խաչիկյանը մասնակցել է, այն փորձաքննություններին, որոնց հետ Խաչիկյանը կապ ունի և դրանք նշանակություն ունեն»:

Մեր հարցին՝ արդյոք գործի քննությանը չի՞ խանգարում այն հանգամանքը, որ ըստ որոշ կարծիքների՝ Վ. Խաչիկյանի հետ կատարվածում առկա է քաղաքական ենթատեքստ ու քաղաքական որոշում, պարոն Վարոսյանն այսպես պատասխանեց. «Ես փաստաբան եմ, ինձ դիմել են, ես էլ վերցրել եմ գործը: Չեմ կարծում, թե քաղաքական ենթատեքստ կա, բայց գործին դա չի էլ խանգարում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031