Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեւոր է իմանալ գրքերի խորհուրդը». Հայագետ Դորա Սաքայան

Հոկտեմբեր 17,2012 15:00

Այսօր կայացավ հայագետ Դորա Սաքայանի «Արեւմտահայերէնը անգլիախոս աշխարհի համար՝ զուգորդական մոտեցմամբ» գրքի շնորհանդեսը:

Գիրքն ունի նույն հեղինակությամբ իր «զուգընկերը»՝ «Արեւելահայերենը անգլիախոս աշխարհի համար՝ զուգորդական մոտեցմամբ», որը լույս է տեսել 2007թ. ԵՊՀ հրատարակչության կողմից:

ԵՊՀ հրատարակչության կողմից հրատարակված այս գիրքը երկրորդ՝ բարեփոխված եւ լրացված հրատարակությունն է նույնանուն մի դասագրքի, որը լույս էր տեսել 2000 թ. Մոնրեալ քաղաքում: Արեւմտահայերեն եւ արեւելահայերեն երկու գրքերն էլ արդեն ճանաչում են գտել ու լայնորեն կիրառվում են արտասահմանյան մի շարք հեղինակավոր բուհերում:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի խոսքով, գրքի հեղինակը երկար տարիներ ամուր կապված է եղել համալսարանի հետ, այս տարիների ընթացքում նրանք միասին հրատարակել են բազմաթիվ գրքեր.

«Գրողը չէր կարող իր հետազոտական աշխատանքի մեջ չներառել իր բուն մասնագիտությունը՝ բանասիրությունը, նրա ջանքերի շնորհիվ սեղանին դրվեցին 2 գիրք: Արձագանքները փայլուն են, գիրքը խիստ անհրաժեշտ է հիմա, սա նոր դասագիրք է եւ արեւմտահայերենը անգլախոս աշխարհի համար իսկապես կարեւոր է: Մեր բանասիրության պատմության մեջ այս երկու հատորները յուրահատուկ տեղ ունեն, ոչ մի գիրք նման մակարդակ չունի, դրանք ընդգծված թիրախային նշանակություն ունեն: Հաղթանակ է եւ մեծ օգնություն, քանի որ մարդիկ կսովորեն հայերեն: Գիրքն ունի իր ընթերցողը, եթե 10 արտասահմանցի սովորի հայերեն ու գրի հայի մասին, դա արդեն հաղթանակ է»:

Հայագետ, գրքի հեղինակ Դորա Սաքայանը նշեց, որ ժամերը չեն բավարարի պատմելու այն ճանապարհի մասին, որ անցել են այս երկու գրքերը.

«Գրքում քերականությունը կա եւ ներհյուսված է, որպես միջոց հաղորդակցական կարողություն ձեռք բերելու համար: Հաշվի են առնված լեզվի մակարդակները, նրանց հիմքում միայն մեկ նպատակ է՝ խոսակցական կարողություն մատուցել: Կարեւոր է իմանալ գրքերի խորհուրդը, քանի որ արեւմտահայերենը վտանգված է: Գիրքը կարեւոր ձեռնարկ է դարձել, նշանակությունն այն է, որ մենք կապի մեջ ենք մտնում այլ լեզուների հետ: Նյութը կայուն կմնա, իսկ զուգադրական աշխատանքը ամեն լեզվի հետ կլինի, նաեւ նպատակ կա գիրքը տարածել համացանցով, որպեսզի հասանելի լինի բոլորին»:

Գերմանագիտության մեջ ունեցած իր ներդրումներին զուգահեռ, Դորա Սաքայանը ՄակԳիլ համալսարանում զարգացրել է հայագիտությունը՝ հիմնելով հայերենի դասընթացներ, գրելով հայագիտական մենագրություններ ու հոդվածներ, կատարելով կարեւոր թարգմանություններ ու խմբագրություններ, կազմակերպելով հայագիտական միջազգային համաժողովներ եւ այլն:

Մեծ է Դորա Սաքայանի ավանդը հատկապես Հայոց Ցեղասպանությունն աշխարհում ճանաչելի եւ ընդունելի դարձնելու գործում: Նա իր նախկին ուսանողուհու՝ Էվելինա Մակարյանի հետ գերմաներենից հայերեն է թարգմանում գերմանախոս երկրների գրադարաններում հայտնաբերած ականատեսների վկայություններ եւ Հայոց ցեղասպանությանն առընչվող նյութեր, որոնք պարբերաբար լույս են ընծայվում ԵՊՀ հրատարակչության կողմից:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031