Լրահոս
Օրվա լրահոսը

Էլիտար սերմացուի «պտուղները» տեսնելու համար ֆերմերը ՀՀ նախագահին հրավիրել է հացահատիկի դաշտ

Հոկտեմբեր 17,2012 14:53

Փոքր Վեդի համայնքի ֆերմեր Մեսրոպ Հայրապետյանը ՀՀ կառավարության էլիտար տեսակի սերմացուն ցանել է ու ձմռան շեմին մնացել առանց հացի, դեռ մի բան էլ կառավարությանը պարտք է մնացել. «Գյուղատնտեսը վստահեցրեց, որ 1 հեկտարից 5-6 տոննա բերք կստանամ, բայց 1 հեկտարից 14 ցենտներ էլ դուրս չեկավ: Մեկ կիլոգրամի դիմաց գյուղացին իրենց պետք է 2-ը հետ տար, բայց ինձնից ցորեն չեն ուզում, պահանջում են գումարը հետ տամ»: Տեսնելով, որ տակ է տվել, Մեսրոպ Հայրապետյանը դադարեցրել է ցորենի բերքահավաքը եւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, Արարատի մարզպետին հեռագիր է ուղարկել` հրավիրելով ցորենի դաշտ, «որ տեսնեն, թե էլիտար սերմացուն ինչպես է գյուղացուն «քաշել»: Ֆերմերի կանչին արձաքանքել է մարզպետարանի իրավաբանը, գյուղատնտեսը, որն էլ հրաժարվել է ստորագրել բերքահավաքի արդյունքների մասին փաստաթղթի տակ. «Իմ վնասը 5 միլիոն 310 հազար դրամ է կազմել: Ջրի, վառելիքի, հողի հարկերն էլ եմ պարտք մնացել: Ինձ պես մեր գյուղում 26 տուժած գյուղացի կա»: Մեսրոպ Հայրապետյանն այս ամենը պատմեց այսօր Ժուռնալիստների տանը ասուլիսին:

Միջոցառմանը ներկա «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը, «Ֆորեքս» կազմակերպության վերլուծաբան Միքայել Վերդյանն անդրադարձան գյուղացիների կրած վնասներին, հացահատիկի միջազգային գների տենդենցներին եւ տեղական շուկայի վրա դրանց ազդեցությանը:

Պարոն Բերբերյանի խոսքերով, միջազգային շուկաներում հացահատիկի գների բարձրացման միտումները շարունակվում են, ինչը չի կարող ազդեցություն չունենալ մեր տեղական շուկայի վրա եւ հացը կրկին կթանկանա: Ըստ նրա, բարձրացումները շատ արագ են անդրադառնում, սակայն, երբ միջազգային շուկայում է հացահատիկի գների իջեցում լինում, չգիտես ինչու, մեզ վրա դա չի ազդում:

Պարոն Վերդյանի տվյալներով, նախորդ տարի շաքարավազի գները մեր երկրում աճել են 38 %-ով, մինչդեռ միջազգային շուկայում այդ նույն ապրանքատեսակի գինը մեկ տարվա ընթացքում նվազել է 27 %-ով: Ըստ վերլուծաբանի, այսինքն` միշտ չէ, որ արտաքին տենդենցները անդրադառնում են մեր շուկայում կայացած գների վրա. «Հետեւաբար սրանք խնդիրներ են, որ մենք պետք է փնտրենք մեզ մոտ»:
Պարոն Վերդյանի համոզմամբ, հացահատիկի հետ կապված խնդիրները հաշվի առնելով, նաեւ այն, որ կախված ենք միջազգային շուկայի զարգացումներից, մոտակա 5 տարին անհարժեշտ կլինի ցորեն ներկրել, ուստի շատ կարեւոր է մեխանիզմների մասին մտածել, սերմացուի հետ կապված հարցերը ճիշտ լուծել:

Հրաչ Բերբերյանի տվյալներով, այս տարի նախորդ տարվա 6 ամիսների համեմատությամբ մոտ 45 հազար տոննա ավել է հացահատիկ ներկրվել. «Սա ինչ ցուցանիշ է, միանշանակ ցուցանիշ է, որ Հայաստանում բերքի պակաս է եղել»:

Լուսինե ԲՈւԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031