«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ազդարարեց, որ ինքն այն ժամանակ մեզ հաղթանակած ժողովուրդ կհամարի, երբ հարեւանների հետ ոչ թե զինադադարի, այլ խաղաղության պայմանագիր կնքենք: Բայց խաղաղություն դեռեւս չկա եւ չի էլ նշմարվում: Լարվածությունը պահպանվում է, խորանում: Իսկ իրավիճակը ձեռնտու է ադրբեջանական բռնապետական իշխանություններին, որոնք շահարկելով անվտանգության խնդիրները՝ զբաղված են նավթաոսկիներ կուտակելով: Բայց կան զուգահեռ շահեր: Ադրբեջանի եւ Թուրքիայի հայատյաց շրջանակները գիտակցում են, որ ընթացող ժողովրդագրական գործընթացների, այդ խնդրի նկատմամբ Հայաստանի իշխանությունների անտարբերության, իշխանության մաս դարձած քրեաօլիգարխիկ տարրերի գործունեության պայմաններում, իրենք յուրաքանչյուր անցնող տարի անհամեմատ ավելի շահեկան վիճակում են լինելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Ինչպես 25 տարի առաջ, հիմա եւս Հայրիկյանն այն կարծիքին է, որ Հայաստանը պետք է արմատապես փոխի իր արտաքին քաղաքականությունը, միջազգային իրավունքի եւ համապատասխան միջազգային կառույցների օգնությամբ շուտափույթ վերջ տա հակամարտությանը. «Հայաստանը պետք է ազդարարի, որ դուրս է գալիս բանակցային գործընթացից եւ տարածաշրջանի մյուս պետությունների հետ կամենում է լինել խաղաղության, բանակցային գործընթացի. հայ եւ ադրբեջանցի քաղաքացիների անվտանգության երաշխավորներից մեկն ու վերջնական համաձայնության գալ Ադրբեջանի հետ»,-նշեց ԱԻՄ առաջնորդը, որի փոխանցմամբ՝ անհրաժեշտ է Հայաստանի միջազգային իրավական հնարավորություներն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել, Արա Պապյանի, Արմեն Այվազյյանի, հայ եւ օտարազգի պատմաբան եւ միջազգային իրավունքի մասնագետ անձանցից, ինչպես նաեւ՝ Վարդան Օսկանյանի իշխանավարության ժամանակ պաշտոնանկ արված հայ դիվանագետների մասնակցությամբ:
Հայրիկյանն անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, մասնավորապես նախագահական ընտրություններին, նախագահի գործառույթներին՝ նշեց, որ երբ ինքը դառնա նախագահ, այդ պաշտոնը վերացնելու է, քանի որ նախագահի աշխատակազմի ծախսերով տարեկան կարելի է գոնե 200 ընտանիքի բնակարանով ապահովել: Այս պարագայում, ըստ Հայրիկյանի, կունենանք վարչապետ, որն էլ կլինի ընտրովի: Իսկ ինչ վերաբերվում է խորհրդարանի կազմին, ապա Հայրիկյանն այստեղ եւս փոփոխություններ կանի՝ «խորհրդարանի կազմը 131-ից կիջեցնեմ 81-ի, միեւնույն է, այնտեղ քչերն են աշխատում»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ