Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Յուրի Սուվարյան. Ադրբեջանցիները մեզ համարում են աֆղանների հետնորդներ

Հոկտեմբեր 17,2012 14:38

Այս պահին Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտում ընթանում է «Ալբանիա-Աղուանք-Առան. էթնո-քաղաքական պատմության եւ քրիստոնեական մշակույթի հիմնախնդիրներ» թեմայով միջազգային գիտաժողովը:

Բացման խոսքում ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանն ասաց, որ գիտաժողովը քննարկելու է հայ ժողովրդի պատմության համար չափազանց կարեւոր խնդիր` երբեմնի գոյություն ունեցած Աղուանք պետության պատմությունը. «Դրա որոշ բաց էջեր պատմական իրողություններն ու փաստերը կեղծելու եւ քաղաքական խնդիրներ լուծելու առիթ են տալիս մասնավորապես Ադրբեջանի համար: Հայտնի է, որ մենք 1500 տարի շարունակ ապրել ենք Աղուանք պետության հարեւանությամբ` վերջինիս հետ ունենալով բարիդրացիական հարաբերություններ: Մինչդեռ գրականության պակասի եւ Աղուանք պետության պատմության ուսումնասիրված չլինելու հետեւանքով առաջացել է խնդիր` հստակեցնել մեր եւ այդ պետության հետ ունեցած հարաբերությունները, ինչպես նաեւ` Աղուանքի դեմոգրաֆիական-էթնիկական կազմը, քանի որ Ադրբեջանը մեզ անվանում է աղվանների հետնորդներ: Միաժամանակ, այսօր շարունակում են գոյատեւել ժամանակին Աղուանք պետության էթնոսի մասը կազմող մի քանի ժողովուրդներ, որոշներն էլ ձուլվել են այլ ազգերին. նրանց պատմությունը նույնպես պետք է ուսումնասիրել»:

Սուվարյանի խոսքով` ցավալի է այն փաստը, որ Աղուանք պետության բաց էջերն օգտագործելով` Ադրբեջանը խորացնում է պատմական կեղծարարությունը, ինչը հայկական գիտության համար մեծ խնդիր է. «Այն բավականաչափ ուշադրության չի արժանացել մեր պատմաբանների կողմից, քանի որ Սովետական շրջանում վերջիններս աշխատել են սահմանափակումների մեջ: Այժմ խնդիրը կարելի է լուծել գիտական ուսումնասիրություններով եւ աշխատություններով»:

ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը հայտնեց, որ նախորդ գիտաժողովից հետո հուսով էր տեսնել նաեւ ադրբեջանցի գործընկերների մասնակցությունը, սակայն վերջիններս շարունակում են ոչ անաչառ եւ ագրեսիվ ելույթներ ունենալ. «Աղվանագիտությունը գիտության այն ոլորտներից է, որը պահանջում է լուրջ ուսումնասիրություններ եւ պատասխանատու աշխատանք: Մենք պետք է հիմնվենք պատմական հավաստի աղբյուրների եւ ուսումնասիրությունների վրա: Հուսով եմ, որ ադրբեջանցի գործընկերները կհամաձայնեն մասնակցել հետագա հանդիպումներին եւ կուսումնասիրեն այն տարածքը, որի վրա ներկայումս գոյութուն ունի Ադրբեջան պետությունը»:

Արեւելագիտության ինստիտուտի տնօրենը նաեւ ասաց, որ Սեւծովյան-մերձկասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի եւ ԳԱԱ-ի միջեւ կնքվել է փոխհամագործակցության պայմանագիր: Գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես կգան նաեւ ինստիտուտի մասնագետները:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031