Այսօր «Դեբատ» ակումբում կազմակերպվել էր քննարկում, որը նվիրված էր Մամուլի օրվան:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի համոզմամբ` Հայաստանում ասել ազատ մամուլ, նշանակում է` ապրել վիրտուալ կյանքով: Նա կարծում է, որ օբյեկտիվ քննադատություն մեզ մոտ չի լինում: Եթե կա ազատ դաշտ, որտեղ գրաքննություն չկա ու մարդիկ ազատ գրում են այն, ինչ ցանկանում են, ապա Կարապետյանի համար դա Facebook սոցիալական ցանցն է. «Ցավոք սրտի մամուլը շատ մեծ դժվարությամբ է ձեւավորվում: Եթե Հայաստանում լուծվի մամուլի ֆինանսական աղբյուրների, հովանավորչության խնդիրները, ապա հնարավոր է, որ 4-րդ իշխանությունը գտնի իր տեղը»:
ՀՀԿ-ի ներկայացուցիչ Լեռնիկ Ալեքսանյանն էլ համոզված է, որ մամուլը առանց ֆինանսների հնարավոր չէ, բայց նույնիսկ այդ դեպքում` կարեւոր է որակը. «Եթե մամուլը ընդունվի հասարակության կողմից, նրանց կհովանավորեն տասնապատիկ անգամ շատ»:
Ալեքսանյանը նկատել է, որ այսօր մամուլի կողմից իշխանությունը ավելի շատ է քննադատվում, քան տարիներ առաջ էր: Ըստ նրա, դա գալիս է նրանից, որ հանդուրժողականություն կա չորրորդ իշխանության նկատմամբ. «Դա իշխանությունների ձեռքբերումն է»:
Կարդացեք նաև
Տարածաշրջանային հետազոտությունների եւ խորհրդատվական խմբի գործադիր տնօրեն, վերլուծաբան Սուրեն Մովսիսյանն էլ ասաց, որ առանց օբյեկտիվ մամուլի չի կարող լինել ուժեղ պետություն. Մենք այսօր ունենք լրատվամիջոցներ ու լրագրողներ, ովքեր ճիշտ են ներկայացնում եղածը, բայց կան այնպիսիները, որոնք ստիպված մտնում են հովանավորչության տակ: Այստեղ կա արդեն լրագրողի էթիկայի պահը, թե նա որքանով է իրեն թույլ տալիս լուսաբանել ոչ օբյեկտիվ ձեւով:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ