Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Սերժ Սարգսյանը Լեւոն Տեր-Պետրոսյան- Ռոբերտ Քոչարյան բացասական ժառանգության կրողն է»

Հոկտեմբեր 17,2012 13:49

ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանն այսօր «Զարկերակ» ակումբում խոսելով արտաքին քաղաքականության  մեջ Հայաստանի բացթողումներից, ասաց, որ մենք արդեն երկու տասնամյակ է, որ պատերազմական կամ կիսապատերազմական վիճակում ենք, իսկ դա  անթույլատրելի է, հատկապես ԵԱՀԿ անդամ պետությունների համար. «Հայաստանի հանդեպ սպառնալիքները շարունակվում են, իսկ Հայաստանի  հանդուրժողական վերաբերմունքը արդարացնում է սպառնացողների հիմնավորումները:

Այժմ Հայաստանն այնպիսի իրավիճակում է, որ  Թուրքիան իր աշխարհաքաղաքական կարգավիճակից բխող բազմաթիվ միջազգային պարտավորություններից ելնելով էլ փակ է պահում Հայաստանի հետ սահմանը: Հայաստանն իր հանդուրժողական կեցվածքով արդարացնում է իր հանդեպ հնչող մեղադրանքները: Ադրբեջանը, Թուրքիայի հետ համատեղ, միջազգային հանրությանը հոգեբանորեն եւ իրավաբանորեն նախապատրաստում է նոր, եւ իր համար  հաղթական պատերազմի: Նրանց արդեն հաջողվել է արմատավորել այն կարծիքը, թե Հայաստանը նվաճել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը»,- նշեց Հայրիկյանը: Իսկ ինչպես առաջացավ այս իրավիճակը. Հայրիկյանի մեկնաբանմամբ՝ այդ ամենի հիմնադիրը միջազգային իրավունքից անիրազեկ, հայ ժողովրդի պատմությունից անտեղյակ եւ պատմության դասերի նկատմամբ անտարբեր անձն է. «Նրա կամքով  անկախացող Հայաստանը չսահմանազատեց Հայաստանի անկախությունը ոչնչացրած, ցեղասպանության հետեւանքներն ամրագրած Մոսկվայի 1921 թվի պայմանագրից: Ղարաբաղ կոմիտեով ասպարեզ ելած մարդը ՄԱԿ-ում անդամագրության շրջանում Հայաստանի սահմանների վերաբերյալ, նույնիսկ Արցախի վերաբերյալ վերապահում չարձանագրեց»:

Հայրիկյանի ձեւակերպմամբ՝  այսօր արցախի ինքնորոշման իրավունքի մասին խոսող Հայաստանի իշխանությունները Ադրբեջանից ոչ պակաս արհամարհելով այն եւ Արցախի փոխարեն բանակցություններ վարելով, շարունակում են արհամարհել Արցախը. «1990-1988 թվականներին ՀՀ առաջին քաղաքական պատասխանատուի կամքով գավառական վարչարարին վիճակվեց դառնալ Հայաստանի վարչապետ, ապա նախագահ: Այս կարգավիճակում նա շարունակում էր կարծել, թե Արցախն աշխարհի կենտրոնն է՝ Հայաստանը Արցախից դուրս մի կառույց, որի միակ առաքելությունն է սատարել Արցախին»:

Սերժ Սարգսյանը այդ բացասական ժառանգության կրողն է. համոզված է ԱԻՄ ղեկավարը, ըստ որի,  դժվար է պատկերացնել, որ ձախողած՝ «առանց նախապայմանների» բարի դրացիական հարաբերությունների հաստատման քաղաքականությունից հետո նա ի զորու կլինի արմատական փոփոխություններ անել. «Սերժ Սարգսյանը ոչ միայն Լեւոն Տեր-Պետրոսյան- Ռոբերտ Քոչարյան բացասական ժառանգության, այլեւ իր հիմնական շեշտադրումներով ձախողած արտաքին քաղաքականության պատանդն է»,-հավելեց նա:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031