Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կրճատվում է տրանսպորտային միջոց վարելն արգելող հիվանդությունների ցանկը

Հոկտեմբեր 17,2012 13:40

Հոկտեմբերի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը նախատեսում է ընդունել «Վարորդական վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման իրականացման կարգը, բժշկական հավատարմագրման տեղեկանքի ձևը, այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը հաստատելու» մասին որոշումը:

Միաժամանակ ուժը կորցրած կճանաչվի ՀՀ կառավարության 2006 թ. ապրիլի 20-ի «Այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը հաստատելու մասին» N 581-Ն որոշումը:

Որոշման նախագծով նաև առաջարկվում է սահմանել, որ յուրաքանչյուր ամսվա մեկին և տասնվեցին թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունները ՀՀ ոստիկանության «ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը էլեկտրոնային կրիչների միջոցով կամ էլեկտրոնային փոստով տեղեկատվություն են տրամադրում նշված բժշկական հաստատություններում հաշվառված անձանց մասին:

Սահմանվելիք այն հիվանդությունների ցանկում, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց, ներառված են աչքի բացակայությունը, վերին կամ ստորին վերջույթի, դաստակի կամ ոտնաթաթի բացակայությունը, շարժումները սահմանափակող` դաստակի կամ ոտնաթաթի ձևախախտումը, ինչպես նաև ձեռքերի մատների կամ ֆալանգների ձևախախտումները և արատները, որոնք հանգեցնում են վերջույթի ֆունկցիաների խիստ խանգարման, բացառությամբ անձի հնարավորություններին հարմարեցված տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերի:

ՀՀ կառավարության 2006 թ. ապրիլի 20-ի ներկայումս գործող որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկը բավականին ծավալուն է. այն ներառում է աչքի և դրա հավելումների, ականջի, վիրաբուժական, նյարդային և հոգեկան, ինչպես նաև բազմաթիվ այլ հիվանդություններ:

Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվում է պոլիկլինիկական բժշկական հաստատություններում վարորդի թեկնածուների, վարորդական վկայական ունեցող անձանց բժշկական հավատարմագրում` ՀՀ օրենսդրությանը համապատասխան: Ներկայումս ՀՀ կառավարության գործող որոշման մեջ առկա են անհամապատասխանություններ, հավելվածները չեն համապատասխանում ՀՀ օրենսդրությանը և պարունակում են հակասություններ:

Որոշման նախագծի կազմմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական ծրագրերի և որակի կառավարման, իրավաբանական վարչությունների աշխատակիցները: Նախագծի վերաբերյալ հասարակությունը իրազեկվել է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում նախագիծը տեղադրելու միջոցով (www.moh.am` օրենսդրություն – նախագծեր բաժնում), ինչպես նաև նախագիծը քննարկվել է «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության և բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:

Քննարկման արդյունքում արված առաջարկությունները ներառված են ՀՀ կառավարության որոշման նախագծում:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031