Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՞վ է սպիտակ ձեռնափայտով մարդը

Հոկտեմբեր 17,2012 13:27

Մենք մեծ մասամբ անտեղյակ ենք լսողության, տեսողության եւ այդ կարգի խնդիրներ ունեցող մարդկանց դժվարություններին։ Ու թե առնչվում էլ ենք այդ մարդկանց խնդիրներին, ապա առավելաբար գրականության կամ կինոյի միջոցով։ Մինչդեռ լսողության կամ տեսողության կորուստը պատկերացնելն անգամ սարսափելի է: Իսկ թույլ տեսնող եւ տեսողությունից լիովին զուրկ մարդկանց խնդիրներով անձինք Հայաստանում 12 հազար են։

Տեղեկացնենք, որ այս տարի վերջապես Հայաստանում բացվեց տեսողական գործառույթի խախտում ունեցող մարդկանց վերականգնողական կենտրոն, ինչը արդյունք է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության, նույն երկրի Կույրերի միության, լեհական «Արի-արի» հիմնադրամի եւ հայկական «Հանգրվան» հասարակական կազմակերպության համագործակցության ու OSIAF- ի ֆինանսական աջակցության։ Կենտրոնի գործունեության շնորհիվ 2011 թվականի նոյեմբերի 1-ից 27-ը լեհական կողմը տարածության մեջ կույրերի կողմնորոշման եւ մանուալ սենսորիկայի նեղ մասնագիտացման դասընթացներ է անցկացրել, որոնց մասնակցել են նաեւ Երեւանի մանկավարժական համալսարանի տիֆլոմանկավարժության ֆակուլտետի ուսանողները։ Սակայն թույլ տեսողություն ունեցող եւ տեսողությունից զուրկ անձանց լիակատար եւ համաշխարհային փորձին համապատասխանող օգնություն ցուցաբերելու համար կենտրոնին անհրաժեշտ են բրայլյան այբուբենով պլաստիկ դիդակտիկ նյութեր եւ սպիտակ ծալվող ձեռնափայտեր։ Ի դեպ, Հայաստանում հնարավոր չէ սպիտակ ծալվող ձեռնափայտեր ձեռք բերել, հետեւաբար կենտրոնն իր խնդիրն է համարում վերականգնողական կուրս անցած կույրերին եւ թույլ տեսողություն ունեցող անձանց դրանց տրամադրելը։ Աշխատանքների ներկայիս փուլում անհրաժեշտ է նվազագույնը 2000 սպիտակ ձեռնափայտ, սակայն միջոցների պակասը խոչընդոտում է գործընթացին։

Վերականգնողական կենտրոնում տեսողական խնդիրներ ունեցող անձինք ինքնուրույնություն են ձեռք բերում, բավարարում են իրենց մասնագիտական ու հասարակական պահանջները՝ կատարելագործելով տարածության մեջ ինքնուրույն կողմնորոշվելու կարողություն։ Անց են կացվում նաեւ կույրերի ու թույլ տեսնողների հանդեպ ճիշտ վերաբերմունք դրսեւորելու եւ նրանց հետ ճիշտ հարաբերվելու դասընթացներ։ Կենտրոնը մեծապես օգնում է այցելուներին նոր հետաքրքրություններ ձեւավորելու եւ զբաղմունք գտնելու հարցում, դրանով իսկ չեզոքացնում է նշված կարգի խնդիրներ ունեցող մարդկանց ամենամեծ դժվարությունը՝ անպետքության, սոցիումին անօգտակար լինելու զգացումը։

Սակայն սկսած աշխատանքները հենց սկզբից դժվարություններ ունեցան։ Պարզվեց՝ թույլ տեսողություն ունեցող եւ տեսողութունից զուրկ անձանց մասին վիճակագրությունը կազմվել է որոշակի նկատելի անճշտումներով, եւ տեղեկությունները, բացի անօգտակարության չափ սուղ լինելուց, ոչ միայն հնացած են, այլեւ ցաք ու ցրիվ են։ Եղած տեղեկությունները հավանաբար երկար ժամանակ չեն թարմացվել ու դադարել են համապատասխանել իրականում տեղի ունեցած մարդկանց միգրացիային։ Քանի որ շատ հաճախ մեր հավանական շահառուն արդեն չի բնակվում տեղեկություններում նշված հասցեում՝ փոխել է տունը, բնակավայրը։ Ուստի մեծ դժվարությամբ ենք կարողանում տեղեկացնել տեսողական գործառույթի խախտում ունեցող անձանց մեր կենտրոնի գոյության ու գործունեության մասին։

Այնուամենայնիվ, կենտրոնը փորձում է առավելագույն արդյունավետության հասցնել իրականացվող աշխատանքները, եւ այդ ուղղությամբ գործում են ոչ միայն կենտրոնի աշխատակիցներն ու ծրագրի մասնակիցները, այլեւ տասնյակ կամավորներ, որոնք թույլ տեսողությամբ եւ տեսողությունից զուրկ անձանց ինչպես փակ տարածքում, այնպես էլ փողոցում սովորեցնում են առանց կողմնակի օգնության ինքնուրույն տեղաշարժվել՝ սպիտակ ձեռնափայտի միջոցով հաղթահարելով պատահող խոչընդոտները։ Կենտրոնը գործում է Երեւանի Տիգրանյանի անվան թիվ 14 կույրերի մասնագիտացված դպրոցի տարածքում՝ տնօրեն Ալեքսան Ահարոնյանի սիրալիր համաձայնությամբ։ Ի դեպ, դա էլ իր նպաստն ունի աշխատանքի արդյունավետության տեսանկյունից, քանի որ այստեղ հանդիպում են նույն խնդիրներն ունեցող տարբեր տարիքի անձինք, միատեղ անցնում ինչպես տարածական կողմնորոշման, այնպես էլ ինքնասպասարկման դասընթացներ։ Հանդիպումներ են կազմակերպվում, որոնց ընթացքում սեղան են գցում հենց իրենք՝ տեսողական գործառույթի խախտումներ ունեցող անձինք՝ լիովին ինքնուրույն։ Իհարկե սա կենտրոնի եւ գործընկերների բազմակողմանի աշխատանքի հարյուրերորդ մասն է։

Նկարագրվածին զուգահեռ՝ այցելում ենք Հայաստանի տարբեր մարզեր՝ գտնելու այն մարդկանց, ովքեր ունեն մեր ծառայությունների կարիքը, բայց դա միայն խնդիրներից մեկն է եւ ոչ ամենաբարդը։

Իհարկե հարատեւ է հովանավոր գտնելու խնդիրը, հովանավորումն էլ օդի պես անհրաժեշտ է աշխատանքների ներկա փուլում, քանի որ անհրաժեշտ է փոխադրամիջոց, մասնագիտացված դիդակտիկ նյութեր ու հատուկ կառուցվածքի եւ հատուկ նշանակության սպիտակ ձեռնափայտեր ձեռք բերել։ Հենց այդ ձեռնափայտերն են այն գործիքները, որոնք մեծապես օգնում են տեսողական գործառույթի խախտում ունեցող անձանց անվնաս եւ ինքնուրույն փոխադրվելուն եւ հենց այդ ձեռնափայտերն են, որ արդեն 70 տարի ծառայում են նաեւ նշված խնդիրն ունեցող մարդկանց ճանաչելուն ու նրանց հետ ճիշտ ու հոգատար վարվելուն։

Այս մարդիկ շատ զգայուն եւ նուրբ են: Նրանց մոտ շատ լավ զարգացած են բոլոր մյուս զգայարանները՝ բնությունը փոխհատուցում է: Նրանք հրաշալի երգում են, նվագում են երաժշտական զանազան գործիքների վրա, նրանք ունեն մատների հզոր մոտորիկա, գերազանց հոտառություն ու շոշափելիքի զգայարաններ: Նրանք խղճուկ չեն, սրամիտ են, կրթված եւ ինչպես ոչ ոք՝ կարողանում են ծիծաղել ինքներն իրենց վրա: Իհարկե իրենք շփման մեծ կարիք ունեն: Եվ մեր կազմակերպությունը անում է այն ամենը, ինչ կարող է: Այժմ մենք դիմում ենք բոլորին, ով կարդում է այս տողերը, ուշադիր եղեք սպիտակ ձեռնափայտով մարդկանց նկատմամբ, անտարբեր մի անցեք նրանց կողքով, կանգ առեք, օգնեք նրանց ինչով կարող եք: Դուք չեք կարող պատկերացնել, թե որքան են նրանք գնահատում դա, եւ ինչպես կջերմացնի ձեր սիրտը նրանց շնորհակալ ժպիտը: Դուք էլ կզգաք նոր եւ չապրված զգացմունքներ՝ առնչվելով այդ ձեզ անծանոթ ու բոլորովին այլ աշխարհի հետ, որտեղ բացակայում են վիզուալ պատկերները, բայց այն հարուստ է այլ, ոչ պակաս գրավիչ, զգացողություններով:

Անտարբեր մի անցեք սպիտակ ձեռնափայտով մարդու կողքով:

ՆԱՆԱ ԿՈՒՐԲԵՏ-ՍԻՄՈՆՅԱՆ

«Հանգրվան» հ/կ կամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031