Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերեւներում» ծանոթներ չունեմ

Հոկտեմբեր 17,2012 13:25

Շվեյցարաբնակ կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանը կառավարական պարգեւներ չի ակնկալում

Կարծրատիպ կա, թե հայրենիքից հեռացած շատ արվեստագետներ Հայաստանը հիշում են միայն սեփական հոբելյանները նշելու առիթով: Օրերս մի բացառիկ փաստի առնչվեցինք. շուրջ 20 տարի շվեյցարաբնակ կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանը, ով հեղինակ է նվագախմբային, երգչախմբային, կամերային, կինո եւ էլեկտրոնային երաժշտության, այս տարվա ընթացքում երրորդ անգամ Երեւանում նշում է իր ծննդյան կեսդարյա հոբելյանը: Մենք անդրադարձել ենք փետրվարին եւ ապրիլին կայացած նրա հոբելյանական երեկոներին ու հիշեցնենք, որ վերջին անգամ կոմպոզիտորը հոբելյանի առիթով պարգեւատրվեց ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: Արվեստագետի երրորդ հոբելյանական երեկոն տեղի կունենա հոկտեմբերի 26-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Զրույցը Արեւմուտքում առավել հայտնի հայ կոմպոզիտորի հետ սկսեցինք կեսկատակ-կեսլուրջ հարցով. այս անգամ ակնկալում եք կառավարակա՞ն պարգեւ: Դավիթ Հալաջյանն ամենայն լրջությամբ ասաց. «Միանշանակ՝ ոչ: Հայաստան երբեք չեմ եկել պարգեւներ ստանալու համար: Եվ հետո, այստեղ ժամանակ չեմ ունենում հանդիպել նրանց հետ, ովքեր նման որոշում են կայացնում: Ասեմ նաեւ, որ ծանոթներ էլ չունեմ «վերեւներում»: Բայց չեմ բացառում, որ նույն «վերեւներում» ունեմ արվեստիս երկրպագուներ»: Շարունակելով խոսքը, մեր զրուցակիցը հայտնեց, որ Ցյուրիխի Hochschule-ում, որի պրոֆեսորն է ինքը, ուսումնական տարվա ընթացքում 4 անգամ տրվում է արձակուրդ եւ ինքն էլ օգտվելով այդ հնարավորությունից, ամեն անգամ շուրջ 10 օր այցելում է հայրենիք: «Այս անգամ Էդուարդ Թոփչյանի ղեկավարած Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Ռոբերտ Մլքեյանի գլխավորությամբ Հայաստանի կամերային նվագախմբի եւ մենակատարների մասնակցությամբ կներկայացնեմ առաջին անգամ այստեղ կատարվող ստեղծագործություններ, որոնց մեծ մասը գրված է, օրինակ, Ցյուրիխի եկեղեցու պատվերով՝ հիմնադրման 750-ամյակի առիթով, ԱՄՆ-ում անցկացված «Դիլիջան» կամերային երաժշտության փառատոնի պատվերով եւ այլն: Ասեմ, որ հոբելյանիս նվիրված միջոցառումներ արդեն կայացել են Շվեյցարիայում, Գերմանիայում, Ճապոնիայում եւ ԱՄՆ-ում: Հայաստանյան հեղինակային երեկոս հոբելյանիս եզրափակիչ ակորդն է»,- ասաց կոմպոզիտորը:

Ժամանակին Երեւանի կոնսերվատորիան ավարտեցիք (Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործական դասարան)՝ ստանալով բարձրագույն երաժշտական կրթություն, իսկ ի՞նչ ստացաք Շվեյցարիայում 2 տասնամյակ ապրելով ու ստեղծագործելով, բացի այն բանից, որ ձեր անունը առավել հայտնի է արեւմտյան երաժշտարվեստի սիրահարների շրջանում, քան հայրենական, հարցին Հալաջյանը պատասխանեց. «Եվրոպայում ապրելը ինձ հնարավորություն տվեց կողքից կամ նոր հայացքով տեսնելու, թե ինչ ունեմ, թեեւ մշտապես հավատացել եմ գենետիկայի ուժին ու աշխատել արմատներիցս չհեռանալ: Երբեք բարձրաձայն չեմ ասել, բայց հիմա վստահ կարող եմ փաստել, որ իմը հայկականն է: Այստեղ ինձ ավելի հոգեհարազատ են մարդիկ. կոլեգաներ, ծանոթներ, անծանոթներ, որոնց հետ մանկություն ու պատանեկություն եմ անցկացրել եւ այս մարդկանց հետ կարող եմ ավելի պարզ շփվել…»: Դիտարկմանը, թե խմբերգային եւ վոկալ ստեղծագործությունների տեքստերը հիմնականում լատիներեն են կամ այլ օտար լեզվով, արվեստագետը, համակարծիք լինելով, հայտնեց. «Դա այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ պատվիրատուն Արեւմուտքից էր: Բայց ինքս իմ արվեստը լավ իմանալով՝ ասեմ, որ ունեմ մի գիծ, որը նույնն է թե անգլերեն, թե լատիներեն… Այ հիմա արդեն մտադիր եմ ստեղծագործել միայն մայրենիով, հիմնականում՝ գրաբարով»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031