Լրահոս
Օրվա լրահոսը

Շոու-բիզնեսի նախարարության եւ ուսյալ մարդու հակաPR-ի մասին

Հոկտեմբեր 17,2012 13:22

PR մասնագետ  Հայկ Կիրակոսյանի դիտարկումները

Արդյոք այսօր մոդայի՞կ է կրթված մարդը, պետական մակարդակով ուսյալ մարդու, ազգային մշակույթի PR արվո՞ւմ է: Այս եւ այլ հարցերի մասին «Առավոտը» զրուցեց PR մասնագետ Հայկ Կիրակոսյանի հետ: Նրա ձեւակերպմամբ, ընդհակառակը՝ ուսյալ մարդու հակաPR է արվում. «Հայաստանում հակառակն է՝ գիրք կարդալը, կրթություն ստանալը ո՞ւմ է պետք, եթե կա ծանոթ, փող, կաշառք եւ այլն»:

Մեր դիտարկմանը, թե, օրինակ, ՀՀ նախագահը առարկայական օլիմպիադաների եւ միջազգային մրցույթների հաղթողներին շնորհավորում է նախագահականում, Կիրակոսյանը պատասխանում է. «Դրանք ավելի շատ արարողակարգային միջոցառումներ են, որպեսզի հասկանանք, թե ինչ ասել է գիտակրթական ոլորտի քարոզչություն, պիտի դիտարկենք, թե ինչքան տեղ է դա զբաղեցնում ԶԼՄ-ներում, պետական ծրագրերում: Եղած միջոցառումները լայն իմաստով ուսյալ մարդու PR չեն, չնայած դրանցում դրական բան կա: Նույն նախագահը, օլիգարխները կամ պետական պաշտոնյաները սպորտին ու սպորտսմեններին այնքան ուշադրություն են դարձնում, որն ուսյալ մարդուն հատկացված ուշադրության համեմատության դեպքում 10/1 հարաբերակցություն է ստացվում: Ուսյալ մարդու քարոզչությունը ամենահետին պլանում է եւ անգամ 10-յակի մեջ չի մտնում»:

Ինչ վերաբերում է պետական մակարդակով մշակույթի ոլորտի PR-ին, մասնագետը պատկերավոր է ձեւակերպում ասելիքը. «Եթե նախկինում ուրիշները ծառերի վրա էին, երբ մենք գիր ու գրականություն ունեինք, այսօր կատակով ասում են, թե հիմա էլ մենք ենք ծառերի վրա, եւ դրա մեջ ճշմարտության ցավալի մաս կա: Իհարկե ունենք նաեւ գիր-գրականությանը ուշադրություն դարձնող բավական լայն զանգված, սակայն դա պակասող փոքրամասնություն է»:

Հայկ Կիրակոսյանը անհասկանալի է համարում մշակույթի նախարարության գոյությունը եւ առաքելությունը, ասում է՝ այն պիտի զբաղվեր մշակույթի քարոզչությամբ, մինչդեռ վերածվել է շոու-բիզնեսի նախարարության. «Այսօր ավելի շատ շոուի ենք ականատես: Օրինակ՝ ընթերցանության ֆլեշ-մոբ է կազմակերպվում քաղաքապետարանի կամ մշակույթի նախարարության աջակցությամբ: Երբ նայում ենք դրա լուսանկարներն ու տեսանյութերը, տեսնում ենք՝ նստած են երիտասարդ աղջիկներ ու տղաներ՝ գիրքը թարս պահած: Թարս պահած գրքերով ընթերցանության ֆլեշ-մոբ են անում: Եթե այդ մարդկանց ասես՝ մի՛ նայիր գրքին եւ ասա ինչ գիրք է ձեռքիդ, վստահ եմ՝ կդժվարանան պատասխանել: Իրականում գիր ու գրականությանն ուղղված իսկական PR կամ մշակույթի քարոզչություն չկա: Մեկ ուրիշ օրինակ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք է Երեւանը հայտարարվել: Ահռելի ֆինանսներ են ծախսվել, որպեսզի պատերին Չարենցի, Էդգար Ալան Պոյի, Ժան Պոլ Սարտրի եւ մյուսների նկարները փակցվեն, որոնք ուսյալ մարդուն աղոտ ինչ-որ մեկի դեմքն են հիշեցնում, բայց ոչ ուսյալի համար ոչ մի արժեք չունեն: Հարց է առաջանում՝ Գրքի մայրաքաղաքում, որն այսօր աշխարհի ուշադրության կենտրոնում է, գոնե մեկ տոկոսով բարձրացրե՞լ ենք գրքի, գրականության հանդեպ սերը երիտասարդության շրջանում: Վստահ կարող եմ ասել, որ մեր Մատենադարանը Հայաստանում մեր երկրի քաղաքացիների կողմից ամենաքիչ այցելվող վայրերից է»:

PR մասնագետը մի փաստ էլ անձնական օրինակով է բերում. Երիտասարդական մետրոյի գետնանցումի գրավաճառից գրքեր է գնում կոպեկներով, որոնք այդ մարդը ձեռք է բերել անմխիթար վիճակում գտնվող մարզային գրադարաններից ոչ թե հատով, այլ քաշով: «Մարզերի գրադարանների գրքերն են ասֆալտի վրա վաճառում, հաստատ քաղաքինն էլ այդպես կլիներ, եթե աչքի առաջ չլիներ»,- համոզված է մեր զրուցակիցը, որը ցանկություն ունի. ինչպես ծխախոտի պարագայում տուփի վրա գրվում է, որ ծխելը վնասակար է թոքերին եւ առողջությանը, այդպես էլ համակարգչի վրա պիտի պիտակ լինի, թե դրա չարաշահումը վնաս է տեսողությանը:

Նա փաստում է, որ ի տարբերություն Հայաստանի, աշխարհում

գրքի ու գրականության լուրջ քարոզչություն է իրականացվում. «Կա բեստսելլեր հասկացություն, գրողները հոլիվուդյան սցենարիստներ են: Օրինակ՝ Հարի Փոթերի հեղինակ Ջոան Քեթլին Ռոուլինգը շատ կարճ ժամանակում դարձավ միլիարդատեր, Ագաթա Քրիստին, որ տնային տնտեսուհի էր եւ դետեկտիվները ծնվում էին ափսեներ լվանալուց, ուներ թիմ, որը շատ լուրջ աշխատում էր նրա ստեղծագործությունների քարոզչության վրա: Հիմա դառնանք մեր Գրողների միությանը եւ նրա շենքին՝ ուղիղ կեսը վարձակալության է տրված տուրիստական ֆիրմաներին, նախ՝ դա հակաօրինական է, եւ երկրորդ՝ իսկ ինչո՞ւ է այդքան տեղ ավելացել Գրողների միությունում»:

Կիրակոսյանն անդրադարձավ նաեւ Էրեբունի-Երեւան տոնակատարության շրջանակներում ժամանած ռուս աստղերին՝ ասելով. «Ոչ մի երեւանյան շունչ չկար, կարծեմ 90 մլն դրամ գումար է ծախսված, որի կեսը՝ ռուս երգիչների վրա: Եթե դա Երեւանում անցկացվող Կրեմլին նվիրված համերգ լիներ, ինչ-որ տեղ կհասկանայի»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031