Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զինծառայողը տուժող եւ՝ ամբաստանյա՞լ

Հոկտեմբեր 17,2012 13:20

Հոկտեմբերի 18-ին Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կսկսվի զինծառայող, ՊՆ զորամասերից մեկի մոտոհրաձգային գումարտակի 2-րդ վաշտի հրաձիգ-նռնակաձիգ Հենրիկ Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործով անդրանիկ դատական նիստը:

Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազության դատախազ Մ. Հարությունյանը մեղադրական եզրակացությունը հաստատել էր այս տարվա սեպտեմբերի 17-ին:

Վանաձոր քաղաքի բնակիչ Հենրիկ Կարապետյանը զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության՝ 2010 թվականի նոյեմբերի 12-ին: Միայնակ մոր՝ ուսուցչուհի Գ. Գաբոյանի միակ երեխան է (4 ամսականից տղային մեծացրել է մենակ): Թե իբրեւ վկա, թե իբրեւ մեղադրյալ անվճարունակության պատճառով շարքայինը չի ունեցել փաստաբան, չի ստացել մինչ օրս իրավաբանական օգնություն:

2011թ. հուլիսի 31-ին զինվորական պարտքը կատարելիս ինքնաձիգից վիրավորվել է եւ ինչպես հարազատներն են տեղեկացնում՝ 2 ամսվա ընթացքում տարել է 3 ծանր վիրահատություն: 9 ամիս եղել է վկայի կարգավիճակով, ապա ներգրավվել որպես մեղադրյալ երկու ծանր հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի 2-րդ մասով եւ 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Այսինքն՝ զինծառայողը մեղադրվում է զինվորական ծառայությունից ազատվելու նպատակով իրեն անդամախեղելու եւ սուտ ցուցմունք տալու համար:

Չնայած լրատվամիջոցները հայտնել էին, թե գործը դատարան է ուղարկվել այս տարվա օգոստոսի 28-ին, սակայն մեղադրական եզրակացությունն այդ դեպքում չէր կարող կազմված լիներ եւ հաստատվեր այս տարվա սեպտեմբերի 17-ին: Առանց մեղադրական եզրակացության գործը դատարան չի ուղարկվում: Ըստ «Առավոտի» տեղեկությունների, շարքային Հենրիկ Կարապետյանն իրեն մեղավոր չի ճանաչել եւ որպես մեղադրյալ ցուցմունք է տվել, որ իր վրա կրակել է զինվորական ընկերը՝ շարքային Դավիթ Հարությունյանը:

Ասվածը նախաքննություն իրականացնող մարմինը՝ Եղեգնաձորի զինվորական կայազորի դատախազությունը, որակել է սուտ մատնություն: Դատախազությունը հիմք է ընդունել այն, որ շարքային Հենրիկ Կարապետյանը 2011թ. օգոստոսի 2-ին որպես վկա հարցաքննվելիս հայտնել է, թե դիտակետում, մարտական հերթապահության ժամանակ, «զենքն ուսից հանել է, հենել պատի անկյունին, փողը հարմարեցրել է զրահաբաճկոնի տակից եւ որովայնի մասով հենվել է դրան: Մի պահ քնով է անցել, ապա լսել կրակոցի ձայն: Կրակոցից մի քանի րոպե անց իր աջակողմյան հատվածից իրեն է մոտեցել Դավիթ Հարությունյանը»: Ի դեպ, Հենրիկի հարազատներն ասում են, որ զենքը եթե կրակեր մոտիկից, ապա որովայնին ստացած ծանր, կյանքի համար ստացած վնասվածքը… այլ կլիներ, այրվածք կլիներ, մինչդեռ նման հետք չկա:

Ըստ Հ. Կարապետյանի նախաքննության ժամանակ տված ցուցմունքի. «Կրակոցից հետո, երբ ինքը դեռեւս գտնվում էր գետնին, իր առջեւ կքանստած կապիտան Արմեն Հովհաննիսյանը հանձնարարել է պարզել, թե, արդյոք, իր փամփշտատուփի պայուսակում պակաս փամփուշտ կա՞, թե՝ ոչ: Կոնկրետ չի հիշել, թե ներկաներից ով է նայել ու ասել, որ բոլոր փամփուշտներն իրենց տեղում են: Չի պատկերացրել, թե ինչպես է դեպքը կատարվել»:

Վկա Դավիթ Հարությունյանը, որը, մեր տեղեկություններով, հանրապետությունից բացակայում է նախաքննությունից հետո, ցուցմունք էր տվել, թե ինքը գտնվել էր դիտակետում, երբ լսել է Հ. Կարապետյանի կողմից մեկ կրակոցի ձայն:

«Դուրս գալով դիտակետից՝ տեսել է, որ խրամուղու ձախ կողմի վրա պառկած Հ. Կարապետյանը լացում է: Մոտեցել է նրան, հարցնելով՝ ինչ է պատահել: Հ. Կարապետյանը մատնացույց է արել ինքնաձիգը…»:

Հարազատներն ասում են, որ Հենոն մատնացույց է արել ինքնաձիգը, այլ բան չի ասել, հետեւաբար, չի ասել, թե ո՞վ է կրակել:

Նախաքննության ժամանակ թե Հենրիկը, թե Դավիթը ենթարկվել են դատահոգեբանական փորձաքննության: Հենրիկի մոտ «նկատվել» են միջավայրի ազդեցությանը ենթարկվելու հակվածություն, պատասխանատվությունից խուսափում, ինքնուրույն որոշում կայացնելու հատկություն, իրավիճակի փոփոխության դեպքում արագ կողմնորոշվելու կարողություն:

Վնասվածքի հետեւանքով շարքայինն ազատվել է զինվորական ծառայությունից, դարձել է ոչ պիտանի: Սակայն, եթե նա դա արել է միտումնավոր, ինչու մինչ այդ չէր անում: Ավելին՝ ինչ պատահեց, որ ծառայության ժամանակ հրամանատարության կողմից շնորհակալագիր ստացած զինվորը մեկեն դիմեց նման քայլի, մի զինվոր, որին հրամանատարությունը բնորոշել էր այսպես. «Զորամասի հրամանատարությունը շնորհակալություն է հայտնում Ձեզ (մորը), նրան հայրենիքի պաշտպանի ոգով դաստիարակելու, հայոց բանակի շարքերը համալրելու համար: Դուք կարող եք հպարտանալ, որ մեծացրել եւ դաստիարակել եք նախնիների սխրանքներով եւ պատգամներով տոգորված զավակի, ով ամեն վայրկյան պատրաստ է անձնվիրաբար ծառայել իր ժողովրդին, պաշտպանել հայրենիքը՝ անսասան կերպով տանելով զինվորական ծառայության բոլոր դժվարությունները»: Ուրեմն, ինչ պատահեց, որ զինվորը գնաց նման քայլի: Գնա՞ց, թե՞ կա մեկ ուրիշը, որի մասին ակնարկում է տվյալ դեպքում հաշմանդամ դարձած Հենրիկ Կարապետյանը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031