Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

2013-ի բյուջեն այս տարվա համարյա կրկնությունն է

Հոկտեմբեր 17,2012 13:14

Կարծում է Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը

PanArmenian Photo

2013 թվականի պետական բյուջեի նախագիծը կազմելիս կառավարությունը կարծես թե կաշկանդված է եղել եւ շատ չի ընդարձակվել. այն համարձակ կամ զարգացող տնտեսության բյուջե չի կարելի համար:

«Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ վերլուծելով 2013-ի բյուջեի նախագիծը: Իսկ կաշկանդվածությունը, ըստ պարոն Մակարյանի, արտահայտվում է նրանով, որ կառավարությունը զգուշավոր է եղել, չի փորձել ընդարձակվել եւ իր վրա չի վերցրել բաներ, որոնք հնարավոր է՝ չկարողանար իրականացնել. «Կառավարությունը փորձել է այս տարվա բյուջեն համարյա կրկնել, իսկ երկրի տնտեսության զարգացման համար այն պետք է էականորեն տարբերվեր: Նոր ռազմավարություն չկա դրված: Գերակա ուղղություններն էլ նույնն են մնացել՝ սոցիալական, կրթություն, առողջապահություն: Որոշակի տարբերություն կա արտակարգ իրավիճակների կառավարման առումով: Սա ճիշտ եմ համարում, որովհետեւ բոլոր երկրներում էլ արտակարգ իրավիճակներ լինում են, այդ նախարարությունն էլ լավ է աշխատում, ե՛ւ պետության, ե՛ւ բնակչության շահերից է բխում, որ ժամանակակից ու ուժեղ մեթոդով աշխատի»:

Պարոն Մակարյանի խոսքերով՝ 2013-ի բյուջեն պետք է կոնսերվատիվ վիճակից եւ սոցիալական ուղղվածությունից բացի, տնտեսական ուղղվածություն ունենար, հիմքում որոշակի քաղաքականություն դրվեր զարգացող երկրի ռիթմն ապահովելու տեսանկյունից: Չնայած կառավարությունը փորձեր է կատարում ՓՄՁ-ն զարգացնելու, կոռուպցիայի դեմ պայքարելու եւ այլնի համար, այդուհանդերձ, ըստ պարոն Մակարյանի, 2008 թվականի եւ ներկայիս տնտեսության մեջ, գոնե ՓՄՁ-ների զարգացման եւ դրանց քանակի ավելացման առումով, գրեթե նույն մակարդակն է մնացել. «Օրինակ՝ 2008-ին մոտ 123 հազար 750 կազմակերպություն կար, որի 50%-ը չէր գործում, այսօր ունենք մոտ 172 հազար կազմակերպություններ, որոնց 52%-ը չի գործում, եւ այդ չգործողների թիվը հիմա գրեթե 89 հազար է, իսկ այն ժամանակ 60 հազարից մի քիչ ավելի էր: Այսինքն՝ 2008-ից մինչ օրս այդ չաշխատողների 50-52%-ի պլանկան պահպանվում է: Սա պետք է նվազման միտում ունենար, քանի որ կառավարությունը փորձում է ՓՄՁ-ն խթանելու ուղղությամբ որոշակի գործողություններ անել»: Եվ եթե այս առումով առաջընթաց չկա, ուրեմն, ինչպես Գագիկ Մակարյանն ասաց՝ արածները դեռ տեղ չեն հասնում. «Ջուրն արմատներին դեռ չի հասել՝ կամ կառավարության աշխատանքները կատարյալ չեն, կամ էլ քիչ են: Հետեւաբար՝ սա մի լուրջ խնդիր է, որ ես գտնում եմ՝ կառավարությունը պետք է փորձի բյուջեում լուծել: Բյուջեում պետք է ավելի խիզախորեն դրվեր նշված նպատակները, եւ սոցիալական ծրագրերի այդքան կարիք չի լինի: Այսինքն՝ ռեֆորմները պետք է ուղղված լինեին մրցունակ ձեռնարկությունների ստեղծմանը, որի համար պետք է հավասար մրցակցային պայմաններ եւ գործարար լավ միջավայր ստեղծել, ինչի հաշվին նաեւ կխթանվի զբաղվածությունը, տնտեսության վիճակն էլ էականորեն կլավանա: Վերջին հաշվով՝ զբաղվածության ամենակարեւոր մեխանիզմը միկրոբիզնեսն է՝ եթե այն չի զարգանում, երկրում երբեք լավ զբաղվածություն չի լինի»:

Գագիկ Մակարյանի ներկայացմամբ՝ մեկ այլ կարեւոր հանգամանք էլ կա, որ բյուջեում չի նախատեսվել: Տնտեսության զարգացումը որոշակիորեն կախված է երկրի ներսում գոյացող աշխատավարձերի ընդհանուր գումարից. գյուղացիական զբաղվածությունը չհաշված՝ զբաղվածների թիվը մոտ 600 հազար է՝ 300 դոլար միջին աշխատավարձով, սրա բյուջեն կազմում է մոտ 2 միլիարդ դոլար, եւ մոտ 2.5 միլիարդ դոլար էլ կազմում են տրանսֆերտները: Այսինքն, ըստ պարոն Մակարյանի, մեր երկրի տնտեսությունը 50%-ով կախված է տրանսֆերտներից, 50%-ով էլ՝ ներքին շուկայում ձեւավորվող աշխատավարձերից. «Երկրի ներսում 4-4.5 միլիարդ դոլար է շրջանառվում, իսկ եթե ժողովրդի ձեռքն, այսպես ասած՝ քյաշ փող շատ լինի, շատ փողն էլ՝ աշխատավարձերի էական բարձրացումն է, մարդիկ շատ էլ կծախսեն տարբեր ոլորտներում, եւ ակտիվություն կլինի: Այսինքն՝ բյուջեում այնպիսի ռազմավարություն պետք է կիրառվեր, որ ավելի շատ երկրի ներսում գումար առաջանար, որը կգերակշռեր տրանսֆերտներին»:

Ըստ պարոն Մակարյանի՝ մենք մեր հարեւան երկրից էլ սովորելու բան ունենք գոնե տուրիզմը զարգացնելու տեսանկյունից: Վրաստանի բյուջեի մուտքերի 60%-ն ապահովում են տուրիզմն ու ավտոշուկան. «Սրանց հաշվին հարկատուներից հարկեր հավաքելու բեռն արդեն թուլանում է, անընդհատ հարկեր հավաքելու խնդիր չունեն եւ միկրոբիզնեսն ու ընտանեկան բիզնեսը թողել են ազատ, նույնիսկ բիզնեսի կատեգորիա կա, որ ոչ միայն չի ստուգվում, չի էլ հարկվում, ազատ են թողել, որ զարգանան, մեծանան: Մենք էլ պետք է գտնենք մեր ուղղությունները, որ հարկեր հավաքելու բեռը տեղափոխենք այլ «ուսերի» վրա, ու տուրիզմն իսկապես կարողանանք խթանել: Դրա համար ավելի ուժեղ քաղաքականություն պետք է ունենայինք: Իմ նշած այդ ոլորտներում էլ հարկատուների բեռը կթեթեւանար, իսկ 2013-ի բյուջեի մեջ այդ մարտահրավերները չկան»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031