Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առանց «պահեստային տարբերակի»

Հոկտեմբեր 17,2012 12:38

Եթե որեւէ քաղաքական գործիչ դեռեւս չի հայտարարել, որ պատրաստվում է մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին, կարո՞ղ է արդյոք որեւէ քաղաքական ուժ պնդել, որ այդ գործիչը իր թեկնածուն է: Ինձ թվում է՝ նման հայտարարությունը ժամանակավրեպ կլինի: Բայց ՀԱԿ-ը հենց դա է անում. ասում է՝ Տեր-Պետրոսյանը իր թեկնածուն է, բայց ավելացնում, որ վերջինս դեռ չի կողմնորոշվել: Իհարկե, անհատական ցանկությունների մակարդակով ամեն մի քաղաքացի կարող է իր ցանկությունների մասին հայտարարել՝ ասել, ենթադրենք՝ ուզում եմ, որ առաջադրվի Իսրայել Հակոբկոխյանը: Բայց դա քաղաքական ուժի դիրքորոշում չէ, մի բան է՝ օդի մեջ ասել՝ ես ուզում եմ, մեկ այլ բան՝ կուսակցության կողմից հայտարարել՝ մեր թեկնածուն այսինչ մարդն է: Պարզ է, որ Կոնգրեսի դեպքում դա արվում է տարբեր տեսակի ասեկոսեները եւ խարդավանքները կանխելու համար: Բայց անորոշ վիճակը, որը տեսականորեն կարող է տեւել եւս երկու ամիս, մի կողմից՝ կարող է ինչ-որ գաղտնիքի շղարշ ստեղծել եւ դրանով բարձրացնել հետաքրքրությունը տվյալ քաղաքական ուժի նկատմամբ, մյուս կողմից էլ՝ ցեմենտի (ի դեմս Տեր-Պետրոսյանի) փաստացի բացակայության դեպքում կարող է խարխլել ՀԱԿ-ի՝ առանց այդ էլ ոչ այնքան կուռ շարքերը:

Երբ Կոնգրեսի կուսակցության ներկայացուցիչներն ասում են, թե ՀԱԿ-ի ներսում շարունակվում են քննարկումները այդ հարցի շուրջ, նրանք, մեղմ ասած, անկեղծ չեն: Առաջին նախագահի բնավորությունը իմանալով՝ կարող եմ 99 տոկոսի հավանականությամբ ենթադրել, որ ՀԱԿ-ում Տեր-Պետրոսյանի առաջադրվել-չառաջադրվելու խնդիրը չի քննարկվում, ավելին՝ առաջին նախագահը բավականին կտրուկ ձեւով կանխում է մերձավորների՝ այդ թեմայի շուրջ խոսակցությունները՝ բավականին չոր տոնով ասելով՝ «երբ կորոշեմ, ձեզ կասեմ»: Դա, իհարկե, միայն իմ ենթադրությունն է՝ որեւէ տեղեկատվություն Կոնգրեսի խոհանոցից ես չունեմ: Ի դեպ, կարծում եմ, որ մոտավորապես նույն վիճակը նաեւ ԲՀԿ-ում է:

Տրամաբանությունը, հավանաբար, հետեւյալն է. եթե առաջադրվողը ես եմ, եթե ես եմ այդ բեռն իմ վրա վերցնելու, առաջին հերթին ես եմ ստանալու բոլոր հնարավոր հարվածները, ապա ինչո՞ւ ես պիտի դա ինչ-որ մեկի հետ քննարկեմ: Բայց մեր քաղաքական ուժերը (ոչ միայն ՀԱԿ-ը), իմ կարծիքով, սխալ պատկերացում ունեն, այսպես ասած, «թայմինգի» մասին: Եթե չկա 100 տոկոսանոց վստահություն, որ նախագահի թեկնածու է դառնալու հենց կուսակցության առաջնորդը, ապա ոչ թե հիմա, այլ ընտրություններից գոնե մի տարի առաջ պետք է աշխատել նաեւ պահեստային տարբերակի վրա: Ենթադրենք, Տեր-Պետրոսյանը վստահ չէ, որ նա առաջադրվելու է, այդ դեպքում նա իր շրջապատից պետք է առանձնացներ մեկին, որին այս տարվա սկզբից հարկավոր էր «ռասկրուտկա» անել՝ համոզելով հասարակությանը եւ զինակիցներին, որ հենց նա է նախընտրելի իրավահաջորդը: Մեզ մոտ դա ոչ ոք չի անում: Ճիշտ է, ԲՀԿ-ի դեպքում «օգնության հասավ» իշխանությունը՝ «առաջ քաշելով» Վարդան Օսկանյանին: Ախ հա, մոռացա, դա զուտ իրավական խնդիր է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031