Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանն ամուսնանում է: Չնայած անվանի մարզուհին զբաղված է կյանքի, թերեւս, ամենակարեւոր իրադարձությանը նախապատրաստվելով, այդուհանդերձ, սիրով համաձայնեց պատասխանել Aravot.am-ի հարցերին:
– Պսակադրությունը եկեղեցո՞ւմ եք անելու:
– Այո: Մուղնիի Սուրբ Գեւորգ եկեղեցում: Շատ էի ցանկանում, որ Սուրբ Հռիփսիմեում պսակադրվեինք: Սակայն, ինչպես ասում են, ժամանակի մեջ չենք տեղավորվում: Այնտեղից կգնանք ««Շանթ» ռեստորան:
– Հարսանիքի քավորն ո՞վ է:
– Նշանածիս՝ Տարոնի, ընտանիքի պապենական քավորը: Մեր իմանալով քավորին չեն փոխում: Դրա համար էլ որոշեցինք պահպանել ավանդույթը:
– Շա՞տ մարդկանց եք հրավիրել:
– Շատն ու քիչը հարաբերական հասկացություններ են:
– Սպորտի աշխարհից մարդիկ լինելո՞ւ են:
– Իհարկե: Նրանք, ովքեր իմ մարզական կարիերայում մեծ դերակատարություն են ունեցել: Պատվավոր հրավիրվածներ են ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՀԱՕԿ-ի փոխնախագահները: Հրավիրել ենք նաեւ մեր ֆեդերացիայի նախկին նախագահ Սամվել Խաչատրյանին: Նա մեր լավ բարեկամն է:
– Հարսանիքից հետո որեւէ տեղ մեկնելո՞ւ եք:
– Կմեկնենք Ծաղկաձոր, կհանգստանանք: Հետո, եթե ժամանակ լինի, հնարավոր է, Հայաստանից էլ դուրս գանք:
– Մարզվո՞ւմ ես:
– Անպայման, բայց ոչ այն ծանրաբեռնվածությամբ: Սուտ կլինի, եթե ասեմ, որ լավ մարզավիճակում եմ:
Հ.Գ. Հռիփսիմեի ժամանակն, իրոք, սուղ էր: Չհասցրինք ապագայի ծրագրերի մասին զրուցել: Բայց հիշեցնենք, որ Լոնդոնից վերադառնալուց հետո «Առավոտ» օրաթերթի խմբագրությունում հանդիպման ժամանակ Հռիփսիմեն վստահեցրեց, որ ծանրամարտը չի թողնելու, մեկ-մեկուկես տարի հետո վերադառնալու է մեծ սպորտ եւ օլիմպիական ոսկի նվաճելով երջանկացնելու է հայ ժողովրդին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ