Լրահոս
Օրվա լրահոսը

«Փուչիկների գործով» ամբաստանյալը վտանգի մասին զգուշացրել է կազմակերպիչներին

Հոկտեմբեր 17,2012 11:07

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ այսօր շարունակվեց «Փուչիկների գործով» մեղադրվող Սերոբ Բոզոյանի նկատմամբ հարուցված քրեական գործով  դատական վիճաբանությունների փուլը: Դատարանում հանդես եկավ Սերոբ Բոզոյանի պաշտպան Կարեն Մանուչարյանը:

Հիշեցնենք, որ Սերոբ Բոզոյանը մեղադրվում էր քրեական օրենսգրքի 240 հոդվածի հատկանիշներով՝ դյուրավառ, այրիչ նյութերի պահպանման, օգտագործման կանոնների խախտման, որոնք առաջացրել են ծանր հետեւանքներ: Այս տարվա մայիսի 4-ի հանրահավաքի ժամանակ նրա իսկ լիցքավորած փուչիկների պայթյունի հետեւանքով 154 անձ դիմել է բուժհիմնարկ:

Չնայած դատարանում պետք է գտնվի 118 տուժող, սակայն նրանցից ներկա է միայն 2-ը, որոնցից մեկը՝ 76-ամյա Տիգրան Գեղամյանը Aravot.am-ին ասաց, որ գլխի շրջանում այրվածքներ է ստացել, դիմել է շտապօգնություն, սակայն մինչ օրս չի իմանում ում դիմի, որպեսզի հատուցեն առողջության համար իր ծախսած գումարը:

76-ամյա Տիգրան Գեղամյանը

Սերոբ Բոզոյանի պաշտպանը միջնորդեց, որպեսզի նրա նկատմամբ  կիրառվի ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, իսկ եթե դատարանը այնուամենայնիվ գտնի, որ նա պետք է պատժվի, ապա պաշտպանը միջնորդեց, որ այն պայմանական կիրառվի:

Նա դատարանին ներկայացրեց Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ինստիտուտի կողմից տրված հիվանդության պատմություն, համաձայն որի Բոզոյանը տառապում է միզապարկի քաղցկեղով, ներկայացրեց նաեւ տեղեկանք Էրեբունու սոցիալական բաժնի կողմից՝ որպես անապահով նպաստառու ընտանիք հաշվառված լինելու մասին, ապա նաեւ որպես մեղմացուցիչ հանգամանք նշեց մեղադրական եզրակացության այն հատվածը, համաձայն որի՝ երբ Սերոբ Բոզոյանին են հանձնել 7000 փուչիկ՝ լիցքավորման նպատակով, նա հայտնել է, որ հելիում գազ ձեռք բերել չի կարող եւ անվտանգության համար պետք է փուչիկները պահվեն 2 մետր բարձրության վրա: Այսինքն, ըստ պաշտպանի, նա միջոցառման կազմակերպիչներին զգուշացրել է առկա վտանգի մասին: Փուչիկների համար նրան պետք է վճարվեր 770 հազար դրամ, մինչդեռ, եթե նա ունենար շահադիտական նպատակ, ապա այն կարող էր լինել 5-6 անգամ ավելի՝ 4-5 մլն դրամ: Պաշտպանը հարցրեց. «Արդյոք սա՞ չի եղել պատճառը, որ կազմակերպիչները անտեսել են»: Պաշտպանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Բոզոյանը նախկինում դատվածություն չի ունեցել, նրա 9-ամյա որդին վատառողջ է, տառապում է բրոնխիալ ասթմայով:

Իր վերջին խոսքի ժամանակ Սերոբ Բոզոյանն ասաց, որ մեղավոր է ճանաչում  իրեն, խորին ափսոսանք է զգում կատարվածի համար. «Ես չէի սպասում, թե նման բան կարող էր կատարվել: Ներողություն եմ խնդրում բոլորից եւ պատրաստ եմ կրել յուրաքանչյուր պատիժ, որը դատարանը կնշանակի»:

Հիշեցնենք, որ մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը միջնորդել է Սերոբ Բոզոյանի նկատմամբ կիրառել ազատազրկում՝ մեկ տարի ժամանակով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031