Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանը դատավոր Մարդանյանին. «Վերջապես շարժեք ձեր մարդկային գութը»

Հոկտեմբեր 16,2012 21:54

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հոկտեմբերի 16-ի նիստում դատավոր Սամվել Մարդանյանը մերժեց Արտակ Նազարյանի հետմահու կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ Հակոբ Մանուկյանի պաշտպաններ Հրանտ Գեւորգյանի եւ Արմինե Ղասաբողլյանի ներկայացրած միջնորդությունը:

Պաշտպան Գեւորգյանը դատավորին մեղադրեց , որ վերջինս իր միջնորդությունը ներկայացրել է աղճատված, որ դատավորը մերժելով ճշմարտությունը բացահայտելուն ուղղված միջնորդությունները՝ պատշաճ ձեւով չի կատարում իր պարտականությունները, կողմնակալ է, պաշտպանում է մեղադրողի կողմի շահերը եւ դատավորին ինքնաբացարկ հայտնեց:

Դատավորին կողմնակալության մեջ մեղադրեցին նաեւ ամբաստանյալ Վահագն Հայրապետյանի պաշտպան Լեւոն Պողոսյանը, տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը, վերջինիս ներկայացուցիչներ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը եւ փաստաբան Մուշեղ Շուշանյանը: Նրանք բոլորը միացան դատավորին բացարկի միջնորդությանը:

Պաշտպան Հ. Գեւորգյանը հայտարարեց. « Դուք հարգարժան պարոն Մարդանյան, շահագրգռված եք եւ ուղղակի դիտավորություն ունեք տվյալ գործը տապալելու, չբացահայտված քրեական գործով դատավճիռ կայացնելու, կողմնակալ վերաբերմունք եք դրսեւորում եւ ղեկավարվելով քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածով՝ միջնորդում եմ ձեզ ինքնաբացարկ հայտնել: Չնայած ես գիտեմ, որ դուք ինքնաբացարկ չեք ընդունի, դա ձեզ թույլ չեն տա, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը մի այնպիսի աղաղակող տերմին է օգտագործում՝ ինքնաբացարկ, որ մարդկանց բոլորին զրկել է վերջապես դատավորից կամ դատախազից ազատվելու համար…. Դուք դրանից օգտվում եք եւ դրա հետեւում թաքնվելով՝ ինքնաբացարկ չեք ընդունի: Բայց ես ձեզ խնդրում եմ վերջապես շարժեք ձեզ մարդկային գութը եւ նկատի ունեցեք, որ ձեզ առաջ նստած են 4 երիտասարդ (իրականում գործով ամբաստանյալները 5-ն են-Ո.Ս.) մարդիկ եւ դուք 4 երիտասարդ անձնավորության ճակատագրի հետ եք խաղում՝ ձեր կողմնակալությամբ եւ անարդարացի վերաբերմունքով»:

Դատավոր Մարդանյանը ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ իր որոշումը կհրապարակի հոկտեմբերի 17-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031