Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի լիբերալ երիտասարդների միության անդամ ՀՀՇ երիտասարդական միությունը նախօրեին Բուլղարիայում համաժողովի ժամանակ ներկայացրել է Հայաստանում ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի եւ քրեական հետապնդման մեջ գտնվող ՀԱԿ մյուս ակտիվիստների հարցը: «Հանրապետականների ազգայնական ուղղվածության դեպքում, ծիծաղելի է թվում նրանց մասնակցությունը Եվրոպայի լիբերալ երիտասարդների միությունում»,- ասել էր ՀՀՇ երիտասարդական միության գործադիր խորհրդի անդամ Եվա Թովմասյանը:
ՀՀԿ երիտթեւի նախագահ Կարեն Ավագյանը Aravot.am-ին ասաց, որ իրենք չեն էլ դիմել այդ կազմակերպությանը անդամագրվելու համար. «ՀՀԿ-ն Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամ է, մեր երիտասարդական կազմակերպությունն էլ անդամագրման փուլում է»:
Ինչ վերաբերում է Տիգրան Առաքելյանին ու հետապնդվող ՀԱԿ մյուս ակտիվիստներին Եվրոպական լիբերալ երիտասարդների միությունում որպես քաղբանտարկյալ ներկայացնելուն, պարոն Ավագյանն ասաց. «Իրենց մեծերից ինչ պիտի սովորեն: Դա նրանց կարծիքն է, իրենց ձեւակերպումը՝ քաղբանտարկյալ: Չեմ գտնում, որ այստեղ քաղաքական հետապնդում կա, խնդիրը իրավական հարթությունում է: Արդեն սովորություն է դարձել, որ իրավական երեւույթին քաղաքական գնահատական տան»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ