Ադրբեջանական «Վեստի» լրատվական գործակալությունը անդրադառնալով Ռուսաստանի և Ադրբեջանի վետերանների միջև ֆուտբոլային ընկերական հանդիպմանը՝ գրում է, որ Ռուսաստանի հավաքականում հանդես է գալիս հայազգի Վալերի Խաչանյանը, որը գործակալության թղթակցին պատմել է, որ ծնվել է Բաքվում 1969թ., երբ նա 10 տարեկան էր, ընտանիքով տեղափոխվել են Երևան, իսկ 1988թ.՝ Ռոստով. «Ես խաղացել եմ «Արարատ» ակումբի երկրորդ կազմում և ռուսական ակումբներում: Այժմ ես գլխավորում եմ Ռոստովի հետաքննության հանձնաժողովը», – ասել է նա:
Խաչանյանն ասել է, որ Ռոստովը բազմազգ քաղաք է, որտեղ բազմաթիվ ադրբեջանցիներ են ապրում: Հարցին, թե ինչպիսի հարաբերություններ նա ունի տեղի ադրբեջանցիների հետ նա ասել է, որ թեև հայրենասեր է, բայց քաղաքականությունը նրան չի հետաքրքրում. «Ինձ համար կարևոր են մարդկային հարաբերությունները», – եզրափակել է նա:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ