Հաագայում գտնվող ՄԱԿ-ի դատարանում երեքշաբթի օրը վերսկսվել է Բոսնիայի սերբերի ուժերի նախկին հրամանատար Ռադովան Քարաջիչի դատավարությունը՝ մեկնարկելով վերջինիս պաշտպանությանն ուղղված փաստարկների ներկայացումը:
Քարաջիչը մեղադրվում է Բոսնիայի Սրեբերնիցա քաղաքում 1995 թվականի հուլիսին մահմեդական մոտ 8 հազար տղամարդկանց և տղաների սպանդը ծրագրելու մեջ: Նրան մեղադրում են նաև երեք տարվա ընթացքում՝ 1992-ից 1995 թվականներն ընկած ժամանակահատվածում Բոսնիայի մայրաքաղաք Սարաևոյի շրջափակումն իրականացնելու մեջ:
Բոսնիայի սերբերի նախկին հրամանատարը հերքում է իրեն ներկայացված մեղադրանքները: Դատական երեքշաբթի օրն անցկացված նիստի ընթացքում Քարաջիչն ասել է, թե իրեն պետք է պարգևատրել՝ «պատերազմից ցանկացած գնով խուսափելուն ուղղված ջանքեր գործադրելու համար»: Նա ասել է նաև, թե ինքը «մեղմ և հանդուրժող մարդ է», և հակամարտության ընթացքում ջանք չէր խնայել՝ մարդկանց տառապանքները թեթևացնելու համար:
Քարաջիչի փաստաբանն, ըստ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի՝ իր հերթին կասկածի տակ է առել Սրեբերնիցայում իրականացված սպանդի զոհերի թիվը՝ ասելով, որ այն շատ ավելի ցածր է, քան պաշտոնական գնահատականները, և թե իր հաճախորդը տեղյակ չէր, որ մահմեդական տղամարդկանց և տղաների շրջափակմանը հետևել էր սպանդը:
Պատերազմի հանցագործությունների տրիբունալի կողմից իրեն մեղադրանք ներկայացնելուց հետո Քարաջիչը 13 տարի գտնվել է փախուստի մեջ՝ 2008 թվականին հայտնաբերվելուց և ձերբակալվելուց առաջ:
Հաագայում երեքշաբթի օրը մեկնարկել է պատերազմի հանցագործությունների միջազգային դատարանի վերջին մեղադրյալի՝ 2011 թվականին ձերբակալված Գորան Հաջիչի դատավարությունը, որին մեղադրում են Խորվաթիայում 1995 թվականին ավարտված չորսամյա պատերազմի ընթացքում սպանություններ և աքսորումներ իրականացնելու մեջ: