Այսօր հայ մամուլի հիմնադրման 218- ամյակի կապակցությամբ շիրակցի լրագրողներին մասնագիտական տոնի առիթով հեռուստաընկերություններից մեկի միջոցով շնորհավորանքներ է հղել միայն Շիրակի գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանը:
Հիշեցնենք, որ 1794 թվականին, հենց այս օրը քահանա Հարություն Շմավոնյանը Հնդկաստանի Մադրաս քաղաքում հիմնեց հայ անդրանիկ պարբերականը` «Ազդարարը»:
Հետաքրքիրն այն է, որ գեներալի խոսքը ոչ թե ավանդական բարեմաղթանքներ են, այլ գնահատական` ուղղված իր մարզի լրագրողներին: «Շիրակի մարզի լրատվամիջոցները հանրությանը միշտ տրամադրել են օբյեկտիվ, անաչառ տեղեկատվություն, հետամուտ են եղել հիմնախնդիրների բարձրացմանը, թո՛ղ այս գործունեությունը լինի շարունակական և ձեր մասնագիտական պարտականությունների իրականացման ընթացքում միշտ հաջողություններ արձանագրեք», ասված է Աշոտ Գիզիրյանի շնորհավորական ուղերձում:
Ի դեպ, սա առաջին անգամը չէ, որ Շիրակի մարզպետը իր շնորհակալությունն է հայտնում տեղի լրագրողներին ` նրանց համարելով «ամենաակտիվն ու համարձակը»:Մարզխորհրդի տարեվերջյան նիստերի ժամանակ ամփոփելով բոլոր ոլորտներում կատարած աշխատանքները` Աշոտ Գիզիրյանը թվարկում է նաև ԶԼՄ-ների` թերթերի, հեռուստաընկերությունների` Շիրակի մարզին առնչվող այն հրապարակումները, որոնց հիման վրա նա կարողացել է ճշգրտորեն իրազեկվել ու խնդիրները լուծել:
Կարդացեք նաև
Նշենք, որ գեներալ մարզպետը ընթերցում է հանրապետության բոլոր թերթերը, մեկ առ մեկ անուն-ազգանունով ճանաչում է բոլոր լրագրողներին:
Ի դեպ, նախկին ոստիկանապետ Գիզիրյանը երբեմն նաև հետաքրքիր խորհուրդներ է տալիս իր գործընկերներին. մի քանի օր առաջ Սամվել Բալասանյանին քաղաքապետ «ձեռնադրելիս» տեսնելով քաղաքապետարանի շենքի դիմաց հավաքված շիրակցի լրագրողներին` մարզպետը կանգնեց ու խորհուրդ տվեց . «Զգո՛ն պահեք իշխանություններին, դրանից կշահեն միայն իշխանավորները»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ